• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Mskh.am-ում արձանագրվում է...

Կրթահամալիրի mskh.am կայքի, առաջին էջի վարման նորացված կարգը մարտի 24-ից  գործում է։ Արձանագրված խնդիրները.

  1. Ուսումնական նախագծերի ղեկավարները մտավախություն ունեն, որ առաջին էջում չհրապարակվելը կասեցնում կամ խոչընդոտում է նախագծի տարածմանը, սովորողների ոգևորության վրա վատ ազդում։ Բայց նախագծային նյութերը ենթակայքից հաճախ սովորողի բլոգ են տանում, որտեղ նախագծի մասին նկարագրությունը, սկզբնաղբյուրը բացակայում են, նյութը սրբագրված չէ, ղեկավարը նշված չէ, ղեկավարի բլոգում սովորողների աշխատանքները համակարգված-հավաքված չկան, այդպիսով` անհասցե, անհասկանալի են: Կարծում եմ` դասավանդողի-սովորողի մեդիատարածքներում անհրաժեշտ է ապահովել նախագծային աշխատանքի փոխկապակցվածություն, մեկից մյուսը գնալու հնարավորություն։
  2. Նախագիծը տարածելու համար ցանկալի է օգտագործել նաև այլ միջոցներ` շահառուների էլեկտրոնային հասցեներ, սոցցանցերը` այդ աշխատանքում ներգրավելով սովորողներին:
  3. Առաջին էջը ավելի հավաք կլինի, եթե լուսաբանումները փաթեթով հրապարակվեն՝ նույն իրադարձության մասին տարբեր տեսակի նյութերը հավաքվեն մեկ էջում, հղումներով, նույն նախագծի նյութերը՝ մեկ էջում, նույն բովանդակության նյութերը՝ հղումներով... Լուսաբանման դեպքում առաջինը հրապարակողի նյութը առանձին կարող է տեղադրվել, որպեսզի լուրը չուշանա, մյուսները` փաթեթով: Դա վերաբերում է նաև ֆոտոշարերին:
  4. Ակնհայտորեն բավարար չեն ընթացող կամ նախապատրաստվող ստուգատեսների (հասարակագիտական, աղայան-ռոդարիական, էկոտուր...) նյութերը։ Դրանք պատշաճ ու ամբողջական ներկայացված չեն մեդիատարածքներում՝ դպրոցի ենթակայքում, մասնագիտական խմբի բլոգում, պատանեկան հանդեսում։
  5. Քանի որ կրթահամալիրի տնօրենը հայտարարել է, պայմանավորվել ենք, որ յուրաքանչյուր դաստիարակ, ուսուցիչ իր տեսադասն է ներկայացնում, անհրաժեշտ է, որ հրապարակվող տեսանյութերում լինի տեղեկատվություն` գրավոր կամ բանավոր խոսքի միջոցով՝ մասնակիցներ, գործունեության հակիրճ նկարագրություն, դպրոցի մասին անհրաժեշտ տեղեկություն: Տեսադասն ունենա հասկանալի սկիզբ ու ավարտուն վերջ: Տեսադասը ներկայացնող էջում կարող են լինել դրան առնչվող այլ հղումներ։
  6. Ցանկալի է, որ հատկապես կրտսեր դպրոցում բանավոր խոսքի զարգացմանն ուղղված ռադիոհաղորդումները (լուսաբանման մասին չէ խոսքը) լինեն ոչ թե համացանցային տեղեկատվության փոխանցման, այլ` ստեղծագործական, վերլուծական բնույթի:

Որպես առաջին էջի խմբագիր երբ ասելիք եմ ունենում նյութի հետ կապված, դիմում եմ հեղինակին, երկխոսում, եթե ինձ են դիմում, սիրով պատասխանում եմ, դժվարանալու դեպքում` խորհրդակցում: Բայց քանի որ հեղինակները շատ են, հնարավոր չէ յուրաքանչյուրին դիմել-գրել,  ցանկալի է, որ ենթակայքի խմբագիր-պատասխանատուները իրենք էլ հետևեն այս աշխատանքին, արձագանքեն իրենց պատասխանատվության ներքո գտնվող ենթակայքի հրապարակումներին, համագործակցեն հեղինակների հետ: Սա նաև մանկավարժական աշխատանք է, երկկողմանի օգտակար, այս համագործակցության արդյունքում որակ կարող է փոխվել:

Տեխնիկական որակ ապահովելու մասին խնդրանքս ուժի մեջ է, սրա անբավարար լինելը խոչընդոտ է` առաջին էջ նյութեր բերելու: 

Սրբագրման համար շնորհակալություն Սուսան Մարկոսյանին։

Հարգանքով` Արմինե Թոփչյան