• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թբիլիսիի Ս.Գևորգ եկեղեցի

Բերդի Մեծ եկեղեցի, Կաթողիկե Ս. Գևորգ, Նարիկալա ամրոցի ստորոտում, Հայաստանյայց առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդանիստը: Ըստ շինարարական արձանագրության, 1251-ին կառուցել է պարոն Ումեկը (սկզբնապես կոչվել է Ս. Աստվածածին), որը մոնղոլական արշավանքների հետևանքով 1242-ին Կարինից գաղթել էր Տփղիս և վրաց արքունիքում բարձր դիրքի հասել:

1284-ին Թբիլիսիի ս. Գևորգ եկեղեցում Հովհաննես Երզնկացին (Պլուզ) քարոզ է կարդացել «Յաղագս երկնային շարժմանց» թեմայով` նվիրված աստղաբաշխությանն ու օդերևութաբանությանը: XIV–XVIII դդ. Թբիլիսիի ս. Գևորգ եկեղեցում բազմաթիվ ձեռագրեր են գրվել: 1616-ին Պարսից շահ Աբբասի արշավանքից հետո եկեղեցին խլվել է հայերից և չի գործել: 1779-ին ավագ երեց Առաքել Սահառունյանը վերաբացել է այն, 1781-ին հվ-ից և արմ-ից շրջապատել պարսպով, բնակելի շենք կառուցել, նորոգել եկեղեցու գմբեթը և ներսը նկարազարդել: 1792-ին մահտեսի Հակոբջան Արղունյանը նորոգել է ծածկի թաղերը և եկեղեցուն նվիրել Սեյիդաբադի այգիները: 1795-ին Պարսից Աղա-Մահմեդ-խան Ղաջարի արշավանքի ժամանակ Թբիլիսիի ս. Գևորգ եկեղեցին կողոպտվել է և հրդեհվել, ոչնչացել են այնտեղ պահվող ձեռագրերը: Հրոսակների ձեռքով զոհվել է նաև Սայաթ-Նովան, որին, ըստ ավանդության,  թաղել են եկեղեցու հս. պատի տակ:

 1922-ին գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանը Թբիլիսիի ս. Գևորգ եկեղեցում նկարել է չորս որմնանկար և Քրիստոսի կյանքը պատկերող մեծադիր կտավներ: 1925-ին նրա աճյունն ամփոփվել է եկեղեցու հս. պատի տակ: 1930-ական թթ. Թիֆլիսի հայկ. Հարանց վանքը քանդելու և տեղում դպրոց կառուցելու պատճառով վանքի տարածքից Թբիլիսիի ս. Գևորգ եկեղեցու բակ են տեղափոխվել հայ նշանավոր զորավարներ Մ. Լոռիս-Մելիքովի, Ի. Լազարյանի, Ա. Տեր-Ղուկասովի և Բ. Շելկովնիկովի աճյունները:

1977-ին նորոգվել է եկեղեցին, մաքրվել ներսի պատերի յուղաներկի շերտը, բացվել է նկարիչ Հովնաթան Հովնաթանյանի վրձնին պատկանող տասը որմնանկար (XVIII դ. վերջ)` ի լրացումն մինչ այդ պահպանված 14-ի: Խորանի գմբեթարդին պատկերված է ամպերին բազմած Քրիստոսը, ձեռքին մագաղաթ` «Գնացեք, այսուհետև աշակերտեցեք զամենայն հեթանոսն» գրությամբ:

Թբիլիսիի ս. Գևորգ եկեղեցու բակում 1914-ից ամեն տարի մայիսին մեծարվում է Սայաթ-Նովայի հիշատակը` ժողովրդի այցելությամբ և Վարդատոնով (նախաձեռնողները եղել են Հովհաննես Թումանյանն ու Գևորգ Բաշինջաղյանը):

Աղբյուր` Հայկական հանրագիտարան