• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեդիաօլիմպիական առաջադրանք

Ուղղում եմ 7-12-րդ դասարանի սովորողներին՝ ում կհետաքրքրի։

Առաջադրանք 1. Երբեմն աչքովդ անհեթեթ պիտակներ, գովազդային վահանակներ կամ հայտարարություն են ընկնում։ Զարմանում ես՝ ո՞ւմ է ուղղված, ինչպե՞ս պետք է դա հասկանալ…

Օրինակ՝ երթուղային տաքսու դռան վրա գրված է՝ «Իջնել կարելի է միայն կանգառում»։ Դուրս է գալիս՝ նստել կարելի է որտեղից պատահի՞։

Առաջարկում եմ գտնել անհեթեթ գրությունները, գովազդներն ու պիտակները, լուսանկարել դրանք, մեկնաբանել։

Նկարների ու ֆիլմի սցենարը պատրաստ լինելու դեպքում խոստանում եմ ձայնագրիչ տրամադրել՝ մեկնաբանությունները ձայնագրելու համար։

Առաջադրանք 2. Երևանում քիչ չեն հայտնի մարդկանց արձանները։ Դրանք կանգնած են, ինչպես, օրինակ, Միքայել Նալբանդյանինը, նստած, ինչպես Հովհ.Թումանյանինը, հենված, ինչպես Կոմիտասինը, ու ես ինչ գիտեմ՝ էլ ինչպես։

Լուսանկարեք արձանները, նրանց կեցվածքից դատելով` որոշեք, թե ինչ են մտածում։ Աշխատանքը ճիշտ կատարելու համար պիտի իմանաք, թե ո՞ւմ արձանն եք նկարել, ինչո՞վ է նա հայտնի, գոնե մի քիչ ուսումնասիրեք նրա կենսագրությունը և, եթե գրած գոնե հուշեր կամ նամակներ ունեն, փորձե՛ք դրանցից դուրս հանել նրանց բառապաշարը։ Լուսանկարների ու ձեր հորինած «մտքերի» համադրությամբ ֆիլմ ստացեք, որը եկեք վերնագրենք «Ինչ են մտածում արձանները»։
Առաջադրանքը կարելի է զարգացնել, օրինակ՝ որևէ բացականչություն կամ կոչ են անում միայն ձիավոր արձանները։ Միայն հիշեք՝ Վարդան Մամիկոնյանը գրաբար է խոսելու, Սասունցի Դավիթը՝ սասնա բարբառով։ Խոսքերը կարող եք գտնել-համադրել ձեր գրաբարի գրքերից, «Սասնա ծռեր» էպոսից։ Գայը կարող է ռուսերեն արտահայտություններ խառնել (դիմեք ծնողներին. նրանք ծանոթ կլինեն Գայի արտահայտություններին) և այլն։ Կարելի է զրույց կազմակերպել միայն Անդրանիկի արձանների մեջ։ Հնարավոր է, որ ձեր մտքով ավելի հետաքրքիր բան անցնի արձանների հետ կապված. անկասկած կարելի է։
Խոստանում եմ օգնել՝ ինչով կարող եմ։

Սիրով՝ Հասմիկ Ղազարյան