• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ԳՈՒՍ մեթոդը կամ Եկա, տեսա, սովորեցի…

 

   Յուրաքանչյուր լավ կամ վատ բան այս կյանքում ունի իր սկիզբն ու ավարտը…Չգիտեմ, թե ով է ասել այս շատ իմաստուն խոսքերը, բայց դրանց մեջ ճշմարտացիության չափաբաժինը բավականին մեծ է, և ես լիովին համամիտ եմ այս մտքի հետ: Մի գեղեցիկ օր սկսվեց «Եռամսյա Պրակտիկան», տևեց երեք ամիս և ավարտվեց: Այս երեք ամսվա ընթացքում ինձ համար շատ փոփոխություններ են տեղի ունեցել անձնային և մասնագիտական առումներով: Որպես մասնագետ՝ կարողացա կիրառել մասնագիտական գիտելիքներս և ձեռք բերեցի հոգեբանի մասնագիտության պրակտիկ գիտելիքներ, փորձ և հմտություններ: Հասցրել եմ աշխատել 5-15 տարեկան սովորողների հետ, իրականացնել հոգեբանական մեթոդներ, կազմակերպել հոգեբանական խաղեր և խաղերի ու հանձնարարությունների միջոցով ուսումնասիրել երեխաների իմացական գործընթացները: Կիրառել եմ հոգեբանական մի շարք մեթոդիկաներ, ինչպիսիք են պրոյեկտիվ մեթոդները, հեքիաթաթերապիան, արտ-թերապևտիկ մի շարք մեթոդիկաներ, զարգացնող աշխատանքներ առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ, աշխատանք ինքնագնահատականի բարձրացման և Ես-կոնցեպցիայի հետ:

   Անձնային առումով կարող եմ ասել, որ երբ սկսում ես մասնագիտական ոլորտում կայացման ճանապարհով քայլել, «անձնայինդ» սկսում է էլ ավելի ինքնավստահ և համարձակ դառնալ:

Իսկ այժմ խոսեմ մանկավարժության մեջ հայտնի ԳՈՒՍ մեթոդից` Գ- գիտեմ, ՈՒ- ուզում եմ իմանալ, Ս-սովորեցի, ճիշտ և ճիշտ ինձ համար է այս մեթոդը: Գիտեմ` ունեի մասնագիտական գիտելիքներ, գիտեի, որ գալով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր կկրկնապատկեմ գիտելիքներս ու հմտություններս: ՈՒզում եմ իմանալ` ուզում էի իմանալ, թե ինչպես կարող եմ կիրառել մասնագիտական գիտելիքներս, ինչպես է աշխատում հոգեբանը գործնականում: Սովորեցի` պրակտիկայի ընթացքում սովորեցի կիրառել մեթոդներ, մեթոդիկաներ, աշխատել երեխաների հետ, սիրել նրանց և նրանց հետ տարվող աշխատանքի բուն գործընթացը:

   Յուրաքանչյուր ավարտ նորի սկիզբն է…Նորից չգիտեմ, թե ով է ասել, բայց շատ ճիշտ է ասել, այն որ ավարտվեց եռամսյա պրակտիկան, միայն նորի սկիզբն է: Իսկ քեզ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, ասում եմ մնաս բարով, երջանիկ եմ, որ քո պատերի ներսում եմ ձեռք բերել մասնագիտական առաջին փորձառությունս: