• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ

 

Զատիկին նախորդող շաբաթը կոչվում է Ավագ (մեծ) շաբաթ, որտեղ ամփոփված է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի  ամենակարևոր շրջանը՝ ուսուցումները, չարչարանքները, մահն ու հարությունը:

ԱՎԱԳ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ՝ Նվիրված է երկնքի ու երկրի արարչագործությանը: Այս օրը մենք հիշում ենք անպտուղ թզենու առակը, երբ Հիսուս թզենու վրա բացի տերևներից ոչինչ չտեսնելով՝ անիծեց ասելով՝ <<Այսուհետև քեզանից հավիտյան պտուղ թող չլինի>>: Հիսուս այս առակով ցույց է տալիս բոլոր նրանց, ովքեր  զարդարված են արտաքին բարեպաշտությամբ, սակայն չունեն այդ բարեպաշտության հոգևոր պտուղը՝ բարի գործերն ու ողորմածությունը և այլաբանորեն՝ պտղից, մարդկային բարի գործերից և առաքինություններից զուրկ մարդը կպատժվի թզենու օրինակով:

ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ՝ Նվիրված է տաս կույսերի առակին: Տաս կույսերն իրենց լապտերները առած, փեսային ու հարսին դիմավորելու դուրս եկան: Նրանցից հինգը հիմար էին, իսկ մյուս հինգը՝ իմաստուն: Հիմարները լապտերները վերցրին, բայց իրենց հետ բավարար ձեթ չվերցրին: Իսկ իմաստունները ունեին բավարար ձեթի պաշար: Փեսան ուշանում էր, ուստի կույսերը քուն մտան: Կեսգիշերին ձայն լսվեց. <<Ահա փեսան եկավ>>: Իմաստուն կույսերը պատրաստ էին պահել իրենց լապտերները և փեսայի հետ հարսանիքի սրահը մտան ու դուռը փակվեց: Եկեղեցու հայրերը այլաբանական, խորհրդաբանական իմաստներ են տվել այս առակին. փեսան Քրիստոսն է, և հարսանիքի սրահը՝ երկնքի արքայությունը, որին արժանանում են իմաստունները, ովքեր ժամանակին բավարար չափով ձեթով, այսինքն՝ ողորմության բարի գործերով են լցնում իրենց լապտերները: Ավագ երեքշաբթին մի ներքին ընդհանրությամբ կապված է նախորդ օրվա հետ. ակնարկում է, որ մեր առաքինի գործերի պտուղներով հոգեպես պետք է պատրաստ լինենք Քրիստոսի երկրորդ գալստյանը, այլապես կչորանանք թզենու պես և երկնքի արքայությունից դուրս կմնանք հիմար կույսերի նման: Ավագ երեքշաբթի երեկոյան ժամերգության ընթացքում ատյան են դուրս գալիս տասը մանուկներ՝ խորհրդանշելով տասը կույսերին և իրենց ձեռքին պահելով մոմեր՝ հինգը վառվող, իսկ հինգը՝ հանգած: Վառվող մոմերը խորհրդանշում են հավատքի լույսը, Աստծո պատվիրաններն աջքի առաջ ունենալը և գործելը՝ ըստ Ավետարանական պատգամի՝ <<Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար>>:

 

ԱՎԱԳ  ՉՈՐԵՔՇԱԲԹԻ՝ Օծում և մատնություն: Այսօրը հիշատակում ենք այն մեղավոր կնոջը, ով թանկագին յուղով օծեց Քրիստոսի գլուխը, ինչը խորհրդանշեց Քրիստոսի մոտալուտ մահը: Առաքյալները մեղադրեցին այդ կնոջը՝ յուղը վատնելու համար: Իսկ Հիսուսը նրանց պատասխանեց. <<Ինչո՞ւ եք նեղություն տալիս այդ կնոջը, նա իմ հանդեպ մի բարի գործ կատարեց. աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, իսկ ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով՝ նա իմ թաղվելը կանխանշեց>>: Օծման այս դեպքին հաջորդեց Հուդայի՝ Հիսուսին մատնելու վճիռը, ով երեսուն արծաթով ու համբուրելով մատնեց իր ուսուցչին: <<Այն ժամանակ տասներկուսից մեկը՝ Հուդա Իսկարիովտացին, գնաց քահանայապետի մոտ ու ասաց. Ի՞նչ կկամենայիք ինձ տալ, որ ես նրան  ձեզ մատնեմ>>: Եվ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան Հուդային:

 

 ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ՝ Առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ վերջին ընթրիքի ժամանակ Քրիստոսի կողմից հաղորդության խորհրդի հաստատման: Պատարագը իմաստավորվում է մարդկանց փրկության համար, Քրիստոսի զոհաբերությամբ՝ խաչվելով, իր արյունը հեղելով և հաղորդության խորհրդի կատարումով, որը սուրբ սեղանի վրա օրհնված և պատարագված հացն ու գինին են: Որոնք Հիսուսի խորհրդանշական մարմինն ու արյունն են՝ հոգևոր սնունդը մարդկանց համար:

Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է ոտնլվայի արարողությունը: Վերջին ընթրիքից հետո Հիսուս ծնկի եկավ իր աշակերտների առջև ու ծառայաբար լվաց նրանց ոտքերը: Եկեղեցու հայրերը մի գեղեցիկ համեմատություն են կատարում. Ինչպես Ադամը պտուղը ճաշակելու համար նախ ոտքերով ընթացավ, քայլեց դեպի ծառը, Քրիստոսն էլ, մարդ արարածի քայլերը դեպի երկնքի արքայություն  ուղղելուց առաջ, նախ աշակերտների ոտքերը լվաց:

Այս օրը բարձրաստիճան հոգևորականի կողմից, խորանում՝ յուղի օրհնության և տասներկու մանուկների ոտնլվայի արարողություն է կատարվում: Արարողություններից հետո այդ օրհնված յուղը բաժանվում է մարդկանց, որը օգտագործում են հիվանդությունների դեպքում կամ խառնում տանն ունեցած յուղին:

Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է նաև խավարման արարողությունը. խաչելությունից առաջ Հիսուսի գլխին փշե պսակ դրեցին, ծաղրեցին, անարգեցին ապա խաչեցին, ծարավը հագեցնելու համար ջրի փոխարեն լեղի տվեցին ու մեռնելուց հետո էլ տեգով խոցեցին: Արարողությունը սկսվում է այսպես. խորանի վրա վառվում են տասներկու մոմերը, մեկ հատ մեծ՝ նրանց միջև, որը խորհրդանշում է Քրիստոսին: Այդ ընթացքում ավետարաններից կարդացվում են յոթ հատվածներ, որոնք բովանդակում են Հիսուսի՝ Գեթսեմանիի պարտեզում աղոթելը, Հուդայի մատնելը, Հիսուսի՝ ամբոխի ձեռքը հանձնվելը, անարգվելը, Պետրոսի ուրանալն ու զղջալը: Ապա ամեն ավետարանի ընթերցումից հետո հանգցնում են խորանի տասներկու մոմերից երկուսը և վերջում մնում է մեկը, որն էլ խորհրդանշում է առաքյալների Քրիստոսին մենակ թողնելն ու լքելը:

 ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ՝Այս օրը եկեղեցին հիշատակում է Քրստոսի չարչարանքները, խաչելություն ու թաղումը: Այս օրը առավոտյան  կատարվում է նաև խաչելության կարգ, հավատացյալները եկեղեցում պատրաստում են Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ զարդարված ծաղիկներով, երեկոյան  կատարվում է թաղման կարգ և հանդիսավոր թափոր, որն էլ խորհրդանշում է Քրիստոսի թաղումը: Եվ ապա այդ գերեզմանի ծաղիկները բաժանվում են մարդկանց:

  ԱՎԱԳ ՇԱԲԱԹ՝ Շաբաթ երեկոյան կատարվում է Զատիկի՝ Սուրբ Հարության Ճրագալույցի պատարագ, երբ տրվում է Քրիստոսի Հարության ավետիսը, որով և ավարտվում է Մեծ պահքը: Ճրագալույցի պատարագով սկսվում է Հարության տոնը, իսկ կիրակի օրը Զատկական պատարագով այն վերածվում է համընդհանուր տոնախմբության: Հիսուսն իր մահով հաղթեց մահվանը, մեզ՝ մարդ արարածներիս փրկության համար: Երբ Զատկական պատարագին լսում ենք <<Քրիստոս Յարեաւ ի մեռելոց>> ավետիսը, մենք էլ մեր ձայնը բարձրացնենք, պատասխանելով՝ Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի:

Ավագ շաբաթվա արարողակարգերի մասին կարող եք տեղեկանալ նաև  http://www.qahana.am/?ln=am&page=spiritual_library_item&id=483 կայքից