• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամենամեծը

 

Իսկ ո՞րն է կյանքի ամենամեծ նպատակը: Կարծում եմ՝ մեր շրջապատում բարին ավելացնելը: Իսկ բարիքը նախ և առաջ բոլոր մարդկանց երջանկությունն է: Այն շատ բաղադրիչներից է կազմվում, և ամեն անգամ կյանքը մարդու առաջ խնդիր է դնում, որը պետք է կարողանա լուծել: Ե՛վ փոքր հարցում կարելի է  մարդուն լավություն անել, և՛ մեծի մասին կարելի է մտածել, բայց մեծն ու փոքրը հակադրել չի կարելի: Ինչպես արդեն ասել եմ, շատ բաներ մանրուքներից են սկսվում, փոքր հասակում և մոտ մարդկանց նկատմամբ են ծնվում:

Երեխան սիրում է իր մորը, հորը, եղբայրներին ու քույրերին, իր ընտանիքը, իր տունը: Աստիճանաբար ընդարձակվելով՝ նրա կապվածությունը տարածվում է դպրոցի, գյուղի, քաղաքի, ամբողջ երկրի նկատմամբ: Իսկ սա արդեն շատ խորը և մեծ զգացում է, չնայած այստեղ էլ պետք չէ կանգ առնել, և պետք է մարդու մեջ մարդուն սիրել:

Պետք է հայրենասեր լինել, բայց ոչ ազգայնամոլ: Այն պատճառով, որ քոնն ես սիրում, յուրաքանչյուր ուրիշ ընտանիք ատելու կարիք չկա: Կարիք չկա ատելու մյուս ազգերին այն պատճառով, որ հայրենասեր ես: Հայրենասիրության ու ազգայնամոլության մեջ մեծ տարբերություն կա: Առաջինը սեփական երկրի նկատմամբ սերն է, երկրորդում ատելություն կա բոլոր մյուսների նկատմամբ:

Բարության մեծ նպատակը փոքրից է սկսվում` մերձավորներին բարիք կամենալուց, բայց ընդարձակվելով հարցերի ավելի լայն շրջանակ է ընդգրկում:

Դա ջրի մակերևույթի շրջաններին է նման: Սակայն ջրի վրայի շրջանները մեծանալով թուլանում են: Իսկ սերն ու ընկերությունը, աճելով և շատերի վրա տարածվելով, նոր ուժ են ձեռք բերում, ավելի են վեհանում, մարդն էլ` դրանց կենտրոնը, ավելի իմաստնանում է:

Սերը պետք է անպատասխանատու չլինի, այլ խելացի պիտի լինի: Դա նշանակում է, որ նա պետք է միահյուսվի ինչպես սիրած մարդու, այնպես էլ շրջապատողների թերությունները նկատելու, դրանց դեմ պայքարելու կարողության հետ:  Նա պետք է միավորվի խելքի հետ, անհրաժեշտը սին ու կեղծից տարբերելու կարողության հետ: Նա պետք է կույր չլինի: Կույր հիացումը (դա նույնիսկ սեր չես համարի) սարսափելի հետևանքների կարող է հանգեցնել: Իր երեխայի ամեն ինչով հիացող և ամեն ինչ խրախուսող մայրը կարող է բարոյապես խեղված մարդ դաստիարակել: Գերմանիայի նկատմամբ կույր հիացումը («Գերմանիան ամեն ինչից բարձր է».- ասվում էր գերմանական ազգայնամոլական երգում) հասցրեց նացիզմի, Իտալիայի նկատմամբ կույր հիացումը`ֆաշիզմի:
Բարության հետ միավորած խելքն է իմաստնությունը: Առանց բարության խելքը խորամանկությունն է: Իսկ խորամանկությունն աստիճանաբար հյուծում է և վաղ թե ուշ խորամանկի դեմ շրջվում: Այդ պատճառով էլ խորամանկությունն ստիպված է քողարկվել:  Իսկ իմաստնությունը բաց է և վստահելի:  Նա չի խաբում ուրիշներին և ամենից առաջ՝ հենց իմաստուն մարդուն: Իմաստնությունը իմաստունին բարի համբավ և հաստատուն երջանկություն է բերում, երկարամյա  և հուսալի երջանկություն և ապահովում է խղճի հանգստություն, որը ծերության տարիներին ամենագնահատելին է:

Ինչպե՞ս արտահայտեմ այն ընդհանուրը, որ կա իմ երեք պնդումներ մեջ՝ «Մեծը փոքրի մեջ», «Երիտասարդությունը` հավերժ» և «Ամենամեծը»: Այն կարելի է արտահայտել մի բառով, որը կարող է նշանաբան դառնալ` «Հավատարմություն»: Հավատարմություն այն բարձր սկզբունքներին, որոնցով պետք է մարդն ուղղորդվի մեծ և փոքր հարցերում, հավատարմություն իր անբասիր երիտասարդության, իր հայրենիքի (այդ հասկացության լայն և նեղ իմաստներով), հավատարմություն ընտանիքի, ընկերների, քաղաքի, երկրի, ժողովրդի նկատմամբ: Վերջին հաշվով հավատարմությունը հավատարմություն է ճշմարիտի նկատմամբ` ճշմարիտ-իսկության, ճշմարիտ-արդարության:

Դպիր 6

Դ. Լիխաչովի հոդվածներց ներկայացրել էի «Մեծը փոքրի մեջ» և «Երիտասարդությունն ամբողջ կյանքն է» հոդվածները: