• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իմ հին Երևանը ու մենք

Վլադիմիր Վիսոցկին «Վտանգավոր հյուրախաղեր» ֆիլմում մի երգ էր երգում, որի մեջ մի քանի անգամ ասում էր, որ Օդեսայում չի հերիքում մի փոքր բան` վարյետեի թատրոն: Միգուցե այդ նախահեղափոխական տարիներին Օդեսայում իրոք այդպիսի թատրոնի կարիքն ունեին, բայց մեր օրերի Հայաստանում վստահաբար կարելի է ասել, որ մեզ չի հերիքում մի փոքր բան` սեր միմյանց նկատմամբ:

Հին երևանցիները ավելի շատ կարոտում են ոչ թե Կրիվոյի խարխուլ տներին, Սվերդլով ու Աստաֆյան փողոցների սև շենքերին, Կոնդի ու Սարի թաղի ծուռ ու մուռ արահետներին, այլ այն ժամանակի մարդկանց միջև եղած ջերմությանը, միմյանց նկատմամբ անշահախնդիր սիրուն: Կարաբալային փոխարինել է "Brabion Flora Service"-ը, արդարադատ ու պատվախնդիր միլիցիոներ Անդրեին` ոստիկան ...յանը:

Մեր կրթահամալիրն այս առումով ոչ մեկին չի փոխարինել: Որքան էլ որ այն գերժամանակակից լինի իր մեդիակրթությամբ, այն ինձ հիշեցնում է իմ հին Երևանը: Հին Երևանում, որքան որ հիշում եմ, դռները չէին կողպում, իսկ եթե կողպում էլ էին, ապա բանալին դնում էին դռան առջևի փալասի տակ: Մեր դպրոցի դռներն էլ են բաց շաբաթվա բոլոր օրերին, առավոտից մինչև երեկո: Եվ այն փաստը, որ Հոլանդիայից ժամանած ժամանակակից արվեստագետներ Առնո Փիթերսը և Իրիս Հոնդերդոսը մեր կրթահամալիրն են ընտրել իրենց "Սիրով..." նախագիծն իրականացնելու համար, ուրեմն սիրո ու մարդկային ջերմ հարաբերությունների մի հիմք տեսնում են այստեղ: