• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պատանի աստղագետները սեփական աստղադիտակ ունեն

«Ժամ» լրատվական

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և «Քվանտ» վարժարանի «Տիեզերք» ակումբները Կրթության և գիտության նախարարության տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոնի նախաձեռնությամբ հունիսի 9-ից 10-ը Բյուրականի աստղադիտարանում կազմակերպել էին տիեզերքով հրապուրված 12 -15 տարեկան դպրոցական տիեզերագետների աշխատանքների ամփոփում և բաց պարապմունքներ: Կազմակերպիչները հոգացել էին, որ մասնակիցները հարմար տեղավորվեն հյուրընկալ Բյուրականի աստղադիտարանի հյուրատանը, հնարավորինս շատ տեղեկություններ ստանան, ժամանակը հագեցած և հետաքրքիր անցկացնեն: Կարևորվել էին նաև հասակակիցների անձնական շփումները, համագործակցությունը:

Կատարվել են դիտումներ ինչպես աստղադիտարանի դիտակով, այնպես էլ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիեզերք» ակումբի նոր աստղադիտակով: Աստղադիտակը ակումբին նվիրել է «Հեռանկար» կրթական ծրագրը: Այս աստղադիտակով մասնակիցները դիտեցին Սատուրնի օղակները, կրկնակի աստղերը, աստղակույտերը, Լուսինը: Պատանի աստղագետները այցելեցին Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, եղան նաև նրա գրադարանում և աշխատասենյակում, որտեղ կինոլեկտորիում անցկացվեց:

Նշենք նաև, որ կրթահամալիր «Տիեզերք» ակումբն իր նոր դիտակով հունիսի 6-ին մասնակցել է Կասկադի վերին հարթակում կազմակերպված Վեներայի անցումը Արեգակի սկավառակի վրայով դիտելու նախաձեռնությանը և արժանացել ներկաների հիացմունքին, ցուցադրելով այդ հազվադեպ երևույթը տեսանելի 6 գույներում:

«Տիեզերք» ակումբ