• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հանրապետության անկախության տոնը Ծաղկունքում

Մայիսի 28-ի առավոտյան   կրթահամալիրի փոքր խմբով վեր կացանք և ուղևորվեցինք դեպի Ծաղկունք: Ճանապարհին  Տիար Բլեյանը իր հետաքրքիր և զվարճալի պատմություններով ավելի բարձրացրեց մեր տրամադրությունը:  Երբ  տեսանք շատ ծաղիկներ և զգացինք, որ օդը փոխվել է, հասկացանք, որ հասել ենք Ծաղկունք:

Հասնելուն պես բարձրացանք գյուղի  նորակառույց Սուրբ Սարգիս եկեղեցի, որտեղ մատուցվեց պատարագ: Պատարագի ժամանակ Բլեյան Շուշանը  կատարեց հոգևորական երգեր, ու բոլոր ներկաներով շնորհավորեցինք  հանրապետության անկախության տոնը:

Հետո արդեն մեզ ծանոթ մարդկանց հետ ուղևորվեցինք դեպի գյուղի` 1941- 1945 թթ.  Մեծ  հայրենականում զոհված  ծաղկունքցիների հիշատակի  հուշահամալիր, որտեղ գյուղի դպրոցականները  իրենց խոսքով հանդես եկան և ողջունեցին հուշարձանի շուրջը հավաքվածներին:

Այս ամենից հետո, մի փոքր հոգնած, բայց լավ տրամադրությամբ գնացինք  դեպի Ծաղկունքի  նոր վերանորոգված դպրոց: Դպրոցը վերանորոգվել էր համայնքի բարերարներ Աղաջանյան եղբայրների օգնությամբ, ովքեր ներկա էին տոնախմբությանը: Չնայած` գյուղը այդքան մոտ է Սևանա լճին, չունի ջրամատակարարում, և Աղաջանյան եղբայրների հիմնած «Դար» հիմնադրամը մոտ ապագայում համայնքի այս խնդիրը ևս կլուծի:
Դպրոցի բակում մեզ սպասվում էր  դպրոցականների պատրաստած աշխատանքների ցուցադրություն, սպորտային վարժությունների դիտում և ֆուտբոլային խաղ: Այս ամենն ուղեկցվում էր երգ ու պարով, իսկ մենք կրթահամալիրցիներով մեծ աշխուժություն  էինք ցուցաբերում: Ծաղկունքցիներին իր խոսքով ողջունեց տիար Բլեյանը: Նա կարևորեց նոր համայնքի ստեղծումը, «Դար» հիմնադարամի կրթական, սոցիալական ծրագրերի ուղղվածությունը նոր` հայրենատիրոջ, գյուղատիրոջ կրթությանը և կրթահամալիրի կողմից ամեն կերպ օգնելու, աջակցելու պատրաստակամություն հայտնեց: Ծաղկունքի ավանդական գաթայի հյուրասիրությամբ տոնախմբությունը դպրոցի բակում ավարտվեց:

Ծաղկունքում մեզ շատ լավ ընդունեցին: Տոնական օրը ավելի հետաքրքիր դարձավ, քանի որ մենք հյուր գնացինք Աղաջանյան եղբայրներին:  Մեզ նրանց տանը սպասվում էր հյուրասիրություն, որից հետո` երաժշտական հետաքրքիր կատարումներ: Բոլորս տպավորված էինք Շուշան Բլեյանի և Արթուր Շահնազարյանի կատարումներից: Մեր կրթահամալիրի մասին շատերին ծանոթացնելուց, ուրախ և ընկերական հանդիպումից հետո, լավ տրամադրությամբ վերադարձանք Երևան:

Սպասենք դեպի Ծաղկունք մեր հաջորդ ուղևորությանը, որը շուտով կկայանա: