Նկարագրություն:
Կրթամշակութային արշավի հերթական կանգառը Ներքին Գետաշենն էր: Ինչքան էլ որ սովոր ենք ջերմ ընդունելությունների՝ տարբեր տեղերում, տարբեր ժամանակներում, դիմավորումն անսպասելի էր ՝ աղ ու հացով, մեծ ու փոքրով, երգ ու պարի խմբով, պարզ ու լի սեղանով Արդեն կարևոր էլ չէ, թե ինչ են երգում, ինչ են պարում, կարևորը էն սերն ու սիրտն էր, որ դնում էին էդ ամենի մեջ: Հայացքները տաք էին ու անմիջական: Ալաշկերտից ու Մուշից վերաբնակված ընտանիքներ են և գիտեն հյուր ընդունել: Արգիճի գետը լրացնում է գյուղի ամբողջականությունը: Գյուղն ունի մոտ 10 000 բնակիչ: Բայց գյուղացիներն ասում էին, որ այդքան բնակիչ այսօր գյուղում չի ապրում. շատերն են արտագնա աշխատանքում: Գյուղի Կաթողավանքը ճարտարապետական եզակի կառույց էր: Սազում է էդ գյուղին ու իր բնակչին:Բայց, ցավոք, խոնարհված եկեղեցի է: Տարածքն առանձնանում էր խաչքարերով: Գյուղի դիրքը բացառիկ էր: Կոթավանքի բարձունքից ափի մեջ էր ամբողջ գյուղը՝ իր Արգիճի գետով: Քար առ քար, թուփ առ թուփ սիրելու հայրենիք ունենք: Կոթավանքում հնչեցրինք մեր հոգևոր երգը: Երգեցինք հուզված և ոգևորված: Կարծում եմ՝ և եկեղեցին գոհ մնաց, և գետաշենցին: Արևոտ օր էր: