• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գրաբարի օլիմպիադա

Հարգելի մասնակից, առաջադրանքների պատասխանը խնդրում ենք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև մարտի 9-ը: 

Մարտի 18-ին, ժամը 15.15, մասնակիցներին հրավիրում ենք արդյունքների ամփոփմանը:

I. Կարդա Հիսուսի երեք առակները, ընտրիր դրանցից մեկը և կատարիր առաջադրանքները:

  1. Այր մի էր տանուտէր՝ որ տնկեաց այգի, եւ ցանգով պատեաց զնա, եւ փորեաց ի նմա հնձան, եւ շինեաց աշտարակ. եւ ետ զնա ցմշակս, եւ գնաց ի տար աշխարհ:  Իբրեւ մերձեցաւ ժամանակ պտղոյ, առաքեաց զծառայս իւր առ մշակսն՝ առնուլ զպտուղս նորա:  Եւ կալեալ մշակացն զծառայս նորա, զոմն տանջեցին, զոմն սպանին, զոմն քարկոծեցին:  Դարձեալ առաքեաց այլ ծառայս բազումս քան զառաջինսն, եւ արարին նոցա՝ նոյնպէս:  Յետոյ առաքեաց առ նոսա զորդի իւր, եւ ասէ. «Թերեւս՝ ամաչեսցեն յորդւոյ աստի իմմէ»:  Իսկ մշակքն իբրեւ տեսին զորդին, ասեն ընդ միտս. «Սա է ժառանգն, եկայք սպանցուք զսա, եւ կալցուք զժառանգութիւն սորա»:  Եւ առեալ՝ հանին զնա արտաքոյ քան զայգին, եւ սպանին:  Արդ՝ յորժամ եկեսցէ տէր այգւոյն, զի՞նչ արասցէ մշակացն այնոցիկ:  Ասեն ցնա` զչարսն չարաւ կորուսցէ. եւ զայգին տացէ այլոց մշակաց, որք տայցեն նմա զպտուղս ի ժամու իւրեանց:
     
  2. Յայնժամ նմանեսցի արքայութիւն երկնից տասն կուսանաց, որոց առեալ զլապտերս իւրեանց՝ ելին ընդ առաջ փեսայի եւ հարսին:  Հինգն ի նոցանէ յիմարք էին՝ եւ հինգն իմաստունք:  Յիմարքն առին զլապտերսն, եւ ձէթ ընդ իւրեանս ոչ բարձին:  Իսկ իմաստունքն առին եւ ձէթ ամանաւք ընդ լապտերս իւրեանց:  Եւ ի յամել փեսային, նիրհեցին ամենեքեան եւ ի քուն մտին:  Եւ ի մէջ գիշերի եղեւ բարբառ. «Ահա փեսայ գայ, արիք ընդ առաջ նորա»:  Յայնժամ յարեան ամենայն կուսանքն, եւ կազմեցին զլապտերս իւրեանց:  Ասեն յիմարքն ցիմաստունսն. «Տուք մեզ յիւղոյդ ձերմէ, զի ահա՝ շիջանին լապտերքս մեր»:  Պատասխանի ետուն իմաստունքն եւ ասեն. «Գուցէ ոչ իցէ մեզ եւ ձեզ բաւական, այլ երթայք ի վաճառականս՝ եւ գնեսջիք ձեզ»:  Իբրեւ նոքա գնացին գնել՝ եւ եկն փեսայն եւ պատրաստքն մտին ընդ նմա ի հարսանիսն՝ եւ փակեցաւ դուռնն:  Յետոյ՝ գան եւ այլ կուսանքն՝ եւ ասեն. «Տէ՛ր, Տէ՛ր՝ բա՛ց մեզ»:  Նա պատասխանի ետ եւ ասէ. «Ամէն ասեմ ձեզ, թէ ոչ գիտեմ զձեզ:  Արթուն կացէք՝ զի ոչ գիտէք զաւրն եւ ոչ զժամ»:
     
  3. Լսէք ահաւասիկ. ել սերմանաւղ սերմանել:  Եւ եղեւ ի սերմանելն, ոմն անկաւ առ ճանապարհաւ, եւ եկն թռչուն եւ եկեր զնա:  Եւ այլն անկաւ յապառաժի՝ ուր ոչ գոյր հող բազում. եւ վաղվաղակի բուսաւ: Քանզի ոչ գոյր հիւթ երկրին,  եւ յորժամ ծագեաց արեւ՝ ջեռաւ, եւ զի ոչ գոյին արմատք՝ ցամաքեցաւ:  Եւ այլն անկաւ ի մէջ փշոց. ելին փուշքն եւ հեղձուցին զնա, եւ պտուղ ոչ ետ:  Եւ այլն անկաւ յերկիր բարւոք. եւ ելեալ աճեցեալ տայր պտուղ, եւ բերէր ընդ միոյ՝ երեսուն, եւ ընդ միոյ՝ վաթսուն, եւ ընդ միոյ՝ հարիւր:

Առաջադրանքներ.

  • Ընտրածդ առակից դուրս գրիր բառեր, որոնք գրվում և կարդացվում են տարբեր: Այդ բառերի օգնությամբ փորձիր տալ գրաբար տեքստի ճիշտ կարդալու մի քանի սահմանում:
  • Փոխադրիր տեքստը աշխարհաբար:
  • Մեկնաբանիր ընտրածդ առակը:
  • Փորձիր գեղեցիկ և անսխալ կարդալ առակը, ձայնագրիր:

II. Տրված են աղոթքների վերնագրերը և աղոթքներ: Վերնագրերից յուրաքանչյուրը դիր համապատասխան աղոթքից առաջ: 

«Խնդրանք իմաստության», «Առավոտյան աղոթք», «Աղոթք ճաշից առաջ», «Աղոթք աշխատանքն սկսելուց առաջ»

  1. Գոհանամք զքէն, Տէր Աստուած մեր, որ զարթուցեր զմեզ ի հանգստենէ քնոյ շնորհիւ ողորմութեան քո:
  2. Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ, Տէր, եւ զգործս ձեռաց (մտաց) մերոց յաջողեա մեզ, ամէն:
  3. Իմաստութիւն Հօր, Յիսուս, տուր ինձ իմաստութիւն՝ զբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, բանից եւ ի գործոց փրկեա զիս:
  4. Ճաշակեսցուք խաղաղութեամբ զկերակուրս որ պատրաստեալ է մեզ ի Տեառնէ: Օրհնեալ է Տէր ի պարգեւս իւր: Ամէն:

III. Ընտրիր վերևի աղոթքներից մեկը և կատարիր առաջադրանքները.

  • Բացատրիր, թե ինչ նշանակություն ունի ընտրածդ աղոթքը, ինչքանով է այն կարևոր, որն է դրա անհրաժեշտությունը:
  • Հատկապես ո՞ր արտահայտությունը կառանձնացնես աղոթքից՝ որպես կարևոր խոսք. հիմնավորիր:
  • Ընթերցիր, ձայնագրիր աղոթքը:

Գրաբարի օլիմպիադա