• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դաստիարակվածության մասին

Մարդը լավ դաստիարակություն կարող է ստանալ ոչ միայն ընտանիքից  կամ դպրոցից, այլ նաև... հենց ինքն իրենից:

Միայն պետք է իմանալ, թե որն է լավ դաստիարակությունը:

Չեմ պատրաստվում դաստիարակվածության պատրաստի «դեղատոմսեր» առաջարկել, քանի որ ինքս ինձ օրինակելի դաստիարակված չեմ համարում: Բայց որոշ մտքեր կցանկանայի հաղորդել ընթերցողին:

Հավատացած եմ, օրինակ, որ իսկական դաստիարակվածությունը նախ և առաջ սեփական տանը, սեփական ընտանիքում, հարազատների հետ հարաբերությունների մեջ է դրսևորվում: 

Եթե տղամարդը փողոցում (նույնիսկ ավտոբոսում) անծանոթ կնոջը զիջում է ճանապարհը և նրա առջև դուռ է բացում, իսկ տանը հոգնած կնոջը չի օգնում ափսեները լվանալիս, ապա նա չդաստիարակված մարդ է:

Եթե ծանոթների նկատմամբ բարեհամբույր է, իսկ տնեցիների հետ բորբոքվում է ամեն մանրուքից, ապա չդաստիարակված մարդ է:

Եթե մարդ իր մտերիմների բնավորությունը, հոգեբանությունը, սովորույթները և ցանկությունները հաշվի չի առնում, ապա չդաստիարակված է: Եթե արդեն հասուն տարիքում մարդն ընդունում է ծնողների օգնությունը և չի նկատում, որ նրանք իրենք օգնության կարիք ունեն, չդաստիարակված է: 

Եթե մարդը ռադիոյի կամ հեռուստացույցի ձայնը բարձրացնում կամ բարձրաձայն խոսում է, երբ տանեցիներից մեկը (եթե նույնիսկ տան փոքրիկներից է) դաս է սովորում կամ կարդում է, ապա նա չդաստիարակված է:

Եթե մարդը սիրում է ծաղրել (ձեռք առնել) կնոջը կամ երեխաներին՝ չխնայելով նրանց ինքնասիրությունը, հատկապես ուրիշների ներկայությամբ, ապա նա (ներողություն եմ խնդրում) ուղղակի հիմար է:

Դաստիարակված մարդը նա է, ով ցանկանում և կարողանում է հաշվի առնել մյուսներին, նա է, ում համար իր քաղաքավարի լինելը  ոչ միայն սովորական ու հեշտ է, այլ նաև` հաճելի: Նա է, ով հավասարապես քաղաքավարի է և մեծերի, և´ փոքրերի հետ (տարիքով և դիրքով):

Դաստիարակված մարդը «բարձրաձայն» չի դրսևորվում, խնայում է ուրիշի ժամանակը (ասացվածքն ասում է. «Ճշգրտությունը թագավորների քաղաքավարությունն է»), հստակորեն կատարում է ուրիշներին տված խոստումները, իրեն չի կարևորում, «քիթը չի տնկում» և միշտ նույնն է` տանը, դպրոցում, ինստիտուտում, աշխատանքի վայրում, խանութում, ավտոբուսում:

Հավանաբար ընթերցողը նկատեց, որ հիմնականում դիմում եմ տղամարդկանց` ընտանիքի ղեկավարներին: Դա այն պատճառով, որ կնոջը ընդհանրապես պետք է զիջել ճանապարհը... և  ոչ միայն մտնելիս:

Սակայն խելացի կինն արագ կհասկանա, թե հատկապես ինչ պետք է անի, որ միշտ և երախտագիտությամբ տղամարդուց ընդունելով բնությունից իրեն տրված իրավունքը՝ ինչքան հնարավոր է քիչ ստիպի տղամարդուն, որ  ճանապարհը զիջի: Իսկ դա շատ ավելի դժվար է: Այդ պատճառով էլ բնությունը հոգ է տարել, որ կանայք հիմնականում (չհաշված որոշ բացառություններ) օժտված լինեն տակտի ավելի մեծ զգացումով և բնատուր քաղաքավարությամբ, քան տղամարդիկ: 

Շատ գրքեր կան «լավ վարք ու բարքի» մասին: Այդ գրքերը բացատրում են, թե մարդ իրեն ինչպես դրսևորի հասարակության մեջ, հյուր  գնալիս և տանը, թատրոնում, աշխատավայրում, մեծերի ու փոքրերի հետ, ինչպես խոսի՝ առանց ուրիշի լսողությունը վիրավորելու, ինչպես հագնվի՝ առանց վիրավորելու ուրիշի տեսողությունը: 

Բայց, ցավոք, մարդիկ շատ քիչ օգուտ են ստանում այդ գրքերից: Իմ կարծիքով, այդպես է լինում, քանի որ այդ գրքերում հազվադեպ է բացատրվում, թե ինչի համար է լավ վարվեցողությունը: Թվում է, թե լավ վարվելաձև ունենալը կեղծ է, ձանձրալի, ոչ պետքական: Լավ վարվելաձևով մարդն իրականում իր վատ արարքները կարող է թաքցնել: 

Այո, լավ վարվելաձևը կարող է միայն արտաքին լինել, բայց ընդհանուր առմամբ լավ վարվելաձևը շատ սերունդների փորձով է ստեղծվել և մարդկանց՝ ավելի լավը լինելու, ավելի հարմար ու գեղեցիկ ապրելու բազմադարյան փորձն իմաստավորում է:

Ո՞րն է խնդիրը: Ի՞նչն է ընկած լավ վարվելաձև սովորեցնող ուղեցույցի հիմքում: Արդյո՞ք դա վարքի դժվար հիշվող կանոնների, «դեղատոմսերի», հանձնարարությունների հասարակ ժողովածու է։ Լավ վարվելաձևի հիմքում հոգատարությունն է՝ հոգատարություն, որ  մարդ ուրիշին չխանգարի, որ բոլորը միասին իրենց լավ զգան: Պետք է մեկ մեկու չխանգարել կարողանանք: Այդ պատճառով չի կարելի աղմկել: Աղմուկից պաշտպանվելու համար ականջներդ չես փակի, և դժվար թե դա միշտ հնարավոր լինի: Օրինակ՝ սեղանի մոտ՝ ճաշի ժամանակ: Այդ պատճառով պետք չէ ճպճպացնել, պատառաքաղն աղմուկով դնել ափսեի մեջ, ֆռթացնել արգանակը, բարձրաձայն խոսել ճաշի ժամանակ կամ լիքը բերանով խոսել, որպեսզի հարևաններին չանհանգստացնես: Արմունկերը սեղանին պետք չէ դնել նորից ուրիշներին չխանգարելու համար: Խնամքով հագնվելը պետք է, քանի որ դրանով հարգանք եք արտահայտում ուրիշների նկատմամբ` հյուրերի, տանտերերի կամ ուղղակի անցորդների. ձեզ նայելը պետք է զզվանք չառաջացնի: Հարևաններին անընդհատ կատակներով, սրամտություններով ու անեկդոտներով պետք չէ հոգնեցնել, հատկապես եթե մասնակիցներից մեկն արդեն դրանք պատմել է: Դրանով ունկնդիրներին անհարմար վիճակի մեջ եք դնում: Ջանացեք, որ ոչ միայն զբաղեցնեք ուրիշներին, այլ նաև նրանց խոսելու հնարավորություն տաք: Մարդու շարժուձևը, հագուստը, քայլվածքը, ամբողջ պահվածքը պետք է զուսպ լինի և… գեղեցիկ: Քանի որ  գեղեցկությունը երբեք չի հոգնեցնում:  Գեղեցկությունը «հասարակական» է: Եվ այսպես կոչված լավ վարքագծում միշտ խորը իմաստ կա: 

Մի կարծեք, որ լավ վարվելաձևը միայն վարվելաձև է, այսինքն՝ մակերեսային մի բան: Ձեր վարքով բացահայտում եք ձեր բնույթը: Մարդը ոչ այնքան իր վարվելաձևը պետք է մշակի, որքան այն, ինչն արտահատվում է վարվելաձևով՝ խնայող վերաբերմունք աշխարհի նկատմամբ՝ հասարակության, կենդանիների ու թռչունների, բուսականության, շրջապատի գեղեցկության, այն տեղի անցյալի, որտեղ ապրում է, և այլն: Պետք է ոչ թե հարյուրավոր կանոններ հիշել, այլ միայն մեկը՝ ուրիշի նկատմամբ հարգալից վերաբերմունքի անհրաժեշտությունը: Եթե դա լինի և մի քիչ էլ հնարամտություն, ապա վարվելաձևն ինքն իրեն կհայտնվի, ավելի ճիշտ՝ կհիշեք լավ վարվելաձևի կանոնները և դրանք կիրառելու ցանկություն ու կարողություն կունենաք:

Դպիր 11

Դ. Լիխաչովի հոդվածներց ներկայացրել էի «Մեծը փոքրի մեջ», «Երիտասարդությունն ամբողջ կյանքնէ», «Ամենամեծը», «Ամենամեծ արժեքը կյանքն է», «Որն է կյանքի իմաստը», «Նպատակ և ինքնանպատակ»,  «Ի՞նչն է մարդկանց միավորում», «Ուրախ լինել, բայց ոչ ծիծաղելի», «Ե՞րբ կարելի է վիրավորվել» հոդվածները: