• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Զորաց Սուրբ Աստվածածին եկեղեցի

Նկարագրություն: 
Սեբաստացիներ երգչախումբը կոմիտասյան երգը տարածելու և հնչեցնելու առաքելությամբ օրերս եղավ Եղեգնաձորի շրջանի Եղեգիս գյուղում: Եղեգիս գյուղի արևելյան կողմում է գտնվում Զորաց եկեղեցին: Այն կառուցել է Սյունաց Տարսայիճ Օրբելյան իշխանի թոռ, Սյունյաց մետրոպոլիտ Ստեփանոս-Տարսայիճը: Արևելյան պատի հյուսիսային խորշին առ այսօր պահպանվել է 1322-ով թվագրվող հետևյալ արձանագրությունը. «Ես` տր. Ստեփանոս, որդի Ջալալին, թոռն մեծի Տարսայիճին, հիմնարկե(ա)լ շինեցի եկեղեցիս յանուն սրբոյ Աստուածածնայ…»: Նախկինում պարսպապատ եկեղեցին կառուցված է կոփածո կարմրագույն քարից` չորս բոլորակ սյունների վրա: Տանիքը երկթեք է, արևմտյան պատն ունի դռների նմանությամբ երեք կամարակապ բացվածքներ, իսկ ավագ խորանի կողքերից` մեկական ավանդատներ են: Եկեղեցու բակում կան արձանագրություններ ունեցող բազմաթիվ տապանաքարեր: Առանձնապես կարևոր են երկու քառակող կոթողների պատվանդանները, որոնք թե' ձևով, թե' արձանագրություններով Եղեգիսի ավերակների մեջ հայտնաբերված հնագույն հուշարձաններն են: Նման հուշարձաններ կանգնեցվել են Հայաստանում 5-7-րդ. դարերում: Տարածված է այն կարծիքը, թե դա զինվորական եկեղեցի է, ըստ որի գոյություն է ունեցել միայն աբսիդի մասը, իսկ հասարակությունը, այսինքն` զորքը, աղոթել է բացօթյա: Ենթադրվում է, որ եկեղեցին կառուցվել էր արշավի գնացող զորքի համար։ Կրթահամալիրի երգչախումբն էլ, ուսուցիչների ու սովորողների հետ ոգեկոչելով անցյալի ավանդույթը, որպես Հայաստան երկրի զինվորներ՝ միաձայն հնչեցրին Ե. Չարենցի Ես իմ անուշ Հայաստանին... և Կոմիտասի Հայրապետական աղոթքը: