• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նա կախարդ է... Նա իմաստուն է... Նա աստված է...

Հաջորդ օրը ես տեսա Միրիամին: Նա այնպիսի տեսք ուներ, կարծես մտովի տեղափոխվել էր ուրիշ աշխարհ: Նա նույնիսկ չէր նկատի ինձ, եթե ես չփակեի նրա ճանապարհը: Նա արտասանեց ողջույնի սովորական խոսքերը, բայց հայացքով դեռ փնտրում էր այն տեսլիքը, որ քիչ առաջ այնպես հիացրել էր նրան:
-Ես տեսել եմ Նրան, Լոդբրոգ, - շշնջաց նա: - Ես տեսել եմ Նրան:
-Եվ ո՞վ է այդ «նա»-ն, - հարցրեցի ես: - Գուցե նա դագաղից դուրս եկած մի մեռել է, որ քո աչքերում այս տարօրինակ կրակն է վառել:
-Այդ Նա է մեռելներին կենդանացնում, - պատասխանեց Միրիամը: - Իրավ, ես հավատում եմ, որ Նա կենդանացնում է մարդկանց: Նա Լույսի իշխանն է, Աստծո որդին: Ես տեսել եմ Նրան: Իրավ, ես հավատում եմ, որ Նա Աստծո որդին է:
Նրա խոսքերից ես հասկացա միայն, որ ինքը հանդիպել է այդ ձկնորսին և վարակվել նրա խենթությամբ:
-Նա կախարդե՜լ է քեզ, - զայրացած գոչեցի ես:
-Ա՜խ, Լոդբորգ, Նրա ուժը ցանկացած կախարդանքից զորեղ է: Այն չի կարելի ո՛չ հասկանալ, ո՛չ բացատրել: Բայց բավական է մեկ անգամ նայել Նրան, որ հասկանաս. Նա բարություն է, Նա կարեկցանք է: Ես տեսել եմ Նրան: Ես լսել եմ Նրան: Ես կբաժանեմ իմ ողջ հարստությունը աղքատներին և կհետևեմ Նրան:
-Դե ի՜նչ, - քմծիծաղ տվեցի ես, - հետևիր նրան: Առանց կասկածելու կարող եմ ասել, որ դու թագ կստանաս, երբ կմտնես նրա թագավորությունը:
-Նրա թագավորությունն այստեղ չէ, - շշնջաց Միրիամը: - Նա Դավիթի որդին է: Նա Աստծո որդին է: Նա այն է, ինչ ասում է, և այն է, ինչ ասում են Նրա մասին, երբ փորձում են բառերով պատմել Նրա անասելի բարությունն ու իրական մեծությունը:

***
-Նա Արևելքի իմաստուններից է, - ասաց ինձ Պիղատոսը: - Նա փիլիսոփա է, այդ անգետ ձկնորսը: Ես նրա մասին նոր լուրեր եմ լսել: Նա հրաշքներ գործելու կարիք չունի: Նա ավելի լավ է վիճում, քան վիճաբանելու արվեստում ամենից հմուտ հրեաները:  Նրանք փորձում էին ծուղակը նետել նրան, իսկ նա ծիծաղում էր նրանց լարած թակարդի վրա: Բա ի՜նչ ասեց պետական հարկերի մասին: Ասեց. «Կեսարին՝ Կեսարինը, Աստծուն՝ Աստծունը»: Աննան ուզում էր բռնել նրան, իսկ նա խայտառակեց Աննային: Վերջապես հայտնվել է մի հրեա, ով հասկանում է հռոմեական պետության գաղափարը:

***
Հետո ես տեսա Պիղատոսի կնոջը և միանգամից հասկացա, որ այս խեղճ, տանջված, նյարդային կինը նույնպես հանդիպել է նրան:
-Նա է Աստված,- ասաց Պիղատոսի կինը: - Նա գիտի և հավատում է, որ Աստված Իր մեջ է:
-Գուցե նա ի՛նքն է Աստված, - շշնջացի ես միայն այն պատճառով, որ պետք է ինչ-որ բան ասեի:
-Չգիտեմ, Նա այդ չասաց: Բայց ահա ինչ ես գիտեմ. աստվածները հենց այդպիսին են:

 ***
«Նա գրավում է կանանց», - մտածեցի ես:
Ինչ եղավ հետո, դուք բոլորդ էլ գիտեք: Իսկ ես համոզվեցի, որ Հիսուսը գրավում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց: Նա գրավեց Պիղատոսին: Նա կախարդեց ինձ:
Ես այնտեղ էի: Ես գիտեմ: Մինչ այդ Պիղատոսը չէր տեսել Հիսուսին: Պիղատոսը զայրացած էր, և մեր զինվորները սպասում էին նրա նշանին, որ մաքրեն դղյակի բակը հավաքված ամբոխից: Բայց հենց Պիղատոսը տեսավ ձկնորսին, նա փափկեց և լցվեց բարությամբ: Ավելին՝ նա կարեկցանքով լցվեց դեպի Հիսուսը: Նա ասաց, որ Հիսուսը հրեա է, և ոչ հռոմեացի, այդ իսկ պատճառով ինքը՝ Պիղատոսը, չի կարող խաչել նրան: Թող հրեաներն իրենք դատեն Հիսուսին: Բայց հրեաները գոչում էին, որ այդ իրավունքը չունեն:
Այդ ժամանակ Պիղատոսը հրամայեց, որ միայն Հիսուսին ներս տանեն, և ինքը անհետացավ իր դղյակում: Ես հասկացա. Պիղատոսը ուզում էր փրկել Հիսուսին: Եթե մինչ այդ նա պարզապես չէր ուզում դառնալ խամաճիկ Աննայի ձեռքին, ապա հիմա նա այդ անում էր ձկնորսի համար: Իսկ վայրենի ամբոխն այդ ընթացքում գոռում էր.
-Խաչի՜ր նրան, խաչի՜ր:
Դուք գիտեք, որ Պիղատոսն անկեղծորեն ուզում էր փրկել Հիսուսին: Նա ծաղրում էր Հիսուսին, ասում, որ նա խելագար է: Նա առաջարկեց Հիսուսին ազատել մոտալուտ Զատիկի կապակցությամբ: Բայց քուրմերի շշուկներին հլու՝ ամբոխը պահանջեց ազատել Վարավային:
Պիղատոսը դեռ հույս ուներ, որ ամեն ինչ կվերածի կատակի: Նա Հիսուսին հայտարարեց Հրեաստանի թագավոր և հրամայեց մտրակել նրան:
Ես հպարտությամբ կարող եմ ասել, որ ոչ մի հռոմեացի լեգիոներ չէր մասնակցում հետագա գործողություններին: Օժանդակ զորաջոկատի զինվորները Հիսուսին գավազանի փոխարեն փայտ տվեցին, ուսերին գցեցին վերարկու՝ որպես ծիրանի, և ծնկի իջան նրա առաջ՝ ծաղրելով և ողջունելով «Հրեաստանի թագավորին»: Եվ ես հասկացա, ինչումն էր Հիսուսի հմայքը. այս դաժան ծաղրուծանակի ժամանակ անգամ նա պահպանեց իր վեհությունը:
Ու մինչ ես նայում էի Նրան, իմ հոգին խաղաղվեց: Դա այն խաղաղությունն էր, որ տիրում էր Նրա՛ սրտում: Ես ամեն ինչ հասկացա և հանգստացա: Այն, ինչ կատարվում էր, պիտի կատարվեր: Այդպես է պետք, ամեն ինչ լավ է: Այս չար խելագարության մեջ Հիսուսի անվրդով հեզությունը ինձ փոխանցվեց, ու մտքովս էլ չանցավ, որ ես կարող եմ փրկել Նրան:
Իմ հոգում տիրում էր անդորր...

Ջեկ Լոնդոն                                       Джек Лондон
«Զսպաշապիկ»                                 "Смирительная рубашка"
Թարգմանությունը ռուսերենից          Перевод с русского

gradaran.mskh.am