Անչափ ուրախացա, երբ առավոտյան տողանի ժամանակ իմացա, որ գնալու ենք Օձուն: Վաղուց էի ուզում լինել այնտեղ: Նախապես տեղեկություններ էինք հավաքել եկեղեցու մասին, որոշ բաներ էլ իմացանք տիկին Մելքոնյանից: Եկեղեցու մոտ մեզ դիմավորեց տեր Վրթանեսը: Նա էլ հենց մեզ պատմեց եկեղեցու պատմությունը:
Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին (Խաչգոնդ եկեղեցի), Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն գյուղում է։ Ըստ ավանդության, Թովմաս առաքյալը եկեղեցում օծել է քահանաների ու եպիսկոպոսների, դրա համար էլ եկեղեցին ստացել է Օձուն անունը։ Ներկայիս եկեղեցու շենքը կառուցվել է 5-րդ դարում: Եկեղեցու ճակատին և պատուհանների շրջանակներին կան բարձրաքանդակներ։ Հատկապես հետաքրքիր է պատուհանից դեպի աջ գտնվող հրեշտակի կերպարը, որը ներկայացված է բարդ դիրքում. նա կարծես ձեռքերով հենվում է պատուհանի շրջակալին։
Օրը տպավորիչ էր ու հագեցած: Շնորհակալություն:
Էդգար Էվոյան, «Տաթևեր» ջոկատ