• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեդիահամագործակցություն

Մանե Գևորգյան

Փի-էյջ international-ի «Առաջնորդություն առանց սահմանների» նախագծի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողների փոխանակման ծրագրի շրջանակում եղանք Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում: 
Նախագծի նպատակը երկու դպրոցների միջև համագործակցություն հաստատելն էր: Անկեղծ ասած` համագործակցությունն  արդեն սկսված էր, մենք շարունակողներն ենք: 
«Ես մի քիչ հետո  կհասնեմ, հինգ րոպե, տասը... վայ, չգիտեի, որ այս երթուղայինը չի հասնում դպրոցի մոտ... դե լավ, միևնույն է` չէինք հասցնելու...»: Մի քիչ նեղվեցինք, անհանգստացանք, բայց այնուամենայնիվ հասանք, ավելին ասեմ, շատ լավ հասանք: 
Դպրոցում շատ լավ դիմավորեցին. երգ, պար, ջերմ ժպիտներ: 
11:30 սկսեցինք սեմինարը: Ավելի շատ ոչ թե լուրջ սեմինարի, այլ ջերմ հանդիպման էր նման: Ծանոթացանք` նշելով և՛ մեր հետաքրքրությունները, և՛ այն համակարգչային ծրագրերը, որոնց տիրապետում ենք: Պարզվեց` դպրոցի դասարանի սովորողների մեծ մասը տիրապետում են անհրաժեշտ ծրագրերից մեծ մասին: Դա միայն հեշտացրեց մեր աշխատանքը. ծրագրեր բացատրելու փոխարեն միանգամից անցանք բուն աշխատանքին:
Ներկայացրեցինք կրթահամալիրի կայքը, մեդիաօլիմպիադան, գրադարանի կայքն ու գրադարանի գործընկերներին: Խոսեցինք այն կայքերի մասին, որոնք անհրաժեշտ է օգտագործել ուսումնական գործընթացն ավելի հետաքրքիր և նպատակային դարձնելու համար: 
Դիտեցինք մեր պատրաստած ուսումնական աշխատանքներից ու ֆիլմերից մի քանիսը: Դիտեցինք ու անցանք գործնական աշխատանքի: Տեղում բաժանվեցինք երեք խմբերի. առաջին խումբն սկսեց պատրաստել ֆիլմ` Գավառի մասին, իսկ մյուս խումբը որոշեց պատրաստել պրեզենտացիա` աշխարհի լավագույն համալսարանների մասին: Երրորդ խմբի հետ միասին պատրաստեցինք ռադիոթատրոն Ռիչարդ Բախի «Չկա այդպիսի բան չկա` հեռու» ստեղծագործության հիման վրա:
Սեմինարը տևեց մինչև ժամը երեքը` ներառյալ ընդմիջումը: Ժամանակը շատ արագ, բայց արդյունավետ անցավ: Աշխատանքների մեծ մասն արդեն ավարտված, նյութերը տեղադրված են: 
Տանտերերը էքսկուրսիա էին կազմակերպել` տեսարժան վայրերը ցույց տալու համար: Եղանք Նորատուսում, տեսանք խաչքարերը, գնացինք Հայրավանք և Աշոտ Երկաթի ամրոցը:
Հիմա արդեն ուշ է, բայց դեռ շարունակում ենք աշխատել... այնքաան լավ ես զգում, երբ բովանդակալից ու արդյունավետ օր ես անցկացրած լինում: