• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կկուն և թռչունները ( հեքիաթ փոքրիկների համար)

Կկուն և թռչունները ( հեքիաթ փոքրիկների համար)

Անտառի  կողքին մի գեղեցիկ լճակ կար: Հորդառատ անձրևներից այն շատ էր պղտորվել, ամենուր տիղմ էր ու տերևներ, ծառի կոտրված ճյուղեր ու կեղտ:

Հավաքվեցին թռչունները ու որոշեցին մաքրել լճակն ու նրա շրջակայքը: Եկան բոլոր թռչունները, իսկ կկուն չկար ու չկար:  Գնացին ետևից:

 -Պա′հ, ես իմ մաքուր ոտքերը ձեր կեղտոտ լճում չեմ կեղտոտի,-պատասխանեց կկուն: - Ժայռերի վրա շատ մաքուր  ջրափոսեր կան, ինձանից հեռո′ւ:

-Վարվի′ր, ինչպես կուզես: Միայն մտքովդ չանցնի մոտենալ մեր լճին,-զգուշացրին նրան:

Եվ  թռչունները մաքրեցին լիճը կեղտից, հատակը լցրին խոշոր խճաքարերով, և լիճը դարձավ  ջինջ ու մաքուր: Սկսվեցին շոգերը, ջրափոսերը ցամաքեցին, և կկվի համար սկսվեցին սև օրեր:  Մոտակայքում ջուր չկար,իսկ կկվի  ձագուկները ծարավ էին  և ջրի կարիք էին զգում: Հենց ինքը` կկուն էլ տառապում էր ծարավից: Մի գիշեր նա վերցրեց սափորը, թաքուն մոտեցավ լճին: Բայց հանկարծ հայտնվեցին թռչունները և թույլ  չտվեցին ջուր վերցնել:

-Բա′ց թողեք ինձ, բաց թողեք հանուն փոքրիկ ճուտիկներիս,-աղաչում էր կկուն:- Թող իմ ոտքերը միշտ պատված լինեն կեղտով, բայց հաջորդ անգամ ես առաջինը կգամ աշխատելու և լիճը մաքրելու:

Թռչունները խղճացին նրան: Ու այդ օրից սկսած` կկուն առաջինն է մաքրում ջրամբարներն ու լճերը:

Նիկոլյան Ռուզան, քոլեջ

Ղեկավար` Գ. Փարվանյան