• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

15

2001թ.: 21 սեպտեմբեր: Առաջին անգամ ստացա հրավեր բարձրանալու Արագածի հարավային գագաթը: Հրավերը <<Փյունիկ>> հաշմանդամների միությունից էր (համագործակցում էի կամավորական թևի հետ): Դա նշանակում էր ոչ միայն բարձրանալ, այլ նաև օգնել բարձրանալ: Բայց ինչպես հետո պարզվեց` գուշակությունս տեղին չէր: Խումբն առաջնորդում էր Ալիկը, ով Արցախյան պատերազմին կորցրել էր մեկ ոտքը: Տարօրինակ ձգողականություն և դաշտ ունի այդ սարը: Բավականին հետաքրքիր է իր տեսակով: Ես առանձնապես սիմվոլներ չեմ սիրում, բայց կարծում եմ, որ հայության համար Արարատը փոխելու ժամանակն է. մի քիչ շատ է ծերացել: Իսկ Արագածն աշխույժ է, զվարթ` նման պատանու: Երբ նայում ես Արարատը բարձրացողներին, ցրտից ու ձյունից մի տեսակ հազիվ են ծամածռում դեմքերը, իսկ Արագածի գագաթին այլ է: Մարդիկ ուրախ են, շարժուն, խինդ կա:

Օրեր առաջ, երբ տիար Գևորգը կազմակերպեց հերթական վերելքը, որն ի դեպ վարժարանի համար դարձել է ավանդական, սիրով որոշեցի մասնակցել: Եվ ոչ միայն ես, այլ նաև փոքրիկ ընկերախմբով: Մեզ հետ էին իմ գերմանացի բարեկամ Էդուարդ Բինդերը և իմ նախկին ուսանողուհի Սվետլանան: Գրում եմ այս ճամփորդության մասին, որովհետև սա իմ հոբելյանական` 15-րդ վերելքն էր Արագած, որից մեկը` հյուսիսային գագաթ, մեկն էլ` կիսատ, ֆորսմաժորային իրավիճակից ելնելով (Մխիթարի տատիկի ականջը կանչի ու ևս մեկ անգամ շնորհակալություն Լեռնիկին): Ինչ պատմեմ: Ճամփորդություն էր, իր վառ գույներով ու օրվա բոսորով հագեցած: Հետաքրքիր էր սերունդների միախառնումն ու փոխօգնությունը բարձրանալիս: Այնքան դինամիկա ու հմայք կար: ՈՒ նաև ծով ժպիտ: Արմանն ու Բինդերը խոսում էին գերմաներեն (դե Արմանը ինչքան գիտեր ֆիլմերից էլի), Բինդերը դժվար պահերին հայհոյում էր անգլերեն, որ իր բոլոր հույզերը մեզ հաղորդի, սովորողները բացվեցին միանգամից, Անահիտը ժպտում էր միայն իրեն բնորոշ ժպիտով: Լիլիթն էլ... դե, կանայք ամենաքիչը փետրվարին են խոսում, քանի որ 28 օր է: Անգամ երբ առաջարկեցի ուսապարկը ես տանեմ` չխոսելու պայմանով, հրաժարվեց. երկու էներգետիկ գործողություն կատարելով միաժամանակ: 

Եվս մեկ դրական հանգամանք: Այս սարը կարծես թե շատերի համար սիրելի վայր է դառնում` ակտիվ հանգստի: Ու լավ է, որ մարդիկ մեծ խմբերով գալիս են Արագած ոչ թե խաշակերությամբ զբաղվելու (առավել ևս, որ ոմանք խաշ ուտել էլ չգիտեն, պարզապես լսել են, որ Արագածում խաշ ուտելը պրեստիժի հարց է), այլ քայլելու, սովորելու: Ու լավ է, որ այդ խմբերում շատ են տարիքով փոքրերը: Այսինքն մեկ բարդույթ ևս կոտրվել է: Կարծում եմ, ոչ ոք չփոշմանեց իր անցկացրած օրվա համար: Ավելին` հետագայի դիտանկյունից պետք է որ կարոտած լինեն: Վերջում ստացանք Էմանուելի նեղացած զանգը, որ ինքը չէր մասնակցում: Էմանուել ջան, դու նշանված մարդ էս, հո մեր թայը չես: 

Հ. Գ.

Թերևս օրվա լավագույն գնահատականը տվեց Սվետլանան: Նա ամենայն անկեղծությամբ նշեց, որ դա իր 21 տարիների լավագույն օրն էր` լավագույն զգացողություններով: