• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երրորդ տարվա առաջին կիսամյակս

Օտար լեզվի և թարգմանության խորացված ուսուցմաբ դասարանի սովորող Մանե Գևորգյան

Չեմ հավատում, որ երկրորդ կիսամյակն արդեն սկսվել է: Սկսում եմ համոզվել, որ լավ է, որ դպրոցը չենք ավարտելու այս տարի. անելու շատ բան կա, բայց ժամանակը կարծես ավարտին է մոտենում:
Առաջին կիսամյակը շատ ակտիվ էր ու լի իրադարձություններով: Կփորձեմ ներկայացնել այն ամենը, ինչ արել եմ, և այն, ինչ սովորել եմ մասնագիտական առարակաների ժամանակ: Չեմ խոստանում ամեն ինչ ասել, որովհետեև շատ բաներ արդեն մոռացել եմ:
Հանրակրթական առարկաների ուսուցման մասին խոսել չեմ ցանկանում, որովհետև այդ մասին կա´մ գրել եմ հաշվետվությանս մեջ, կա´մ ուղղակի բարձրաձայնել եմ: Հիմա կցանկանայի անդրադառնալ մասնագիտական առարկաներին:
Շատ գոհ եմ իմ ամենակարևոր մասնագիտական առարկայի` անգլերենի ուսուցումից: Երեք տարի առաջ այս կրթահամալիր եկել եմ` իմանալով շատ լավ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, բայց շատ վատ էի տիրապետում օտար լեզուներին. կարելի է ասել, ոչինչ չգիտեի:
Այստեղ, իմ օտար լեզուների ուսուցիչների շնորհիվ, ճակատագրական փոփոխություններ կատարեցի իմ կյանքում` ընտրեցի հումանիտար ուղղությունն ու հաջողությունների հասա:
Շաբաթական անցնում եմ 8 ժամ անգլերեն` 5 ժամ քերականություն, 2 ժամ արտասահմանյան գրականություն և 1ժամ թարգմանչական դաս:
Արտասահամանյան գրականության դասաժամերին ընթերցել ենք արտասահմանյան գրողների կենսագրությունն ու ստեղծագործությունները, կատարել թարգմանություններ: Հետաքրքիր և շատ օգտակար աշխատանք էր: Կարդում ես արտասահմանյան գրականություն, քննարկում և այդ ամենն անում ես անգլերեն. կարծում եմ` անգլերեն սովորելու կարևոր քայլերից երկուսն արդեն անում ենք այդ դասաժամերի ընթացքում:
Քերականության համար նախատեսված 5 ժամերն արդարացնում են իրենց: Ավելի խորացված ուսումնասիրում ենք քերականությունն ու գրում գրավոր աշխատանքներ:
Թարգմանչական դասի ժամանակ կատարում ենք թարգմանություններ և´ գրքերից , և´ ինտերնետային կայքերից:
Խոսքի մշակույթի դասերին քննարկել ենք տարբեր թեմաներ, գրել շարադրություններ, նյութեր, հոդվածներ: Առարկայի դասավանդողի` ընկեր Լիլիթի հետ ավելի ակտիվ աշխատում էինք դասերից դուրս` նախագծերի ժամանակ, կամ օնլայն տարբերակով:
Նույնը չեմ կարող ասել երրորդ օտար լեզվի մասին. չհասկացա` ինչո՞ւ և ինչպե՞ս:

Ակումբային տարբերակով ընտրել էի նաև թուրքերեն: Քանի որ թուրքերեն սկսեցինք սովորել կիսամայկի կեսից, շատ բան չենք հասցրել անել: Բայց մի քանի դասաժամի ընթացքում այնքան բան եմ սովորել, որ կարող էի սովորել մի քանի ամիսների ընթացքում:

Ամբողջ կիսամյակ չհաճախեցի ֆիզկուլտուրայի դասերին, բայց երբ մոտենում էր կիսամայկի ավարտը, ամեն օր սկսեցի գնալ: Այնքան հաճախ էի սկսել գնալ ու այնքան երկար մնալ, որ արդեն դժվարությամբ էի դուրս գալիս խաղասրահից: Միևնույն է, լավ բան չեմ արել. չեմ գանցել 2 ամիս, իսկ վերջին ամսում փորձել եմ ուղղել սխալս:

Ուսումնական ճամփորդությունների` և´ նպատակային, և´ ավելի նպատակային,
շատ եմ մասնակցել:
Առաջինը դեպի Արագած տիար Գևորգի հետ կատարած ճամփորդությունն էր: Ամենահետաքրքիրն ու ծիծաղաշատը:
Մասնակցել եմ Ստեփանավանում կազմակերպված 3-օրյա ճամբարին, որը ղեկավարում էին ընկեր Գրիգորն ու ընկեր Արմինեն:
Ընկեր Արտակի ղեկավարությամբ գնացել եմ Տաթև` 2-օրյա ճամփորդության: Ուսումնական ու հետաքրիքր ճամփորդություն էր: Կարևորը` արդյունքում անկրկնելի ֆիլմ ունեցանք:
Մասնակցել եմ դեպի Համզաչիման կատարած 2-օրյա ճամփորդությանը: Հիանալի օրեր էին:
Եղել եմ Կոշում` տիար Տիգրանյանի ղեկավարած ճամփորդության շրջանակում:

Կիսամյակի ընթացքում մեզ այցելեցին մեր վրացի ընկերները` այն պատանիները, որոնց հետ մի քանի օր անկացրել էինք Թբիլիսիում:
Ես հյուրընկալեցի այն աղջկան, ում տանը մնացել էի այնտեղ: Մի քանի օր անցկացրինք միասին:
Մեր վրացի ընկերներին տարանք Էջմիածին, Օշական, ինչպես նաև նրանց հետ միասին շրջեցինք քաղաքում`տեսարժան վայրերն ու քաղաքը ցույց տալու համար:

Մեկ շաբաթ շարունակ մեր դասարանը կազմակերպեց առավոտյան պարապունքը: Փորձեցինք այն դարձնել ավելի հետաքրքիր և հաճելի:

Կիսամյակի ընթացքում գրել եմ տարբեր նյութեր ու հոդվածներ, որոնք տեղադրվել են կրթահամալիրի  կայքում:

Ընկեր Վահրամի ղեկավարությամբ մասնակցել ենք Սուրբ Երրորդություն եկեղեցում կազմակերպված ինտելեկտուալ խաղին:

Ճամփորդությունների հետ զուգահեռ մասնակցել եմ մի քանի նախագծերի և մրցույթների:

Մասնակցել եմ «Expo 2010»
Մասնակցել եմ Նորարար ուսուցիչների ֆորումին
Մասնակցելեմ «Համակարգիչ ուսման ոլորտում» ծրագրին

Մասանկցել եմ Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոնի կազմակերպած       «Թղթակցում են աշակերտները» մրցույթին և զբաղեցրել 1-ին տեղը` «Լավագույն լրագրող» անվանակարգում:

2010 թ. սեպտեմբեր- հոկտեմբեր ամիսներին «Մարդկանց առևտուրը կանխելուն ուղղված դպրոցական կրթություն Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում մասնակցել եմ Գրական ակնարկների մրցույթին և արժանացել  երկրորդ մրցանակի:

 Այս կիսամյակում կատարած աշխատանքներն ինձս տիպեցին ավելի պատասխանատու ու արագաշարժ դառնալ: Ինձ զգացի ուսուցչի, պատասխանատուի դերում, իսկ դա օգնում է ավելի լավ պատկերացնել ապագա աշախատանքներն ու համակերպվել այն դժվարությունների հետ, որոնցով դեռ անցնելու ես:

Կիսամյակը լի էր հաջողություններով ու ձեռքբերումներով: Չնայած հոգնածությանը` ամեն ինչ լավանցավ:
Ամեն ինչում լինում են ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր. այնպես, ինչպես իմ առաջին կիսամյակում:
Բայց վատը հարկավոր է թողնել անցած տարում, շարունակելով նորը` նոր տրամադրությամբ ու ուժերով: Չնայած, երկրորդ կիսամյակը չսկսած, այնքան աշխատանքներ կան անելու, որ ուժերիս հարցում սկսել եմ կասկածել:
Ահա այսպիսին էր իմ երրորդ տարվա առաջին կիսամյակը: