• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

Հայ առաքելական եկեղեցին Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց նշում է Սբ. Հռիփսիմյան և Սբ. Գայանյան կույսերի տոները` երկուշաբթի և երեքշաբթի օրերին:

Երկու տոներն էլ ունեն իրենց նախատոնակը, որ կատարվում են տոների նախորդ օրը` երեկոյան ժամերգությունից հետո` Սբ. կույսերին նվիրված շարականների երգեցողությամբ:

Էջմիածնի Մայր Տաճարից  հանդիսավոր թափորը Վեհափառի գլխավորությամբ առաջնորդվում է Սուրբ Հռիփսիմե վանք, որտեղ մատուցվում է Ս. պատարագ: Ս.Հռիփսիմե վանք է տարվում նաև Էջմիածնում պահվող սուրբ Հռիփսիմե կույսի Աջը: Իսկ մյուս օրը պատարագ է մատուցվում Ս.Գայանե վանքում: Պատարագից հետո Վեհափառը սուրբ Աջով օրհնում է աշխարհի չորս կողմը:

Ազնվազարմ Հռիփսիմեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, որ Գայանե մայրապետի հետ ապրել է Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305 թթ) Հռոմի լեռներում գտնվող Ս. Պողոս վանքում: Հռոմի Դիոկղետիանոս կայսրը կամենում է ամուսնանալ։ Նա նկարիչներ է ուղարկում իր տերության տարբեր կողմերը՝ նկարելու բոլոր գեղեցիկ կանանց և ներկայացնելու իրեն: Նկարիչները գալիս են Հռոմ քաղաքը և լեռներում մեկուսացած մի գաղտնի կուսանոց են գտնում, ուր ժուժկալ կյանքով ապրում ու աղոթում էր քրիստոնյա կույսերի մի բազմություն։ Կույսերի գլխավորն էր Գայանե անունով մի պարկեշտ կին, որի սաներից էր արքայական տոհմից սերող, ժամանակի նշանավոր մարդկանցից մեկի դուստր, չքնաղ գեղեցկության տեր Հռիփսիմեն։

Գրիգոր Պարթևի բանտարկության տասներեքերորդ տարում Հռոմից Հայաստան են փախչում Գայանե և Հռիփսիմե կույսերը՝ իրենց մի քանի տասնյակ ընկերուհիների հետ, որոնք հայոց թագավորություն են գալիս Հռիփսիմեի՝ Դիոկղետիանոս կայսեր հետ ամուսնանալուց խուսափելու պատճառով: Ավանդույթի համաձայն՝ տեսիլքով նրանց երևում է Սբ. Աստվածածինը և պատվիրում մեկնել Արարատյան երկիր` Հայաստան: Կույսերը գալիս են Վաղարշապատ: Ճանապարհին, Վարագա լեռան մոտով անցնելիս, Հռիփսիմեն Սբ. խաչափայտից մի մասունք, որը ժառանգաբար էր ստացել և միշտ կրում էր իր պարանոցին, ամփոփում է հայոց հողում: Այդ մասունքը հրաշքով գտնվում է 7-րդ դարում, որից հետո Հայ առաքելական եկեղեցին խաչի տոների շարքում սկսում է տոնել նաև Վարագա խաչի տոնը:

Նրանք գալիս են Այրարատ, հայոց աթոռանիստ Վաղարշապատ քաղաքը՝ հաստատվելով քաղաքի հյուսիս-արևելքում գտնվող այգեստանի հնձանահարկում և կերակրվելով իրենց ապակեգործ ընկերուհու պատրաստած ապակյա ուլունքները վաճառելով:

Իմանալով կույսերի Հայաստան փախչելու մասին՝ Դիոկղետիանոս կայսրը նամակով դիմում է հայոց թագավորին՝ խնդրելով գտնել նրանց, մահապատժի ենթարկել, իսկ Հռիփսիմեին վերադարձնել իրեն կամ էլ, եթե նա դուր գա Տրդատին, պահել իր մոտ: Ինչպես և սպասելի էր, գերված Հռիփսիմեի գեղեցկությամբ՝ թագավորը որոշում է ամուսնանալ նրա հետ: Սակայն կայսեր սերը մերժած կույսը մերժում է նաև հայոց հեթանոս թագավորի սիրո առաջարկը: Կատաղության հասած թագավորի հրամանով՝ Գրիգոր Պարթևի բանտարկության տասնհինգերորդ տարում՝ հոռի ամսի 26-ին, մահապատժի է ենթարկվում Հռիփսիմեն՝ իր երեսուներեք ընկերուհիների հետ, իսկ նույն ամսի 27-ին՝ Գայանեն՝ երկու կույսերի հետ: Նրանց ենթարկում են չարչարանքների. մարմինները կանթեղների կրակով այրում են, աչքերը հանում:

Նահատակ կույսերի նշխարներն ինն օր անց գտնում, հողին է հանձնում Սբ. Գրիգոր Լուսավորիչը, վկայարաններ կառուցում նրանց նահատակության վայրերում: Գլխատված Գայանեի մարմինը  Ս.Գրիգոր Լուսավորիչն ամփոփում է տապանի մեջ և կնքում արքունի, քահանայական-հայրապետական կնիքով: Հետագայում, հենց այդ վայրերում կառուցվում են Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե և Սբ. Շողակաթ եկեղեցիները:

Կույսերի նահատակությունը շրջադարձային նշանակություն է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ, որովհետև նաև նրանց նահատակությամբ մեր երկիրը քրիստոնեացավ: Նրանց նահատակությունից հետո, բանտարկությունից ազատ է արձակվել Սբ. Գրիգոր Լուսավորիչը, որ կոչված էր Քրիստոսի լույսը տարածելու հայոց աշխարհում:  

618 թ-ին, Հռիփսիմե վանքի օծման կապակցությամբ Կոմիտաս կաթողիկոսը գրել է «Անձինք նվիրեալք սիրոյն Քրիստոսի, երկնավոր նահատակ եւ կուսանք իմաստունք» հրաշալի շարականը, որն առ այսօր հնչում է տոնին:

Հայ ճարտարապետության գլուխգործոց Հռիփսիմե եկեղեցին աշխարհի ութերորդ հրաշալիքներ համարվող կոթողների շարքում է: 

Աղբյուրըwww.araratian–tem.am

Ագաթանգեղոս, «Հայոց պատմություն»

Սարգիս Հարությունյան, «Հայ հին վիպաշխարհը»

Նյութը պատրաստեց Նունե Մովսիսյանը