Հեռավար ուսուցման ծրագիրը կարող է ընտրել սովորողը (սովորողի օրինական ներկայացուցիչը), եթե՝
Սովորողը բացակայում է երկրից. ուզում է կրթություն ստանալ հայրենիքում, ընտրում է կրթահամալիրում իրականացվող հեղինակային ծրագիրը: Ուսուցման հեռավար ձև ընտրած 1-12-րդ դասարանի սովորողի հետ ուսումնառության պայմանագիրը կնքվում է մեկ ուսումնական տարվա, կրթական կոնկրետ աստիճանի կամ ժամանակահատվածի համար:
Սովորողը ուզում է ներառվել կրթահամալիրի բաց կրթական ցանցում։ Բնակավայրի հեռավորության առանձնահատկություններով պայմանավորված՝ ընտրում է հեռավար ուսուցման ծրագիրը: Կնքում է հեռավար ուսուցման պայմանագիր։
Ուսումնական տարվա ընթացքում սովորողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումով, դպրոցի տնօրենի հրամանով ժամանակավոր հեռավար ուսուցման կարող է անցնել կրթահամալիրի դպրոցի 1-12-րդ դասարանում սովորողը, երբ նրա ներկայությունը ուսումնական պարապմունքներին ժամանակավորապես անհնար է առողջական, անձնական կամ ընտանեկան հանգամանքների բերումով։ Հեռավար ուսուցման անցնող սովորողի ուսումնառության պայմանանագրում արվում են անհրաժեշտ լրացումներ, կցվում՝ համապատասխան հավելված։
Սովորողն իր նախընտրությամբ կարող է ընտրել նաև համակցված ուսուցման տարբերակը՝ ուսումնական պլանով ամրագրված դասընթացների մի մասն անցնել հեռավար, մյուս մասն՝ առկա. ուսուցման այս ձևի ընտրությունը նույնպես համապատասխան իրավական արտացոլում է ստանում՝ համակցված ուսուցման անցնող սովորողի ուսումնառության պայմանանագրում արվում են անհրաժեշտ լրացումներ, կցվում՝ համապատասխան հավելված։
Սովորողը սահմանված կարգով ընդունվում է կրթահամալիրի՝ համապատասխան աստիճանի կրթական ծրագիր իրականացնող դպրոց, դպրոցի ղեկավարի հրամանով, ընտրում հեռավար ուսուցման ծրագիրը կամ դրա բաղկացուցիչը: Դպրոց ընդունվելիս սովորողը, նրա ծնողը (օրինական ներկայացուցիչը) ներկայացնում են կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը: Սովորողի համար կազմվում է անհատական ուսումնական պլան՝ իր պարզաբանումներով, որը ուսումնառության պայմանագրի հավելվածն է, mskh.am տարածքում ստեղծվում է էլեկտրոնային հասցե, ուսումնական բլոգ:
Անհրաժեշտ է, որ հեռավար ուսուցման՝
1-12-րդ դասարանի սովորողն ունենա համակարգչով աշխատելու կարողություններ, օգտագործի էլեկտրոնային փոստ, ծանոթ լինի բլոգավարությանը, ունենա անհատական ուսումնական բլոգ։
Կրթահամալիրի դպրոցում ուսուցման հեռավար ձևով սովորողին ուղարկվող առաջադրանքների գրանցման կարգ
Սովորողին առաջադրանքներ ուղարկում է դասավանդողը: Նույն նամակը դասավանդողն ուղարկում է նաև դպրոցի գրասենյակ: Առաջադրանքները տեղադրված են դասավանդողի բլոգի համապատասխան բաժնում: Սովորողը կատարած աշխատանքը տեղադրում է իր բլոգում և հղումն ուղարկում դասավանդողին (խորհրդատուին), դպրոցի գրասենյակին: Դպրոցի գրասենյակը յուրաքանչյուր սովորողի համար գրանցում է ուղարկված առաջադրանքը՝ օրը, ժամը, առաջադրանքի հղումը, ինչպես նաև՝ պատասխանը: Ամեն ամսվա վերջում դպրոցի, հեռավար ուսուցման լաբորատորիայի ղեկավարին, համապատասխան դպրոցի ղեկավարին տեղեկանք է ներկայացնում յուրաքանչյուր դասավանդողի ուղարկած առաջադրանքների քանակի մասին, ինչպես նաև սովորողի կատարած աշխատանքների մասին:
Առաջադրանքներն ու նախագծերը հավաքվում են սովորողի բլոգի համապատասխան բաժիններում։
Կրթահամալիրի դպրոցում ուսուցման հեռավար ձևով սովորողի հետ տեսահանդիպում կազմակերպելու կարգ
Նախաձեռնողը էլեկտրոնային նամակով դիմում է մյուս կողմին և դպրոցի գրասենյակին: Կողմերը համաձայնության են գալիս տեսահանդիպման օրվա, ժամի մասին (տևողությունը՝ 20 րոպե) և տեղեկացնում են գրասենյակին: Տեսահանդիպումն իրականացվում է դասավանդողի ուսումնական պարապմունքից ազատ ժամին:
Եթե տեսահանդիպումն աշխատանքային ժամից դուրս է, այն դասավանդողի համար լրացուցիչ աշխատանք է համարվում:
Դպրոցի գրասենյակը գրանցում է կայացած տեսահանդիպումը՝ օրը, ժամը, տևողությունը կամ չկայանալու դեպքում՝ պատճառը:
Համաճարակային, բնակլիմայական և այլ պատճառներով սովորողների, սաների ուսումնական պարապմունքները դադարեցնելու ժամանակահատվածում հեռավար կարող է կազմակերպվել դպրոցի բոլոր սովորողների ուսուցումը։
Իրավական հիմնավորում
ՀՀ Սահմանադրություն, Հոդված 38՝ կետ 1․ Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Պարտադիր կրթության ծրագրերը և տևողությունը սահմանվում են օրենքով:
Հանրակրթության մասին ՀՀ օրենքով (հոդված 4, կետ 2.1)՝ «Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք։ Ներառական կրթության քաղաքականությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության և որակի ապահովմանը», «Կրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը սահմանում է կրթության ձևերը՝ «Սովորողների կարողություններին և պահանջմունքներին համապատասխան` կրթական ծրագրերն իրականացվում են առկա (ստացիոնար), հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (ընտանեկան և ինքնակրթության) ձևերով»:
Կրթահամալիրի կանոնադրությամբ (կետ 31) որոշված է՝ «Կրթական ծրագրով կիրառվում են առկա, հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևեր` Սովորողին տալով պահին, պայմաններին համապատասխան ձևն ընտրելու հնարավորություն»:
Կրթահամալիրի կառավարման խորհրդում հաստատված օրինակելի նմուշի ուսումնառության պայմանագիր։