• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արձագանք «Ցավում եմ, որ անտեսվեցինք» նյութին

Կարդացի «Ցավում եմ, որ անտեսվեցինք» նյութը: Որոշեցի հետևել ուսուցչի հորդորին. «Շատ եմ   ցավում,  որ այս աշխատանքը  սպրդեց հանձնաժողովի   ուշադրությունից:  Առաջարկում եմ  մի անգամ ևս  նայել թողարկված տեսանյութերը  և ձեզ  թողնել  եզրահանգումները»: Մի անգամ էլ նայեցի: Ժամանակին արել էի եզրահանգում: Հիմա ասեմ բարձրաձայն: Սիրելի սովորողներ, հարգելի ուսուցիչ, ձեր ներկայացրած չարենցյան նյութերը ոչ միայն չէին կարող  ընտրվել, այլև այդպես  աշխատել չի կարելի: Ասեմ ինչու:
• Նախ` տեսանյութերի նկարների մասին: Դուք կայքից ուղղակի ներբեռնել եք նկարներ, այն դեպքում, երբ հստակ ներկայացված են կայքում հրապարակվող նկարներին տրվող պահանջները`  http://www.mskh.am/am/14791:  Ձեր նկարների մեջ ոչ մի ստեղծագործական մոտեցում չկա: Ես ժամանակին Գրիգոր Մանուկյանի նյութի տակ կարծիք էի գրել, որը կարծես թե բոլորովին ուշադրության չի արժանացել: Մեջ եմ բերում այդ կարծիքը. «Գրիշ ջան, քեզ նման նկարիչ տղան բա էդպիսի արհեստական նկարներո՞վ կներկայացնի Չարենց: Ո՞ւր են քո նկարները, ֆոտոնկարները... Բա եղա՞վ...»: Այսինքն, սիրելիներս, դուք չունեիք ձեր ֆոտոալբոմը, որտեղից կարողանայիք համապատասխան նկարներ ընտրել կամ  չէիք կարող ինքներդ տեսագրվել: Անգամ Գրիգոր Մանուկյանի նման շնորհալի նկարիչը իր ձեռքով իր Չարենցը չի ձևավորում: Համացանցից նկարներ ներբեռնել, երաժշտություն կցելը, դրանք մոնտաժային ծրագրում տեղադրելը և շատ ավելի լուրջ  բաներ կարողանում են նույնիսկ մեր 2-րդ դասարանցիները /տես Կարինե Բաբուջյանի 2-րդ դասարանցիների աշխատանքները/: Դա այն հմտությունը չէ, որով պարծենա 9-րդ դասարանցին:
• Ենոքյան Անժելայի տեսանյութը չէր կարելի այդպես տեղադրել կայքում: Այն թերի է: Տեսանյութի մեծ մասը դատարկ է: http://www.mskh.am/am/16158  
• Կան սխալ արտասանված բառեր ու բառակապակցություններ, ինչպես նաև հայերենի շեշտադրությանը խորթ երևույթներ: Անժելա Ենոքյանի նյութի մեջ փոխանակ հնչի` աչքերը լացկումած քաղցած են ու խորը, հնչում է` աչքերը լացակումած քաղցր են ու խորը: http://www.mskh.am/am/16158  
Ջուլիա Պետրոսյանը բանաստեղծությունը կարդում է շատ բառերի սխալ շեշտադրությամբ, ինչպես` կա’նգնիր, ա’նցորդ, նա’յենք, վա’զում, ա’նցնենք և այլն...   http://www.mskh.am/am/16450
• Եվ ամենակարևորի մասին: Գրականության համար ամենավտանգավոր բանը գրական ստեղծագործության փոխաբերական պատկերների ուղղակի ընկալումն ու ներկայացումն է: Էստեղ մեռնում է գրականությունն էլ, արվեստն էլ: Էլ ի՞նչ փոխաբերական իմաստ, էլ ի՞նչ ենթատեքստ, գեղարվեստական պատկեր ու գաղափար: Էլ ի՞նչ Չարենց ...  Քաղցած, ամեհի է գայլի պես աշունը` ներկայացված է կատաղի գայլի մռութ, Օրերը… ճամփորդների պես գնում են հեռու` դրված է երկաթուղային գծերով քայլող երեք պատանու նկար, արթնանա հանկարծ անիմաստ մի սեր, ու աստղը ժպտա մոխրացած քարին` պատկերված է սիրտ, սա հավանաբար անիմաստ սերն է, աստղ ու քար: Եվ այս մոտեցումը բոլոր աշխատանքներում է: Ուսուցիչը գրում է. «Արդյունքում  ունեցանք  չարենցյան  ընթերցումների`  իմ կարծիքով ստացված  այս ուսումնական փաթեթը, որն իսկապես խմբային  համատեղ աշխատանքի  հաջողված օրինակ էր  և  արժանի՛ էր  ուշադրության»: Հետևությունը թողնում եմ ձեզ: