• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այս սերունդը մեզ կստիպի փոխվել

Հասմիկը 2,8 տարեկան է: Շփումը այս աղջկա հետ ինձ մտածելու, մտահոգվելու  տեղիք է տալիս: Ուզում եմ ձեզ էլ փոխանցել դիտարկումներս: Չեմ կարծում, որ Հասմիկն առանձնահատուկ երեխա է: Կամ էլ նա առանձնահատուկ է այնքանով, որքանով առանձնահատուկ է յուրաքանչյուր երեխա: Բայց ակնհայտ է, որ մենք արդեն այլ սերնդի հետ գործ ունենք: Չասեմ այլ, ասեմ` ուրիշ, շատ ուրիշ: Սրանք ինքնուրույն, ազատ, առանց բարդույթների,  արագ մտածող և կողմնորոշվող, իրենց ցանկությունների մեջ հստակ, արտաքին գործոնների` դաստիարակության հեշտ չտրվող մարդիկ են: Ինտելեկտուալ են և շատ ընդունակ: Ինֆորմացիան կլանում են ֆանտաստիկ արագությամբ: Երբեմն անհասկանալի է, թե որտեղից գիտեն: Գիտեն ու վերջ: Իմացած տեղեկությունը շատ լավ են օգտագործում (Հասմիկին փորձում են ինչ-որ բան համոզել, ասում են` թույլ կտանք մեքենայի մեջ առջևում  նստես, արցունքների միջից ասում է` ոչ, չի կարելի, միլիցիոները թույլ չի տալիս):Բռնությանը չեն տրվում: Էստեղից էլ մեր բնութագրումը` ինքնասածի են: Տեխնիկային տիրապետում են շշմելու ազատությամբ (համակարգիչը միացնելն ու անջատելը, նկարների ալբոմը թերթելը, համակարգչի մկնիկն օգտագործելը, youtube-ի բացված էջում  իր ուզած մուլտֆիլմը դնելը և այլն): Կարծրատիպերի կրողը չեն:

Միասին նայում ենք «Դե, սպասիր» մուլտֆիլմը: Ասում եմ` տես, ինչ վատն է գայլը: Առանց մուլտֆիլմից կտրվելու` ուղղում է. «Գայլուկը վատը չի, անկարգ է» (իր սիրած հերոսներին է էդպես փաղաքշական դիմում): Հանկարծակիի եմ գալիս: Լռում եմ: Հասմիկը հանգիստ շարունակում է.«Բոլորը ծեծում են` առյուծը, արջը. մեղք է գայլուկը»: Որոշում եմ չնահանջել (ախր  այնքան խորն է մեջս  նստած էդ գայլի վատ ու չար լինելը ): «Հասմիկ,- ասում եմ,- տես` ոնց է վազում տրոլեյբուսի ետևից էդ չար անկարգը, ուզում է նապաստակին բռնել»: Նորից չի կտրվում մուլտֆիլմից, խոսում է առանց դեմքիս նայելու. «Գայլուկի գլուխը մնաց տրոլեյբուսի դռների արանքը, տես` ոնց է ցավում: Մեղք է»: Խնդրեմ, ի՞նչ ասես էս մարդուն: Գայլը հանգիստ, վայելելով Հասմիկի ըմբռնող բարյացակամությունն ու համակրանքը, շարունակում է մեկը մյուսի ետևից չարություններ անել: Էլ չեմ համբերում, զգում եմ, որ բարկանում եմ. «Դե, նայիր, ասա, անկարգ չէ՞»: Հետևում է պատասխանը. «Անկարգ է: Հիմա իրեն կասեն` քեզ տեղ չենք տանի, քեզ հյուր չենք տանի: Մեղք է գայլուկը»:  Հա~, տեղ չտանելով բոլորն են Հասմիկին սպառնում: Հիշեցի` հերթական անկարգության ժամանակ ասում եմ` սատանա ես, քեզ տեղ չեմ տանելու: Նայում է դեմքիս ու` ինչի սատանաներին տեղ չեն տանո՞ւմ: Արևիկ-մայրիկ, էս աղջկա հետ զգույշ է պետք լինել: Պատժելու ուրիշ բան մտածիր, դա լավ ձև չէ: Ինքը իրեն էլ, գայլուկին էլ մյուսների դաժանության զոհն է պատկերացնում: Ա~յ քեզ պատմություն: Սկսում ես մտածել` կարո՞ղ է էդպես է: 

Որ մեր ծնողների, դաստիարակ-դասվարների գործը հեշտ չի լինելու, պարզ է: Թե էս երեխաները  մեծանան` ի՞նչ են դառնալու, Աստված գիտի: (Չնայած` փո՞քր են որ...): Բայց որ մենք պետք է ամբողջական մանկավարժական մոտեցումներ ու սկզբունքներ, գուցե նաև աշխարհայացք  վերանայենք, դա էլ է հաստատ: Բարու ու չարի մեզ հարազատ դարձած ու շատ ու շատ այլ  կարծրատիպերը սրանց համար չեն: Լուրջ փորձություն է այս սերունդը: Մենք ոնց որ դա այդքան էլ լավ չենք գիտակցում: Էստեղ մեզ մասնակի, մակերեսային փոփոխությունները չեն փրկի: Հիմնախնդիրը հիմնովին է պետք լուծել: Եվ խնդիրն է մեր մեջ, և դրա լուծումն ենք մենք պարտավոր  գտնել: Հա~, դժվար վիճակում ենք հայտնվել: Բայց ուրիշ ելք չունենք, պիտի փոխվենք: Թե չէ, էս մարդիկ մեզ խնայողը չեն: