• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

Մենք՝ Թալինում

Նկարագրություն: 
Այս շաբաթը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում հայտարարվել է ուսումնական ճամփորդությունների շաբաթ: Այդ նախագծի շրջանակներում էլ որոշեցինք այցելել Թալին: Առավոտյան շարժվեցինք շատ բարձր տրամադրությամբ: Առաջին կանգառը Մաստարայի դպրոցն էր: Դպրոցի անձնակազմը շատ բարեհամբույր էր: Մեզ շատ ջերմ ընդունեցին: Սկզբում ուղեկցեցին տասներկուերորդ դասարան, որպեսզի այդ դպրոցի շրջանավարտների հետ կիսվենք մեր գաղափարներով, մեր նպատակներով, տեղի ունենա փորձի փոխանակում: Սկզբից մենք ներկայացրինք մեր կրթահամալիրը: Այլընտրանքային ուսուցման մեր ձևը բավականին հետաքրքրեց թե՛ աշակերտներին, թե՛ ուսուցիչներին: Նրանց ամեն ինչ թվում էր շատ անսովոր, բայց միևնույն ժամանակ շատ հետաքրքիր: Նրանց հրավիրեցինք նաև մեր կրթահամալիր շրջայցի: Եվ տեղեկացրինք, որ կարող ենք նաև տրամադրել կացարաններ, եթե ցանկանան մնալ գիշերակացով: Նրանց մեր առաջարկը շատ դուր եկավ: Խոստացան արձագանքել: Հետո մտանք տասնմեկերորդ դասարան: Այդտեղ հայերենի շատ բանիմաց ուսուցչուհին՝ տիկին Մարինեն մեզ պատմեց Մաստարայի մասին: Տվեց անվան ստուգաբանությունը և առաջարկեց մեզ իր աշակերտների հետ ուղեկցել Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի: Նրանց ուղեկցությամբ հասանք այդ գեղեցիկ եկեղեցին, որը 5-րդ դարի կառույց էր: Այն ուներ շատ հետաքրքիր ու մեծ գմբեթ: Աղոթեցինք, Առավոտ լուսո երգեցինք և շարժվեցինք առաջ: Հետո ուղևորվեցինք դեպի Թալին՝ Թալինի բերդ: Տպավորությունները սպասվածից ավելին էին: Բերդը շատ հին կառույց էր, երևում էին կիկլոպյան ժամանակների հիմքերը, բայց պահպանված էր և այժմ վերանորոգվում էր: Բարձրացանք բերդի պարիսպների վրա, այդտեղից տեսանք Թալինի համայնապատկերը և լուսանկարվեցինք, հետո գտանք գաղտնարան տանող մուտքը և ելանք բերդի տանիքը: Հաջորդ կանգառը Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աստվածածին եկեղեցիներն էին: Առաջին եկեղեցին կիսավեր վիճակում էր, երկրորդը՝ լավ էր պահպանված: Այս եկեղեցիները ևս շատ գեղեցիկ էին: Այսքանով ավարտվեց դեպի Թալին մեր ճամփորդությունը, որն անցավ շատ հետաքրքիր և ուսուցողական: Լաուրա Սարիբեկյան, 12-րդ դասարան