• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Kristeligt Dagblad

Շուրջ երկու ամիս առաջ, կրթահամալիրում էր դանիական «Kristeligt Dagblad» պարբերականի լրագրող Ուլլա Պաուլսենը: Նա հոդված էր պատրաստում Հայաստանի մասին` Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ: Տիար Բլեյանը հարցազրույցի համար ինձ ներկայացրեց լրագրողին: Հարցազրույցը ընթացավ եռաչափ ձևաչափով` Ուլլա Պաուլսեն, Յուրա Գանջալյան և Վահրամ Թոքմաջյան: Ապրիլի 24-ի համարում լույս է տեսել վերը նշված հոդվածը: Ստորև ներկայացնում եմ այդ հոդվածից մի հատված:

Դանիերենից անգլերեն թարգմանությունը` Դավիդ Քինգի (Դանիայի պատմություն դասավանդողների ասոսացիայի նախագահ):

Անգլերենից հայերեն թարգմանությունը` Յուրա Գանջալյանի:

Վահրամ Թոքմաջյանը դասավանդում է պատմություն, հասարակագիտություն և փիլիսոփայություն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որը գտնվում է Երևանի ծայրամասերից մեկում: Ոչ մի շքեղ բան չկա կրթահամալիրի նախակրթարանների ու կրտսեր դպրոցների, միջին և ավագ դպրոցների պանելապատ արտաքինի մեջ: Դեռ ավելին՝ ոչ մի շքեղություն չկա նաև մոտ 30-ամյա ուսուցչի ջինսով և սվիտրով արտաքինի մեջ: Այնուամենայնիվ, նա բարձրաձայն է խոսում մի բանի մասին, ինչը շատ հայեր նախընտրում են քննարկել միայն իրենց տան խոհանոցի սեղանի շուրջ: Վահրամ Թոքմաջյանը խորին համոզում ունի, որ կառավարությունը Թուրքիայի նկատմամբ սխալ քաղաքականություն է բանեցնում: «Հարկ չկա, որ մենք Թուրքիայի հետ հարաբերությունը հիմնենք միայն ցեղասպանության ճանաչման հարցի վրա: Ներկայումս չափազանց շատ շեշտադրում է արված ցեղասպանության վրա: Հայաստանը դեռ գոյություն ունի. մեր ազգը չի վերացել: Մենք պետք է հոգ տանենք ներկայիս ողջերի և հայրենիքի  մասին: Մարդիկ, ովքեր փոփոխություն են իրականացնում, անցյալով չեն ապրում: Ի հակադրություն առաջին նախագահի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, ով չէր կարծում, որ ցեղասպանության ընդունումը պետք է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների նախապայմանը լինի, հաջորդ նախագահները և կառավարությունները ցեղասպանությունը դարձրեցին Հայաստանի արտաքին քաղաքականության անկյունաքարը: Սա բնակչության հետաքրքրությունների հետ ներդաշնակություն չի կազմում», պնդում է Վահրամ Թոքմաջյանը: Նա վկայակոչում է մի ուսումնասիրության արդյունքներ, որոնք ցույց են տալիս, որ բնակչության 75%-ը կարծում է, որ բնակչության ամենահրատապ խնդիրը աղքատությունն է:

«Հարկ չկա և Հայաստանը չի էլ կարող ստիպել այլ երկրներին ընդունել ցեղասպանությունը: Մենք չունենք այդ անելու ներուժը, և երբ մենք փորձում ենք դա անել, այն մեզ վնասում է: Թուրքիայի հետ մեր սահմանը փակ է և դա մեր առևտրի և տնտեսության համար ծանր բեռ է: Մենք խոցելի ենք, Ռուսաստանն էլ դա շահագործում է և նրանք գիտեն, որ մենք կախում ունենք իրենցից: Այդ ձևով մենք կորցնում ենք մեր գործողությունների ազատությունը»,- ասում է նա: Վահրամ Թոքմաջյանի նախնիներից ոմանք ևս  ստիպված էին թողնել իրենց ունեցվածքը և փախչել Օսմանյան կայսրությունից: Այնուամենայնիվ նա հավատում է, որ մարդը պետք է փորձի բաժանել անցյալի վիշտը այն դառնությունից, որը թունավոր է ապագայի համար: «Մենք՝ հայերս, կարիք չունենք, որ մեզ հիշեցնեն ցեղասպանության մասին»,- ասում է նա:

Ավագ դպրոցի ուսուցիչը շատ կուզենար, որ Թուրքիան ճանաչեր ցեղասպանությունը, և այն կարծիքն է արտահայտում, որ դա նաև լավ կլիներ հենց Թուրքիայի համար: Այնուամենայնիվ, դա մի բան է, որի մասին ըստ նրա տեսակետի հարկ է «խոսել», այլ ոչ թե`«պարտադրել բռնությամբ»: Ըստ Վահրամ Թոքմաջյանի՝ իրենց փախստական նախնիներից կազմավորված հայկական սփյուռքի հայերն են, որ ճանաչմանն ուղղված ուժեղ շեշտադրումների կողմնակիցներն են: Այդուհանդերձ, նա այն կարծիքին է, որ նրանք պետք է նաև ընդունեն իրենց քաղաքական գծի շռայլ էությունը: «Սփյուռքը հեշտությամբ է կարողանում ճանաչմանը առաջնայնություն տալ: Նրանք հարմարավետ կերպով ապրում են իրենց նոր հյուրընկալ երկրում: Նրանք չունեն մեր ամենօրյա հոգսերն ու խնդիրները»,- ասում է նա:          

Առավել մանրամասն այս հղումով: