• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մաստարա գյուղն ու նրա մարդիկ

Թալին կատարած մեր ճամփորդության ընթացքում մենք եղանք Մաստարա գյուղում: Ես երկրորդ անգամ էի լինում այս գյուղում, բայց այս անգամ շատ բան իմացա գյուղի  մասին: Մաստարայի դպրոցի հայերենի ուսուցչուհին՝  տիկին Մարինեն, մեզ պատմեց իրենց գյուղի պատմությունը: Նախ բացատրեց, թե որտեղից է առաջացել գյուղի անունը՝ Մաստարա, այսինքն՝ մասը տարա:  Ավանդությունն ասում է, որ Գրիգոր Լուսավորիչը իր հետ բերել էր Սուրբ Հովհաննեսի մասունքները և մի մասը թաղել այստեղ, հետո 5-րդ դարում կառուցվել է եկեղեցին և կոչվել  Սուրբ Հովհաննեսի անունով:  Տիկին Մարինեն  պատմեց, որ իրենց գյուղի շրջակայքում միայն  քսաներկու մատուռ ու սրբավայր կա: Նա մեզ առաջակեց բարձրանալ գյուղի գլխին երևացող Սուրբ Ստեփանոս Նախավկայի մատուռը: Նրա դասարանի աշակերտները ոգևորված համաձայնեցին ուղեկցել մեզ, համոզում էին, որ ընդամենը 30 րոպեի ճանապարհ է, բայց մենք ժամանակի մեջ չէինք տեղավորվում, ուստի պայմանավորվեցինք մի ուրիշ անգամ գալ ու բարձանալ բարձունքը՝ մատուռը տեսնելու:  Մաստարա գյուղը ոնց որ ափսե լիներ, երեք կողմից պատված էր լեռներով, իսկ դիմացը տարածվում էր դաշտը: Գյուղացիները աճեցնում են ծիրանի, խնձորի,  սալորի, ընկուկզի  ծառեր, որոնք դեռ չէին ծաղկել:  Եկեղեցու բակում հավաքվել էին գյուղի տղամարդիկ, նրանք հետաքրքրվեցին մեր այցելությամբ: Հա, իմացանք նաև, որ այս գյուղում են ծնվել լեզվաբան Հովհաննես Բարսեղյանը, որ մեր պատվելի Թամարի դասախոսն է եղել համալսարանում, գրող Գևորգ Գևորգյանը և էլի նշանավոր մարդիկ: