• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սեպտեմբերի 1-ը դիմավորեցինք ՍՈՒՐԲ ՄԵԾԵՓԻ շեմին

Նկարագրություն: 
Սեպտեմբերի մեկին Գեղարվեստի ավագ դպրոցը, ինչպես խոստացել էր, հաղթահարեց Սուրբ Մեծեփի բարձունքը: Մինչ բարձրանալը սիրով իրականացրեց ,,Դասարան անիվների վրա,, նախագիծը: Նախագիծ, որը մեծ ուրախություն պատճառեց գյուղացիներին, որոնք երախտագիտության զգացումով ընդունում էին մեր հեղինակային գրքերը, որոնք թեպետ համեստ են արտաքնապես, բայց գրավիչ են դառնում անգամ մի քանի տողով իրենց մոտեցող ընթերցողի համար: Այնուհետև պատրաստվեցինք բարձրանալ սարն ի վեր՝ պայմանավորվելով այսպես. արշավախմբի առջևից գնում է Լուսինե Մանուկյանը, վերջից՝ Գայանե Առաքելյանը, իսկ մեջտեղից քայլում եմ ես: Հրաշալի ժամանակ անցկացրինք Մեծեփի բարձունքում՝ երգեցինք, ընթերցեցինք Աստվածաշնչից հատվածներ, վերևից լուսանկարեցինք լուցկու տուփերի նմանվող գյուղական տնակները, այնուհետև մեր հետաքրքրասիրությունը մեզ տարավ կից գտնվող մի շինություն, որը պարզվեց Սևանի հեռուստակայանն է: Այնտեղ մի փոքր էքսկուրսիա անցկացնելուց հետո, հրաժեշտ տվեցինք Մեծեփին ու անվնաս հաղթահարեցինք նաև վայրէջքը: Ստորոտին ընկեր Գայանեն հմտորեն կազմակերպեց էկոլոգիայի դասը՝ տարածքի մաքրությունը, որը գյուղացիների համար կրկնակի նվեր դարձավ, իսկ մեզ համար՝ թե՛ խղճի և թե՛ հոգու հանգստություն: Սևան քաղաքում շարունակեցինք շրջել փողոցներով, ներկայացնել կրթահամալիրը ու բաժանել գիրք-նվերները: Առջևում մեզ սպասում էր կապուտաչյա Սևանը: Անգամ մռայլ եղանակն իր անհյուրընկալությամբ չսպառնաց մեր արշավախմբի անդամներին, որոնք և՛ լողացին, և՛ ջրային հեծանիվ վարեցին, և՛ ավազի վրա պատկերներ ստեղծեցին, և՛խաղացին: Ակնհայտ էր 10-րդ դասարանցիների մեծ ուրախությունը, զարմանքը, ոգևորվածությունը... Դա հրաշալի առիթ էր առաջին իսկ ուսումնական օրը ստեղծել մտեմություն իրենց ավագ ընկերների հետ: Սեպտեմբերի մեկը անմոռանալի էր նաև Գեղարվեստի կրտսեր դպրոցի առաջին դասարանցի՝ Հրաչյայի համար, որը ոչ մի բանով չէր զիջում իր ավագ ընկերներին: Ափսոս, որ վերջում փոքրիկը պատահմամբ քանդեց ավազի վրա պատրաստված mskh.am-ը, որը անգամ չհասցրինք լուսանկարել: