• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ինչպիսի՞ն կցանկանայի տեսնել ավագ դպրոցը

Հիմա սովորում եմ միջին դպրոցում: Մյուս տարի, անկասկած, տեղափոխվելու եմ կրթահամալիրի ավագ դպրոց-վարժարան: Մի փոքր տեղեկություն ունեմ դրա մասին` գիտեմ ինչպես, ինչ ոճով են աշխատում: Իմ պատկերացմամբ, ավագ դպրոցը պիտի առաջնահերթ որակյալ կրթություն տա: Կրթություն, որով հանգիստ կարողանաս ԲՈՒՀ ընդհունվել, կրթություն, որի շնորհիվ կարողանաս հասնել ինչ- որ բանի, աշխատանք ունենաս: Դե, դա կրտսեր դպրոց չէ` խաղով, երգով, պարով: Տարիների հետ էդ ամենն էլ պիտի լրջանա, կրթության որակն էլ բարձրանա: Որակ ասելով` նկատի ունեմ պիտանելիություն: Այսօր էնպիսի բաներ եմ անցնում, որ վստահ եմ` ապագայում պետք չեն էլ գալու: Ինձ պետք չեն գալու, բայց մյուսին` ով ուզում է ,ասենք, քիմիկոս դառնալ, իհարկե պետք կլինեն: Այս ամենի հետ չպետք է մոռանալ հետազոտական աշխատանքները, ստեղծագործական կյանքով ապրելը: Որովհետև մեր ընտրած կրթությունն է էդպիսին` այլընտրանքային, հետազոտական: Պիտի լինել հասարակական մարդ` հասարակության կյանքով ապրել, չկտրվել աշխարհից ու չապրել միայն դպրոցով: Պետք չէ մոռանալ սրանց մասին նույնպես:

Երրորդ կարևոր բանը, իմ կարծիքով, կլինի ավագ դպրոցի սովորողի մասնակցությունը կրթահամալիրի ակումբներին: Կարելի է ստեղծել նաև լրագրային ակումբ (գիտեմ` նման գաղափար կա): Դա նման է մասնագիտական փորձառության:
Սովորողը պիտի մասնակցի նաև մեդիաօլիմպիադաներին: Չնայած լինելով սովորող՝ կարող եմ ասել, որ միանգամից հնարավոր չէ կատարել բոլոր առարկաների առաջադրանքները: Կարելի է ինչ-որ կանոն մտածել: Ասենք՝ կիսամյակի ընթացքում տվյալ առարկայից մեկ անգամ մասնացությունն էլ գովելի լինի, գնահատականի վրա ազդեցություն ունենա: Թե չէ՝ անարդար է ստացվում: Չենք հասցնում բոլոր առարկաները միասին  կիսամյակում երկու անգամ գրել:
 Դե, գնահատականի մասին ավելորդ է խոսելը: Միշտ արդար են եղել, քննարկման ենթակա չէ: Ուղղակի կարելի է մի քիչ հասանելի դարձնել 9 միավորը: Կրթահամալիրը առաջարկում է այլընտրանքային կրթություն, բոլորս էլ հասկանում ենք ու մեր կամքով ենք ընտրել:

Կարծում եմ` ավագ դպրոցը ոչնչով չպիտի տարբերվի միջին դպրոցից: Միայն ավելի լուրջ լինի, ԲՈՒՀ-ի համար պատրաստ լինենք ու հասարակական կյանքով ապրենք: Թերևս այսքանը: