• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդհանուր պարապմունքի կազմակերպման կարգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր 2023թ. 

Հեղինակային կրթական ծրագիրը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով

Ընդհանուր պարապմունքի տեսակները

  • Կրթական ծրագրի ուսումնական պլանով, կրթահամալիրի միասնական ժամատախտակով որոշված ամենօրյա առավոտյան ընդհանուր պարապմունք կրթահամալիրի դպրոց-պարտեզներում, միջին և ավագ դպրոցներում, քոլեջում։
  • Ուրբաթ-համերգ ամենշաբաթյա ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում, ուրբաթ՝ 15։15
  • «Ուսումնական պատարագ» նախագծով ամենշաբաթյա ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում ուրբաթ՝ 9։00։ 

Առավոտյան ընդհանուր պարապմունք 

Ուսումնական օրը կրթահամալիրի դպրոց-պարտեզներում, միջին և ավագ դպրոցներում, քոլեջում սկսվում է կրթական ծրագրի ուսումնական պլանով, ժամատախտակով որոշված ընդհանուր պարապմունքով (այսուհետ` պարապմունք): «Ընդհանուր պարապմունք» կրթահամալիրային նախագիծը համակարգում է ծեսի և պարի «Լիսիցյան» կենտրոնի ղեկավարը։ 

  • Պարապմունքը դպրոցում, քոլեջում կազմակերպվում է մեկ կամ մի քանի խմբով, յուրաքանչյուրի համար որոշված սրահում կամ բացօթյա։ 
  • Որևէ պատճառով պարապմունքի վայրի փոփոխության մասին տեղեկությունը հրապարակվում է նախօրոք, նշվում է օրացույցում։
  • Տեխնիկական միջոցները (բարձրախոս, համակարգիչ, ուժեղարար, պրոյեկտոր, էկրան), երաժշտական գործիքները (կոպալ, դաշնամուր, շվի, դուդուկ) օգտագործվում են ըստ անհրաժեշտության, ըստ ծրագրի։ 
  • Պարապմունքին սովորողի և մանկավարժական աշխատողի գործուն մասնակցությունը ուսումնական պարտադիր աշխատանք է: Օրվա ծրագրով մասնակիցների մեջ կարող են ընդգրկվել նաև այլ մարդիկ:
  • Սովորողները պարապմունքին մասնակցում են դասարանով, իրենց համար որոշված տեղում. մասնակցությունը հաշվառվում է սահմանված կարգով։ 
  • 9-րդ դասարանի սովորողներն ընդհանուր պարապմունքին իրենց ընտրությամբ կարող են մասնակցել ավագ դպրոցում կամ քոլեջում։ 
  • Մանկավարժական աշխատողն ընդհանուր պարապմունքին մասնակցում է դպրոցի ղեկավարի որոշած դասարանի, խմբի հետ։ Մասնակցությունը պարապմունքին սահմանված կարգով հաշվառում է գրասենյակի ղեկավարը: Կրթահամալիրի տարբեր մասնաճյուղերում աշխատողը պարապմունքին մասնակցում է ըստ իր անհատական պլանի։   
  • Պարապմունքը տևում է 15 րոպե: Տոնական, ստեղծագործական հավաքների, ստուգատեսների օրերին պարապմունքի ժամանակը և տևողությունը կարող են փոխվել: 
  • Պարապմունքը՝ որպես ուսումնական նախագիծ, կազմակերպում, սպասարկում և վարում են՝
  • դպրոց-պարտեզում՝ շաբաթվա (օրվա) պատասխանատու մանկավարժական աշխատողները.
  • Մայր դպրոցում, քոլեջում՝ սովորողների խումբը` մանկավարժական աշխատողի ղեկավարությամբ: 
  • Մայր դպրոցում պարապմունքը կազմակերպում և վարում են Միջին դպրոցի և Ավագ դպրոց-վարժարանի սովորողների խումբը հավասար համամասնությամբ։
  • Ամսվա պատասխանատուներին նշանակում է դպրոցի, քոլեջի ղեկավարը։ 
  • Ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր մանկավարժական աշխատող սովորողների խմբի հետ առնվազն մեկ անգամ պիտի լինի պարապմունքի պատասխանատու այն մասնաճյուղում, որտեղ աշխատում է։ Մանկավարժական աշխատողը կարող է նախագծել և կազմակերպել պարապմունք նաև կրթահամալիրի այլ դպրոցում, քոլեջում, համաձայնությամբ։ 
  • Պարապմունքի ուսումնական նյութերն ընտրվում են ըստ ուսումնական օրացույցի՝ երաժշտության լաբորատորիայի և ծեսերի կենտրոնի հրապարակած, սահմանված կարգով մանկավարժության լաբորատորիայում քննարկված փաթեթներից։ Պատասխանատու մանկավարժական աշխատողը շաբաթվա, օրվա ծրագրում լրացումները, այլ նյութերը համաձայնեցնում է ծեսերի կենտրոնի ղեկավարի հետ։ 
  • Պարապմունքի ծրագիրը, նյութերը հրապարակվում են առնվազն երեք օր առաջ։ Ծրագրում ներառվում են`
    • կրթահամալիրի տարեկան օրացույցով որոշված տոներին, ստեղծագործական հավաքներին կատարվող ծրագրային երգերը, բանաստեղծությունները, պարերը (ըստ կրթական ծրագրի՝ 1-3-րդ, 4-5-րդ, 6-8-րդ, 9-րդ, 10-11-րդ, 12-րդ դասարաններ).
    • օրվա շնորհավորանքները սովորողների, աշխատողների, հայտնի գործիչների ծննդյան օրվա, տոների առթիվ.
    • հայտարարություններ.
    • այլ նյութեր:
  • Պարապմունքն ավարտվում է պարով: 
  • Ավագ դպրոցում պարապմունքի մասնակցությունը ներառվում է գնահատման կրեդիտային համակարգում։
  • Կրթահամալիրի հիմնադիր տնօրենը, տնօրենը, դպրոցի ղեկավարը կարող են ցանկացած պահի միջամտել պարապմունքին:
  • Մայր դպրոցում կազմակերպվում է նաև մարզական պարապմունք։ Մարզական պարապմունքի մասնակիցները՝ միջին, ավագ դպրոցի, քոլեջի սովորողներ, շաբաթվա (ամսվա) համար նախօրոք գրանցվում են։ Մարզական պարապմունքը՝ վարժասարքերով մարզումներ, մարզական խաղ, ընկերական հանդիպում, կազմակերպվում է  մարզադաշտերում։ Համակարգող՝ մարզադպրոցի ղեկավար։
  • Հեռավար-առցանց-ընտանեկան դպրոցներում ընդհանուր պարապմունքը կազմակերպվում է այդ շրջանի համար հաստատված կարգով։ 
  • Հանգստյան, արձակուրդի, տոնական օրերին կարող են կազմակերպվել ընդհանուր առցանց պարապմունքների նախագծեր։ 
  • Սովորող-սովորեցնող նախագծով սովորողները պարապմունք կարող են կազմակերպել կրթահամալիրի մյուս դպրոցում։ 
  • Կրթական փոխանակման ծրագրով պարապմունք կարող է կազմակերպվել հանրապետության այլ դպրոցում՝ որպես հեղինակային կրթական ծրագրի տարածելի փորձ։

Նախկին տարբերակը