• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գրիգոր Գուրզադյան ֆենոմենը

Վերջին տարիներին ընթերցողի իմ հայացքը շարունակ բևեռված է  մեր ժամանակների մեծագույն գիտնականի, իսկական մտավորականի, հայրենասեր հայ մարդու` Գրիգոր Գուրզադյանի կերպարին: Նրա հեղինակած ‹‹Կոսմիկական կատաստրոֆա››,  ‹‹Մի կում ջուր››,   ‹‹Մի սիրո պատմություն››,  ‹‹Տիեզերքը ափի մեջ››,  ‹‹Որդիս Արարատի գագաթին››, ‹‹Կաքավաբերդի առեղծվածը››  գրքերի ընթերցումը  մի իսկական տոն, կատարյալ բերկրանք են եղել ինձ համար:  Ահա իմ ձեռքին է նրա  ‹‹Խոհեր… խոհեր…›› էսսեների ժողովածուն, որտեղ տեղ են գտել  մեծ մտածողի` գրականությանն  ու արվեստին նվիրված  ‹‹Մարիամ Ասլամազյան››, ‹‹Սարոյանի աշխարհը››,  ‹‹Այս ինչ  արիր.. Սիլվա››,  ‹‹Տիեզերական ընթացքը ճարտարապետության›› և այլ էսսեներ, ինչպես նաև գիտության մեծ նվիրյալների` Դիրակի, Բրոյլի,  Լայբնիցի  մասին պատմող  հոդվածներ:

Հրաշալի ‹‹Ինտուիցիա. ի՞նչ է դա›› էսսեում մեծ գիտնականը հաստատում է, որ դարակազմիկ բազում  հայտնագործությունների, պատմության խոշոր իրադարձությունների  հիմքում միշտ էլ գործել է մեծ անհատների ինտուիցիան: Բացառիկ ինտուիցիայով են օժտված եղել Նապոլեոնը, Մագելանը, Հաննիբալը, Մարիա Կյուրին, Նյուտոնը, Ֆերմին:  Էսսեն ընթերցվում է անհագ հետաքրքրությամբ:

Հապա ‹‹Երեք Զվարթնոց››-ը:  Որ Գրիգոր Գուրզադյանը հայ միջնադարյան ճարտարապետության մեծագույն գիտակ է, կասկածից վեր է: Նրա Խծկոնքին, Կուսանաց վանքին, Երերույքին,  Կարմրավորին ու  Պտղնիի կամարին նվիրված հադվածներն ուղղակի չքնաղ են: Ու ահա Զվարթնոցը, նրան հար և նման Գագկաշենը  Անիում, և, ո՜վ  հրաշք, երրորդը` Բանաքը,  Էրզրումի վիլայեթում` Էրզրումից  արևելք`բարձրադիր սարահարթի վրա` հավանաբար  դարձյալ կառուցված  7-րդ դարում` Զվարթնոցից առաջ:  Մի իսկական տիեզերական տեսիլք:

Սքանչելի են Վ. Սարոյանի, Մ. Ասլամազյանի. Ս.Կապուտիկյանի մասին պատմող էսսեները: Բայց ես ուզում եմ անդրադառնալ հատկապես ‹‹Աղբյուրի մոտ…Թրքուհին›› էսսեին: Ի՜նչ չքնաղ են Հայաստան աշխարհը, նրա բնությունը, բնաշխարհի պարզ ու հասարակ մարդիկ Գրիգոր Գուրզադյանի  գրչի տակ: Անկրկնելի են պարզապես:  Մի հրաշալի նովել է այս գործը, իսկական հիմն`կնոջ հավերժական գեղեցկությանն ու խորախորհուրդ էությանը նվիրված:

Ժողովածուում զետեղված են մեծ մտավորականի գեղանկարչական գործերը: Հրաշալի, բազմերանգ կտավներ: Եվ չգիտես` որ ասպարեզում է նա կատարյալ`հոգեցունց խոսքի, գեղանկարչությա՞ն, թե՞ գիտության ու փիլիսոփայության: Գրիգոր Գուրզադյան ֆենոմենը: