• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վիրտուալ կապ, կրթվելու իրական հնարավորություններով

Microsoft ընեկերությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետ համագործակցության շրջանակներում իրականացնում է մեդիակրթության զարգացման ծրագրեր: Տեղեկացնենք, որ կրթահամալիրի հանրակրթական դպրոցներում, սկսած 1-ին դասարանից, ինչպես նաեւ մասնագիտական կրթություն իրականացնող քոլեջում կրթական գործընթացն իրականացվում է նոթբուք-նեթբուքների միջոցով։ Կրթահամալիրի մեդիագրադարանը ամբողջացնում է սովորողին անհրաժեշտ ուսումնական նյութերի էլեկտրոնային փաթեթները: Կրթահամալիրում էլեկտրոնային գրատախտակների կիրառությունն ունի արդեն մի քանի տարվա պատմություն: 
Կրթահամալիրի ՏՏ լաբորատորիայի ղեկավար Տիգրան Պարսիլյանը ներկայացրեց մեդիակրթության ասպարեզում կիրառվող ծրագրերի էֆեկտիվության չափանիշները, նշեց առաջացած խնդիրները լուծելու իր տարբերակները: 
Քանի որ մեդիակրթության ծրագրերի պահանջներով կրթահամալիրի սովորողները դպրոց են հաճախում  ոչ միայն նոթբուք-նեթբուքներով, այլեւ իրենց անհատական տեխնիկական միջոցներով` պլանշետներով, Microsoft-Armenia ընկերության ղեկավարը բացատրեց նեթբուք-նոթբուքների եւ պլանշետների տարբերությունը եւ նրանց տեխնիկական հնարավորությունները: Պարոն Բարսեղյանը նշեց, որ  պլանշետներն իրենց բնույթով սպառող սարքեր են. դրանք միայն գոյություն ունեցող ծրագրերին եւ ինտերնետ համակարգում առկա նորություններին ծանոթացնելու հնարավորություն են ընձեռում, իսկ ահա նեթբուքները ստեղծող են, դասընթացներին նպաստող: Նեթբուք-նոթբուքներն, ըստ Microsoft-Armenia ընկերության ղեկավարի, սովորողին լայն հնարավորություններ են ընձեռում. ծրագրավորումից մինչեւ ստեղծագործական մտքի իրացում` նկարչություն, անիմացիա, ֆիլմեր, տեքստային մշակումներ եւ այլն: 
Խոսվեց նաեւ Windows-8 օպերացիոն համակարգից, որի լեզուն թարգմանվել է հայերեն: Սովորողները դժգոհեցին հայալեզու դարձրած այդ ծրագրի թարգմանությունից, նշելով, որ ընտրված հայերենը համարժեք չէ բնօրինակին եւ չի արտահայտում ծրագրային հրամանների իրական բովանդակությունը: Նշեցին նաեւ, որ հայերենը դժվարացնում է աշխատանքն այդ ծրագրով: Որպես վերջնական օգտատեր, երեխաներն առաջարկեցին, որ իրենց նույնպես ընդգրկեն ծրագրային փոփոխության գործընթացին եւ  հաշվի առնեն իրենց կարծիքները: 
Սեմինարի ընթացքում Microsoft-Armenia ընկերության ներկայացուցիչները խոսեցին նաեւ Хbox խաղային համակարգից եւ kinect համակարգից, որն ըստ կրթահամալիրի ՏՏ լաբորատորիայի ղեկավարը Տիգրան Պարսիլյանի` 3d տեսողության ճանաչման ծրագիր է, որի հնարավորություններն ու զարգացման հեռանկարները մարդու դեմքի ճանաչման եւ այլ բնագավառների ճշգրիտ ուսումնասիրության ապագա է խոստանում: Դա բաց կոդով համակարգ է, որը հնարավորություն է ընձեռում  ծրագրավորումները զարգացնել ըստ սեփական հայեցողության ու նպատակների:  
Microsoft-Armenia ընկերության ղեկավարը դատարկաձեռն չէր եկել: Նա կրթահամալիրի երեխաներին աննկարագրելի հրճվանք պարգեւեց, նրանց նվիրելով  Xbox360 ծրագիրը`  խաղային համակարգ,  որը հնարավորություն է ընձեռում ծրագրային խաղին մասնակցել որպես անմիջական մասնակից` վիրտուալ ավատարով (պատկերով): Խաղն անմիջապես փորձարկեցին ու օգտվելով կրթահամալիրում գործող Wi fi ծածկույթից (ինտերնետային անլար կապ) այն թարմացվեց եւ հանձնվեց սեմինարին մասնակցող  երեխաներին, որոնք դեռ երկար ժամանակ հրաժարվում էին գնալ տուն ու փորձարկում էին իրենց նվերի հնարավորությունները: