• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Լրջացե՛ք մինչև վերջ...

- Պարոն Բլեյան, վերջին մի քանի շաբաթների ընթացքում պարբերաբար իրականացվող դիվերսիոն գործողությունները արդյո՞ք նախապատերազմական իրավիճակ են ստեղծում: Կա՞ դրա նախադրյալն այսօր, թե՞ ոչ:

-Մենք քսան և ավելի տարիներ՝ 94 թվականի մայիսի 12-ին հաստատված հրադադարից հետո չլուծված խնդիր, չլուծված հակամարտություն ունենք: Եվ եթե երկու կողմն էլ՝ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական շարունակ զինվում են, կատարելագործվում, ստեղծում ավելի ու ավելի լավ բանակ(ճիշտ է, մեր բանակն ամենամարտունակն է եղել և մնում), բարձրանում է զինվածության, պատրաստվածության, պրոֆեսիոնալիզմի մակարդակը, չէի ասի, որ զարմացած եմ տեղի ունեցածով, որովհետև ստատուս քվոն պետք է կողմերին ձեռք տա, կարծես թե հայկական կողմին ձեռք է տալիս: Չնայած երբ ասում են հայկական կողմ՝ ի՞նչ ի նկատի ունեն, հայ հասարակությանը ձեռք է տալի՞ս, ի՞նչ է՝ մենք գո՞հ ենք մեր կյանքից, այսինքն՝ այս քսան տարին մենք օգտագործե՞լ ենք ավելի լավ կյանք ունենալու համար, շատացե՞լ ենք, բազմացե՞լ ենք, թվով գերազանցե՞լ ենք Արցախում և Հայաստանում… այդպես չէ, նշանակում է՝ այդ ստատուս քվոն էլ մեզ պետք չէ, ադրբեջանցիներին էլ կարծես պետք չէ:

Սա դիտենք որպես ազդանշան, որ ընկերներ, հայ ժողովուրդ, մեր հարևան Ադրբեջանի հետ մեր ռազմական հակամարտությունը կարգավորված չէ, քաղաքական լուծում՝ կնշանակի բնականոն հարաբերություններ: Հարևանի հետ բնականոն հարաբերությունները բնականոն չեն, ավելին՝ ռազմական են, երբ ամբողջ կենսապահովման գիծը վերածվել է պատերազմական ճակատի, ամենամեծ սահմանն ունենք Ադրբեջանի հետ, բայց փաստորեն այդ սահմանն առևտրի համար չէ, մարդկանց շփման համար չէ, գնալ-գալու համար չէ, ինչպես եղել է գոնե 70 տարի:

Եվ այս երկշաբաթվա լարվածությունը սահմանի երկայնքով, բռնկումները, որտեղ իմ եղբայրն է մահանում, իմ աշակերտը, սա իմ ողբերգությունն է, և ես երբեք դա չեմ մխիթարում նրանով, որ հարևանն ավելի շատ զոհ տվեց, սա իմ չափման միավորը չէ, իմն ապրող մարդն է, ես շատ կուզեմ, որ հարևան ժողովուրդն էլ այդպես ընկալի, հակառակ դեպքում մենք կարգավորում չենք ունենա: Մենք պետք է իրար ցավենք, զգանք այդ առումով, այնպես որ՝ սա դիտենք որպես ահազանգ, հիշեցում, մեկնարկ քաղաքական նախաձեռնությունների համար, որովհետև եթե լուծումն ասում ենք, որ ռազմական չէ, ապա քաղաքական է, ենթադրում է, որ քաղաքական ինստիտուտներն են աշխատում, իսկ աշխատո՞ւմ են արդյոք:

-Մենք տեսնում ենք ԱԳՆ-ի լռությունը:

-Ես տեսնում եմ հասարակության լռությունը, հասարակության մեկուսացվածությունը, հասարակությունը՝ իր բոլոր ինստիտուտներով: Առաջին պլան է մղված բանակը, որը պետք եղած, հարկ եղած տեղը անհարկի քարկոծվում է, բայց խնդիրը քաղաքական կարգավորում է պահանջում, և ողջ հասարակությունն իր ներուժով պետք է աշխատի դրա համար: Մեկնարկը տրված է, պարոնա՛յք:

-Իբրև ժողովուրդներ արդյո՞ք չպետք է պատրաստվեինք խաղաղության գիտակցական մակարդակում, որ բնական հարևաններ ենք, և դա անխուսափելի է:

-Վերջերս հեռուստաալիքներից մեկով հարցնում էին՝ ինչպես կարելի է հաղթել հակառակորդին, և պատանիներից մեկը դասական պատասխան տվեց.«Ուզում ես հաղթել հակառակորդին, դարձրու նրան գործընկեր»: Պարզվում է՝ սա դասական պատասխան է, այսինքն՝ ուզո՞ւմ ենք հաղթել ադրբեջանցիներին, կուլ տալը չէ, ոչնչացնելը չէ, ուրեմն նա պետք է դառնա մեր գործընկերը, դրա համար շեշտում եմ բնականոն հարաբերությունների հաստատումը, իսկ դա շատ լուրջ աշխատանք է, այդտեղ է երևում ինքնիշխանություն ունե՞նք, թե՞ ոչ, քաղաքակի՞րթ ենք, թե՞ ոչ, պետությունը իր գործիքներով ծառայո՞ւմ է դրան, թե՞ ոչ, ընդհանրապես կյա՞նքն է մեր գլխավոր նպատակը, թե՞ ոչ: Իսկ հերոսական զենքով առաջին պլան են մղվել, սա վտանգավոր բան է, որովհետև երբ 90-ականներին էին արվում հերոսական ֆիդայական դրսևորումներ, հասկանալի էր, նորաստեղծ պետություն էր, չուներ Զինված ուժեր, կառույցները չէին ձևավորվել, և դա հասկանալի էր, բայց ասում են, որ այս քսան տարում ամենակայացած ձեռքբերումը կայացած հայկական բանակն է, կա այդ ամենին տրված օրենսդրական ձևակերպում, կա պահեստազոր, եթե հայրենիքը վտանգի մեջ է, թող պետական մարմինները կանչեն, գործեն:

Տեսեք, վերջին երկու շաբաթում տասնյակ զոհ ունեցանք, վերջին քսան տարում հարյուրավոր զոհեր ունեցանք, իսկ նրանցից որևէ մեկը հայտնի մարդու երեխա՞ է, դուք լսե՞լ եք:

-Բազմիցս խոսվել է այն մասին, որ հայտնիների երեխաները խուսափում են ծառայությունից:

-Բա այդ հայտնիները ի՞նչ իրավունք ունեն ընդհանրապես խոսելու, ի՞նչ իրավունք ունեն եթերում հայտնվեն, ուրեմն նախևառաջ զինապարտության օրենքով դու քո արդարությունը հաստատի, քո երեխային, քո մերձավորին, եղբորդ, հարազատին տար ծառայության, թող ինքը բոլորին հավասար ի տես ծառայի: Եվ եթե դու դա չես անում, չքվի՛ր աչքիցս, մի երևա, քանի որ դու ինձ վիրավորում ես, այդ թվում և՝ այն մարդուն, ով ծառայում է, իր պարտքը կատարում, զոհվում է: Եկեք դնենք կենսագրությունները՝ նախարարի, փոխնախարարի, ռեկտորի, օլիգարխի, տնտեսական գործչի, հայտնի դերասանից մինչև հայտնի տենորով, տեսնենք գոնե մեկը հայտնվո՞ւմ է գոնե քրոջ տղայի մակարդակով, այսինքն՝ հենց հիմա ամենակարևոր քայլը, որ պետք է կատարեին, արդարության հաստատումն էր զինապարտության մասում, երբ պարտադիր զինծառայության պետք է գնան բոլորը՝ առանց որևէ բացառության, առանց տարկետման, առանց օրինականացված ցինիզմի…

Ավելին՝ տեսանյութում:

Աղբյուրը՝ 1in.am