• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուրախ լինել, բայց ոչ ծիծաղելի

Ասում են, որ բովանդակությունն է որոշում ձևը: Սա ճիշտ է, բայց ճիշտ է նաև հակառակը, որ բովանդակությունը ձևից է կախված: Այս դարասկզբի [1] ամերիկացի հայտնի հոգեբան Դ. Ջեյմսը գրել է. «Այն պատճառով ենք լաց լինում, որ տխուր ենք, բայց և տխուր ենք այն պատճառով, որ լաց ենք լինում»։ Ուստի խոսենք մեր վարքի դրսևորման մասին, այն մասին, թե ինչը պետք է մեր սովորությունների մեջ մտնի, և ինչը մեր ներքին բովանդակությունը դառնա:



Մի ժամանակ անպարկեշտություն էր համարվում ամբողջ տեսքով բոլորին ցուցադրելը, որ ձեզ դժբախտություն է պատահել, որ վիշտ ունեք: Մարդն իր ճնշված վիճակը մյուսներին չպետք է պարտադրեր: Վշտի մեջ էլ արժանապատվությունը պետք էր պահպանել, բոլորին հավասար լինել, չամփոփվել  և հնարավորին չափ սիրալիր և նույնիսկ ուրախ մնալ: Արժանապատվությունը պահպանելու, սեփական դառնություններն ուրիշների վզին չփաթաթելու, ուրիշների տրամադրությունը չփչացնելու, մարդկանց հետ միշտ հավասար լինելու, միշտ սիրալիր և ուրախ լինելու կարողությունը մեծ և իսկական արվեստ է, որը հասարակության մեջ և հենց հասարակությանն օգնում է ապրելուն: 



Բայց ինչպե՞ս պետք է ուրախ լինել: Աղմկոտ և կպչուն ուրախությունը մարդկանց համար հոգնեցուցիչ է: Անընդհատ սրամտություն «հեղող» երիտասարդը արժանապատիվ վարքով համարվելուց դադարում է: Նա ծաղրածուի է վերածվում: Սա ամենավատ բանն է, որ հասարակության մեջ մարդուն կարող է պատահել. սա վերջին հաշվով հումորի կորուստ է նշանակում:



Ծիծաղելի մի՛ լինեք:

Ծիծաղելի չլինելը ոչ միայն ինքնադրսևորման կարողություն է նշանակում, այլ նաև խելքի նշան է:

Ամեն ինչ կարող է ծիծաղելի լինել, նույնիսկ հագնվելու ձևը: Եթե տղամարդը բծախնդրորեն վերնաշապիկին հարմար փողկապ, կոստյումին հարմար վերնաշապիկ է ընտրում, նա ծիծաղելի է: Իր արտաքինի նկատմամբ չափազանց հոգածությունը միանգամից աչքի է զարնում: Պետք է ջանք թափենլ, որ պատշաճ հագնվենք, բայց տղամարդու այդ ջանքը հայտնի սահմանները պետք է չանցնի:  Իր արտաքինի մասին չափից ավելի հոգ տանող մարդը համակրելի չէ: Կինը` ուրիշ: Տղամարդու հագուստի մեջ նորաձևության մասին միայն ակնարկ պիտի լինի։ Բացարձակ մաքուր վերնաշապիկը, մաքուր կոշիկները և նոր, բայց ոչ վառ գույնի փողկապը լրիվ բավարար են: Կոստյումը կարող է և հին լինել, բայց պետք է փնթի չլինի:



Խոսակցության ընթացքում լսե՛լ կարողացեք, լռե՛լ կարողացեք, կարողացե՛ք կատակել, բայց հազվադեպ և տեղին: Ձեզանով հնարավորին չափ քի՛չ տեղ զբաղեցրեք: Այդ պատճառով էլ ճաշի ժամանակ արմունկները սեղանին մի՛ դրեք՝ նեղելով հարևանին, նաև մի՛ ջանացեք «շրջապատի հոգին» լինել: Ամեն ինչի չափը պահպանե՛ք, նույնիսկ ձեր ընկերական զգացումները դրսևորելիս կպչուն մի՛ լինեք:



Մի՛ նեղվեք ձեր թերությունների պատճառով, եթե թերություն ունեք: Եթե կակազում եք, մի՛ մտածեք, որ դա արդեն շատ վատ է: Կակազները, յուրաքանչյուր բառը կշռելով, շատ լավ հռետոր են լինում: Իր պերճախոս պրոֆեսորներով հայտնի Մոսկվայի համալսարանի լավագույն դասախոսը` Վ. Յու. Կլյուչևսկին կակազում էր: Թեթև շլությունը դեմքին կարող է կարևորություն հաղորդել, կաղալը` քայլվածքին: Իսկ եթե ամաչկոտ եք, դրանից էլ մի՛ վախեցեք: Մի՛ ամաչեք ձեր ամաչկոտությունից. ամաչկոտությունը շատ դուրեկան է և ամենևին ծիծաղելի չէ: Դա ծիծաղելի է դառնում, երբ շատ եք ձգտում հաղթահարել և ամաչում եք դրանից: Հասարակ եղե՛ք և ձեր թերությունների նկատմամբ ներողամիտ: Դրանց պատճառով մի՛ տառապեք: Ավելի վատ բան չկա, քան որ մարդու մեջ «թերարժեքության բարդույթ» է զարգանում, և դրա հետ միասին՝ չարացածություն, ուրիշների նկատմամբ անբարյացակամություն, նախանձ: Մարդն իր մեջ եղած ամենալավ բանը` բարությունն է կորցնում:



Ավելի լավ երաժշտություն չկա, քան լռությունը, լռությունը լեռներում, լռությունը անտառում:  «Մարդու մեջ ավելի լավ երաժշտություն» չկա, քան համեստությունն ու լռելու կարողությունը, առաջինը լինելուն չձգտելը:  Մարդու կերպարի և պահվածքի մեջ ավելի տհաճ ու հիմար բան չկա, քան իրեն կարևորելը և աղմկելը, տղամարդու մեջ ավելի ծիծաղելի բան չկա, քան չափից ավելի հոգալը իր կոստյումի և սանրվածքի մասին, շարժումների կանխամտածվածությունը և անեկտոդների ու սրամտությունների «շատրվանը», հատկապես, եթե դրանք կրկնվում են: 



Վարքով ծիծաղելի լինելուց վախեցե՛ք և ձգտե՛ք համեստ ու խաղաղ լինել:

Երբեք չափը մի՛ անցեք, մարդկանց հետ միշտ հանդա՛րտ եղեք, հարգե՛ք ձեզ շրջապատողներին:

Ահա մի քանի խորհուրդ, թվում է՝ երկրորդական բաների՝ ձեր պահվածքի, արտաքինի մասին, բայց և ձեր ներքին աշխարհի մասին. ձեր ֆիզիկական արատներից մի՛ վախեցեք:   Դրանց արժանապատվորեն վերաբերվե՛ք և պերճաշուք կլինեք: 



Թեթևակի կուզով մի ծանոթ աղջիկ ունեմ: Ազնիվ խոսք, այն եզակի դեպքերում, երբ նրան հանդիպում եմ ցուցահանդեսներում և վերնիսաժներում (այնտեղ բոլորը հանդիպում են, այդ պատճառով էլ դրանք մշակույթի տոներ են), նրա նրբագեղությամբ հիանալուց չեմ դադարում:  



Էլի մի բան, և գուցե ամենակարևորը, ճշմարտախո՛ս եղեք: Ուրիշներին խաբելուն ձգտողը նախ և առաջ իրեն է խաբում: Նա միամտորեն կարծում է, թե իրեն հավատացել են, իսկ շրջապատողներն իրականում քաղաքավարի են եղել: Բայց սուտը միշտ իրեն մատնում է, սուտը միշտ «զգացվում է», և դուք ոչ միայն տհաճ, այլև ծիծաղելի եք դառնում:



Ծիծաղելի մի՛ լինեք: Իսկ ճշմարտախոսությունը գեղեցիկ է, նույնիսկ եթե խոստովանում եք, որ դրանից առաջ ինչ-որ առիթով խաբել եք և բացատրում եք, թե ինչու եք այդպես վարվել: Դրանով իրավիճակը շտկում եք: Ձեզ կհարգեն, և ձեր խելքը ցույց կտաք:



Մարդու պարզությունն ու «խաղաղությունը», ճշմարտախոսությունը, հագուստի և պահվածքի նկատմամբ հավակնոտության բացակայությունը. ահա մարդու ամենագրավիչ «ձևը», որը և դառնում է նրա ամենապերճաշուք «բովանդակությունը»: 

[1] Խոսքը քսաներորդ դարի մասին է:

Դպիր 8

Դ. Լիխաչովի հոդվածներց ներկայացրել էի «Մեծը փոքրի մեջ», «Երիտասարդությունն ամբողջ կյանքնէ», «Ամենամեծը», «Ամենամեծ արժեքը կյանքն է», «Որն է կյանքի իմաստը», «Նպատակ և ինքնանպատակ» և «Ի՞նչն է մարդկանց միավորում» հոդվածները: