• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բելֆա՜ստ, Բելֆա՜ստ...

Շատ սիրելի կրթահամալի՛ր, նախապես ներողություն եմ խնդրում նյութս ուշացնելու համար, քանի որ այստեղ զբաղվածությունն այնքան շատ է, որ չեմ հասցնում ճիշտ ժամանակին կիսվել իմ ձեռքբերումներով:Այս օրերին ձեռք բերած ինֆորմացիան, գիտելիքը և փորձը գտնում եմ, որ շատ կօգնեն իմ հետագա աշխատանքը կազմակերպելու գործում:

Ավարտվեց իմ` այստեղ գտնվելու երրորդ, իսկ աշխատանքային` երկրորդ օրը: Այսօրվա սեմինարը ևս բաժանված էր երկու մասի` առաջին հատվածում որոշակի ճշգրտումներ էին կատարում, թե ինչպես համագործակցությունը ավելի արդյունավետ դարձնել: Արդյունքում որոշվեց, որ վերադառնալուց հետո սովորողները պետք է ներկայացնեն իրենց, իրենց երկրի մշակույթը, որին պետք է հաջորդեն մարդու իրավունքների վերաբերյալ տարատեսակ online քննարկումները: Մեզ տվեցին համապատասխան մեթոդական նյութեր, որոնք պետք է օգնեն մեզ հետագայում:

Ես կազմակերպիչներին և մասնակիցներին առաջարկեցի նաև այցելել Հայաստան` պատմելով նրանց մեր կրթահամալիրի և մեր հյուրատան, հայերի, մեր`  մասնավորապես կրթահամալիրցիներիս հյուրասիրության մասին: Արդյունքում Իսրայելի ներկայացուցիչը ինձ արժանացրեց խմբում ամենահայրենասեր տիտղոսին, իսկ Իրաքի ներկայացուցիչը լրջորեն սկսել է մտածել այդ ուղղությամբ:

Օրվա երկրորդ մասը նվիրված էր «Քաղաքացիական ակտիվ մասնակցության վրա հիմնված մարդու իրավունքներին», որի հիմնական գաղափարն է քաղաքացիական խնդիրների վերլուծության օրինակով սովորել մարդու իրավունքներ:

Երեկոյան միայնակ գնացի զբոսանքի, որի ընթացքում միայն մտածում էի, թե որքան հետաքրիր կլիներ, եթե ես լինեի այստեղ կրթահամալիրցիներով շրջապատված, քանի որ մեզ հյուրընկալողներն իրենք չգիտեն իրենց քաղաքի պատմությունը, իսկ մյուս երկրների ներկայացուցիչները պասիվ են: Մի խոսքով` քայլեցի ուշ երեկոյան Բելֆաստով, տեսա նրանց գլխավոր տաճարներից մեկը` Սուրբ Աննայի Մայր տաճարը, ապա Գրողների հրապարակը, Բելֆաստի համալսարանը և վերադարձա հյուրանոց:

Օրս ավարտեցի բելֆաստյան ինքնուրույն բացահայտումներով և միսս Էստային հիշելով: Այժմ կասեք, թե միսս Էստան այս պատմության հետ ի՞նչ կապ ունի: Պարզապես, երբ մենք դպրոցում անգլերեն էինք սովորում և խոսելիս բառը սխալ էինք արտասանում, միսս Էստան ասում էր, որ դա անգլերեն չէ, այլ «քրդիշ» է (այսինքն` քրդերեն):  Շատ հետաքրքիր է` ի՞նչ կասեր միսս Էստան, երբ լսեր իռլանդացիների անգլերենը: