• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճամփորդություն mskh.am-ում

Mskh.am-ի առաջին էջի խմբագրի վեցօրյա այս աշխատանքն ուսումնական ճամփորդություն է «մանկավարժական ոսկու փշրանքների» (ձևակերպումը` Աշոտ Բլեյանի) փնտրումով կրթահամալիրի անծայրածիր լաբիրինթոս-ցանցում` ենթակայքեր, ամսագրեր, դաստիարակ-դասվարների, առարկայական դասավանդողների, կազմակերպիչների, սովորողների բլոգներ, գումարած` սեբաստացիականացված ֆեյսբուքը. չգիտես`ուր կմտնես-կընկնես, որտեղից դուրս կգաս-կպրծնես… Ճանապարհին այս՝ բացահայտումներ, հիացում-զարմանք, տեղ-տեղ՝ ափսոսանք էլ, հանդիպումներ, նոր ծանոթություն, ճանաչումներ…  

Պատասխանատու է կրթահամալիրի պաշտոնական էջի ներկայացումը մի մարդու ընտրությամբ. տեղեկատվություն, հեղինակային կրթական ծրագրի մոտեցումներ, մեթոդ, կազմակերպում, իրականացում, տարածում, արդյունք` դասավանդողների, սովորողների անհատական-խմբային-դասարանական ամենատարբեր դրսևորումներով… Առանձնացել-ներկայացնել է անհրաժեշտ՝ ճաշակով, մայրենիում չվրիպել. այնքա՛ն պատասխանատու… Շնորհակալ եմ ուսուցիչներիս` ինձ վստահություն-համարձակություն հաղորդելու համար: Առիթ է առանձնացնելու տիկին Սուսանին` գրավոր խոսքիս անփոխարինելի-ամենավստահելի ուսուցչին, ամենօրյա նրբանկատ ուսուցում իրականացնող, մանկավարժական մտքիս ձևավորման էլի անփոխարինելի ուսուցիչներին` տիար Բլեյանին, տիկին Մարիետին՝ կյանքով, կյանքի համար կրթության մասին իրենց մոտեցման, ամենօրյա խոսքով-գրով-քննարկումով-վերլուծությամբ… Սրա շնորհիվ, իհարկե, կարող եմ վրիպել-վրիպում եմ, բայց վստահ եմ գործում-գրում, կասեն, կուղղեն… Շնորհակալ եմ:

Ամենամեծ բացահայտումն այս օրերի Միջին դպրոցի սովորողների մտքերն էին, խոսքային ստեղծումները. 10-13 տարեկաններ են, այսպե՞ս են մտածում-գրում, հասո՛ւն. ա՛յ քեզ աշխարհ, մտիր` խորքը կտանի, չես ձանձրանա: Ձեռքբերում եմ համարում նախագծային ուսուցումը. սրա շնորհիվ նոր ամսագրեր են լույս տեսնում, հարթակներ ստեղծագործելու, միմյանց մտքեր կարդալու համար, ինչպես նաև բլոգներն են ավելի ակտիվ. տարբեր պատճառներով ամեն ինչ չէ, որ առաջ է գալիս, սևագրային վիճակում են լինում երբեմն, բայց ակնհայտ է, որ ավելի շատ են մտածում, գրում, գրածում էլ հաստատ մի հայտնություն-միտք կգտնես: Դրանք արդեն հայտնվում են սոցցանցում: Ուսուցիչներից տեղեկացա նաև, որ սովորողները հետևում են կայքում, կրթահամալիրի տնօրենի բլոգում իրենց աշխատանքների անդրադարձին, ոգևորվում, իրար շնորհավորում: Ինչո՞ւ չէ, լավ խթան է… Մենք էլ ճանաչում ենք մեր սովորողներին…

Արևելյան դպրոց-պարտեզի 6 տարեկանների ուսուցիչ Լիլիթ Սահակյանը մեդիայում ներկայացված իր աշխատանքով ծանոթություն-հայտնություն էր: Հեղինակային կրթական ծրագիր իրականացնող ուսուցիչ` սովորողների բնական-կենսական, ինքնաբուխ ուսումնական գործունեության կազմակերպիչ. ուսուցում կյանքով, կյանքի համար, ինքն էլ` հետին պլանից…

Նոր նախաձեռնություններ-նախագծերն են ոգևորող. կառանձնացնեմ խմբային-դասարանական երգչախմբերի ստեղծումը:

Շաբաթվա ընթացքում դպրոցներում ակտիվ էին ջերմոց-լաբորատորիաները, բայց կայքի գլխավոր էջում չներկայացվեցին ամեն անգամ տարբեր պատճառներով. մի դեպքում պատում-լուսաբանումն ամբողջական չէր, մյուս դեպքում՝ նկարահանման՝ պատկերի, ձայնի որակը բավարար չէր:
Այս հարցը դեռ բաց է մնում ու համատարած է. կարևոր է, որ պատկերը, ձայնը որակով լինեն, աչքի-ականջի ավելորդ լարում չառաջացնեն. վերաբերմունք է կայքի այցելուի, նյութը դիտողի-ունկնդրի նկատմամբ:

Այս օրերին առաջին էջում թողարկվող շատ նյութերի լուսանկարներ ևս զիջումով են հրապարակվել` այլ տարբերակ չլինելու պատճառով, դրանից կայքն արտաքուստ պակաս գրավիչ է:

Ուշադրության արժանի հարց է նաև գրավոր խոսքը: Պատում հրապարակելիս ավելորդ պետք չէ համարել մասնագետի կողմից սրբագրումը. օգտակար է, ուսուցում է: Շնորհակալ եմ տիկին Մարիետին՝ նամակներով ուսուցիչների հետ այս ուսուցումն իրականացնելու համար: Սա վերաբերում է նաև սովորողների գրավոր խոսքին, ինչը նույնպես անհրաժեշտ է լինում խմբագրել-սրբագրել: Որոշ նյութեր այս պատճառով չեն գալիս առաջին էջ:

Նախակրթարանի տեսանյութերից արժեքավոր են հատկապես նրանք, որտեղ դաստիարակները չեն ի միջամտել: Բայց էստեղ էլ ունեմ նկատառում. ազատության, ինքնաբուխության, անսպասելի լինելու մեջ, իմ կարծիքով, անվտանգության որոշ շրջանցումներ կան. գուցե սխալվում եմ:

Հատկապես առարկայական դասավանդողների բլոգները (այսպիսի դիտարկում ունեմ. անձնական կարծիք է, առանց որևէ մեկին վիրավորելու ցանկության). ըստ ուսումնական մեդիատարածքների երկու խմբի են բաժանված՝ հեղինակային կրթական ծրագիր, նախագծային ուսուցում իրականացնողների և չիրականացնողների։ Խոսքը հենց մեդիայում ներկայացնելու-չներկայացվածի մասին է: Լավ կլինի, որ նախագծային ուսուցման փաստ-հաջողությունները վարակիչ լինեն, տարածվեն:

Կրթահամալիրի իմ ընկալումը մեկն է, ամբողջական է, նույն հարազատությամբ-հոգատարությամբ եմ նայում բոլոր ենթակայքերը:
Շնորհակալ եմ ուսուցման այս տեսակի հնարավորության համար:

Սիրով` Արմինե Թոփչյան