Ստեղծական ու մոբիլ ուսումնական աշխատանքով սովորողի և ուսուցչի անհատականության դրսևորում բաց միջավայրում. օժտվածության զարգացման կրթական ծրագիր՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, անհատական թվային միջոցներով
ՀՀ ԿԳՄՍՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հիմնադրվել է 1989թ. ՀՀ կառավարության որոշումով, Աշոտ Բլեյանի հեղինակային մանկավարժական նախագծով։ Կրթահամալիրը մանկավարժական համակազմի կողմից ստեղծված, մշակված և ներդրված հեղինակային (պետական այլընտրանքային) նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ կրթական ծրագրեր, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական փորձարարական, լրացուցիչ հեղինակային կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միավորում է՝ հեղինակային կրթական ծրագրերի մշակման, իրականացման, տարածման բաց համակարգ՝ մեդիայում և ֆիզիկական միջավայրում։
Կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերը մշակվում, կազմակերպվում, տարածվում են կրթահամալիրի զարգացման ծրագրերով, որոնք սահմանված կարգով ընդունվում և ընդգրկվում են ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի ՀՀ ԿԳՆ հայտում. տարվա աշխատանքների բովանդակությունը որոշվում է ԿԳՆ պետական աջակցության պայմանագրով։ Կրթական ծրագրերի սովորողների ուսումնառության պայմանագրով որոշված ուսումնական վճարներով ծնողները դառնում են և´ հեղինակային կրթական ծրագրի, և´ նոր նյութական միջավայրի պատվիրատու: Ուսումնական հաստատության բազային (սովորողների թվով) ֆինանսավորման պայմաններում նման կազմակերպումը մատչելի է դարձնում հեղինակային կրթական ծրագիրը։ Նյութական միջավայրը դառնում է ուսուցանող։ Կրթական ծրագրերի սովորողներն ընդունվում են սովորողի, ծնողի (օրինական ներկայացուցչի) ազատ ընտրությամբ՝ առանց ստուգում-քննությունների։
Կրթական ծրագրի հեղինակ ուսուցչի մասնագիտական զարգացման բաց համակարգ։ Մանկավարժական աշխատողների (դաստիարակ դաստիարակի օգնական, դասվար, ուսուցիչ-կազմակերպիչ, երեխայի զարգացման մասնագետ) անընդհատ զարգացման, մեդիա-տեխնոլոգիական հմտությունների յուրացման ամենշաբաթյա սեմինարներ, աշնանային, ձմեռային, գարնանային, հունիսյան, օգոստոսյան բաց դպրոցներ։ Անընդհատ սովորող ուսուցչի հետազոտական-ստեղծագործական-մեթոդական աշխատանքի արդյունքներով՝ «Դպիր» մանկավարժական քառալեզու ամսագիր` հայերեն, անգլերեն, ռուսերեն, վրացերեն։
Ուսումնական նյութական և մեդիամիջավայրը սովորողի-ուսուցչի տեխնոլոգիական գործունեության համար լաբորատորիա են. ստեղծվում և սպասարկվում են սովորողների և ուսուցիչների ուսումնական նախագծերով` որպես ուսումնական գործունեության արդյունք, ծնողների համատեղ ներդրումային ծրագիր:
Ուսուցման նյութական միջավայրը՝ թափանցիկ, անվտանգ, հիգիենիկ, հետաքրքիր, ներառող, շարունակ փոփոխվող ու զարգացող. չկան ֆիզիկական անջրպետներ կրթահամալիրի ուսումնական հաստատություննների և բնակավայրի միջև։ Սովորողները, սկսած 1-ին դասարանից, ուսուցիչները հաճախում են պլանշետ-նոթբուք-նեթբուքով։ Ուսուցում WiFi ծածկույթով, էլեկտրոնային գրատախտակ-պրոյեկտորով կաբինետում, ընթերցարանում, լաբորատորիայում, արհեստանոց-արվեստանոցում, աստղացուցարանում, փորձարարական հողամասում, բակում, դաշտային-արշավային պայմաններում, բնության և պատմության, մշակույթի հուշարձանի տարածքում, արգելոցում, թանգարանում, համերգասրահում, ցուցահանդեսում, ուսումնական ճամբարում, ստեղծագործական հավաքում։
Ուսուցման մեդիամիջավայրը՝ սովորողի և ուսուցչի ուսումնական աշխատանքով ստեղծվող և սպասարկվող բազմալեզու mskh.am կայք, մեդիագրադարան, TV և ռադիո, հիմնադիր տնօրենի մանկավարժական բլոգ, մասնագիտական խմբերի, ուսումնական կենտրոնների, մանկավարժական քառալեզու, պատանեկան, մանկական պարբերականներ, ուսուցիչների և սովորողների ուսումնական բլոգներ։ Ուսումնական մեդիահմտությունների փոխանցում մանկավարժական յուրաքանչյուր աշխատողի կողմից՝ ուսումնական գործունեության մեջ, սկսած 2 տարեկանից, համակարգչային ծրագրերի, ֆոտո-տեսախցիկի, ձայնագրիչի, էլեկտրոնային գրատախտակի-պրոյեոտորի, էլեկտրոնային գրիչների, փաստ-խցիկի անընդհատ կիրառման միջոցով։
Կրթական ծրագիրը ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով։ Ուսումնական պլանների անհատականացում՝ 1-ին դասարանից սովորողի ընտրությամբ գործունեության և դասընթացների, լրացուցիչ կրթության, պատանեկան ակումբների միջոցով. ուսուցման կազմակերպման համապատասխանեցում անհատի առանձնահատկություններին։ Ինքնուրույնության, ինքնավարության, ինքնավստահության, նախաձեռնողականության, ստեղծականության հետևողական զարգացում, փոխօգնության, անմիջականության խրախուսում՝ սկսած նախակրթարանից։ Սովորողների նախասիրությունների զարգացման բաց ակումբներ։ Ուսումնական օրացույցով որոշված բաց, ամենամսյա ֆլեշմոբներ, ամենամյա ստեղծագործական հավաքներ, ստուգատեսներ, տոներ, ցուցահանդեսներ, համերգներ, ճամբարներ. ուսումնական արձակուրդներ՝ սովորողների, դասավանդողների արձակուրդային ուսումնական նախագծեր: Հանդիսատես, ունկնդիր, ընթերցող մարդու կրթում` մշակութային պահանջմունքով, մշակութային իրադարձություններին հետևելու սովորույթով, Ճաշակով: Սովորողի տնային աշխատանքը՝ լրացուցիչ կրթություն. երկարացված օրվա կազմակերպում. անընդհատ ուսուցում. սովորողների ապահով տեղափոխում։
Անգլերենը, ռուսերենը անընդհատ ուսուցվում և կիրառվում են 1-ին դասարանից, համակարգչային ծրագրերի օգտագործմամբ: Ֆրանսերենը, իսպաներենը, գերմաներենը, վրացերենը սովորողի ընտրությամբ դասընթացներ են 5-րդ դասարանից։
Կրթական փոխանակումներ Հայաստանում և Հայաստանից դուրս. հանրակրթական կամուրջներ։ Դպրոցների, դասարանների, խմբերի, անհատների մասնակցություն միջազգային ամենամյա ծրագրերին՝ որպես ուսումնական նախագծեր։ Կրթական փոխանակումների հարմար կացարաններ։
Նոր տեսակի ուսումնական հաստատությունների գործունեություն։ Նախադպրոցական և տարրական կրթության շարունակականությունը, պարտեզից դպրոց սահուն անցումն ապահովող, դպրոց-պարտեզ՝ իր դասվար-դաստիարակով. տեխնոլոգիական կրթության միջին դպրոց. անհատի ազատ ընտրությամբ մասնագիտական կողմնորոշման-մասնագիտացված ուսուցման ավագ դպրոց. նախնական և միջին մասնագիտական ուսուցում համալիր պայմաններում։ Կրթահամալիրի, ուսումնական հաստատության, դասարանի, խմբի, սովորողի, ուսուցչի գործունեության ամբողջական արտացոլման էլեկտրոնային համակարգի մշակում և գործարկում. սովորողի ծնողի տեղեկացվածության ապահովում, նրա մեդիահմտությունների զարգացում, ներգրավում ուսումնական նախագծերում որպես գործընկերոջ։ Մանկավարժական աշխատանքի հաշվառման, գնահատման, վճարման արդարացի համակարգ։
Իրականացվող կրթական ծրագրեր