• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Ուսումնական պարապմունքի կազմակերպման կարգ

Հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանը կազմակերպվում է ուսումնական պարապմունքների միջոցով՝ դասերի, ակումբային պարապմունքների, ուսումնական նախագծերի, ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունների, մասնագիտական փորձառությունների, ճամբարների, ստեղծագործական հավաքների, ստուգատեսների, համերգների, ցուցահանդեսների, ներկայացումների (ուսումնական պարապմունքներ) ձևով՝ ապահովելով ուսուցման անհատականացում, ուսուցման կազմակերպման (տեղ, ձև, ժամանակ, պայմաններ) հարմարվածությունը անհատին, ամբողջական ներառականություն։

Ուսումնական պարապմունքի կազմակերպման ձևեր են առկա, հեռավար և առցանց:

Առկա ուսումնական պարապմունքները կարող են անցկացվել ինչպես կրթահամալիրի տարածքում` դպրոցների կաբինետներում, լաբորատորիաներում, պարտեզում, բակերում, տանիքում, մարզադահլիճներում, այնպես էլ կրթահամալիրից դուրս՝ արտագնա, փոխանակման ծրագրերի կազմակերպման նախագծով, թանգարանում-համերգասրահում, բնության-պատմության հուշարձանի տարածքում, այլուր:

Հեռավար, առցանց պարապմունքները կազմակերպվում են mskh.am ցանցում՝ դասավանդողների, սովորողների բլոգներում, ենթակայքերում, փոստային համակարգում, դրանց համար նախատեսված համացանցային այլ տարածքում։

Ուսումնական պարապմունքի բովանդակությունը, ձևը որոշվում է դասավանդողի ներկայացրած ծրագրով, կրթահամալիրի, դպրոցի, դասընթացի օրացույցով, իրականացվող նախագծով։ Պարապմունքի, նախագծի ղեկավարն իր բլոգում նախօրոք հրապարակում է բովանդակությունը, տեղեկություն անհրաժեշտ ուսումնական նյութերի մասին կամ նյութերը՝ դասագրքի, ուսումնական այլ գրականության հատվածներ, կայքէջեր, ցուցադրվող-ուսումնասիրվող նյութեր, աշխատանքային այլ ուսումնական նյութեր։ 

Ուսումնական պարապմունքի մասնակիցները որոշվում են դպրոցի աշխատակարգով (դասացուցակով)` դասարան, խումբ, պարապմունքը վարող մասնագետ։ Պարապմունքին կարող են մասնակցել կրթական փոխանակման ծրագրի մասնակից` հանրապետության այլ դպրոցների, արցախցի, վրաստանցի սովորողներ։ Նրանց մասնակցությունը որոշվում է ընդունելության ծրագրով, իրականացվող ուսումնական նախագծով։

Պարապմունքը նախագծում և վարում է կրթահամալիրի դասավանդողը,  նախագծով որոշված այլ դասավանդող կամ սովորող, հրավիրյալ մասնագետ, տվյալ բնագավառում հայտնի գործիչ, ծնող: Մասնակիցների համար պարտադիր է ուսումնական պարապմունքի ծրագրով որոշված աշխատանքը` նախագծի ղեկավարի որոշած աշխատակարգով կամ մասնակցի որոշած, նախագծի ղեկավարի հաստատած աշխատակարգով: 

Ուսումնական պարապմունքի ղեկավարը, մասնակիցները պատասխանատու են պարապմունքին անհրաժեշտ գործիքների, նյութերի, պայմանների առկայության համար։ Անրաժեշտության դեպքում պարապմունքի ղեկավարը դիմում է դպրոցի ղեկավարին, նրա միջոցով հայտ ներկայացնում կրթահամալիրի տնօրենին։

Ուսումնական պարապմունքները, այդ թվում՝ բացօթյա, կազմակերպվում են հիգիենիկ, միջավայրում: Ուսումնական պարապմունքի տարածքը կրթական օբյեկտում պետք է լինի օդափոխված, հարմար սովորողի անհատական ուսումնական գործունեությունը կազմակերպելու համար: Ձմեռային ամիսներին ուսումնական կաբինետում ջեմաստիճանը պետք է լինի 18 աստիճան: 

Ուսումնական պարապմունքի բացօթյա տարածքը` բակը, հասարակական վայր, հուշարձանի տարածք, պետք է պարապմունքից առաջ մաքրվի, խնամվի` դառնալով մաքուր և հիգիենիկ։ 

Պարապմունքի մասնակցությունը գրանցվում է սահմանված կարգով։

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.