• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մամուլի ասուլիսի հաշվետվություն

Փոքրիկ հաղթանակ.

առաջին, բայց ոչ վերջինը

Երեկ Մեդիակենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որին  մասնակցելու հրավեր էր ուղարկվել բազմաթիվ լրատվամիջոցների՝ հեռուստա-ռադիոընկերությունների, թերթերի ու էլեկտրոնային մամուլի: Ինչպես և կանխատեսում էին գործընկերներս, ովքեր բազմիցս փորձել են մամուլի ուշադրությունը հրավիրել iրթահամալիրvgh նախաձեռնություններին ու ծրագրերին, լրագրողների թիվը մեծ չէր: Սկզբում ես մի քիչ ծանր տարա այդ փաստը, սակայն օրվա ընթացքում ինձ մխիթարեց այն հանգամանքը, որ տարբեր լրատվամիջոցներ սկսեցին վերահրապարակել մեր մասին գրված նյութերը: Մի քանի ինտերնետային կայքեր էլ, օգտագործելով մեր տարածած հաղորդագրությունը, կրկին անդրադարձել էին թե՛ «Ասպետ», թե՛ «Տիեզերական» ճամբարներին մեր մասնակցությանը:

Այնպես որ, կարող ենք արձանագրել մի փոքրիկ հաղթանակ լրատվամիջոցների հետ կապի հաստատման մեր առաջին փորձերում:

Ասուլիսի կազմակերպման ընթացքում մի քանի խնդիրներ գոնե ինձ համար բացահայտվեցին, որոնց լուծման ուղղությամբ մոտ ժամանակներս պիտի լրջորեն աշխատեմ: Պարզվում է, որ լրագրողներն ունեն կարծրատիպ մեր կրթահամալիրի մասին. բոլորը, խոսքները մեկ արած, կարծում են, որ «մասնավոր դպրոց է, որի մասին նյութ գրելը կդառնա գովազդ»: Հիմա պետք է ամեն ինչ անել այդ մտայնությունը կոտրելու համար:

Այս առումով բավական լուրջ ու քրտնաջան աշխատանք է սպասում ինձ: Եվ կրթահամալիրի աշխատակիցների օգնությունը զուր չի լինի:  

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր օգնեցին ինձ կազմակերպման հարցում` Սուսան Մարկոսյանին, Արտակ Զարգարյանին, Վահրամ Թոքամջյանին, Էմանուել Ագջոյանին, Զարուհի Առաքելյանին, Արմինե Ղազարյանին, Լևոն Արամյանին, երկու ճամբարների մասնակիցներին և, իհարկե, տիար Բլեյանին: Չմոռանամ նաև շնորհակալությունս հայտնել մեր TV MSKH-ին՝ Անիի ու Միշոյին:

Եվ մեծ, մեծ, մեծ շնորհակալություն բոլոր սովորողներին ու ուսուցիչներին, ովքեր կայքում վիդեոներ, նկարներ ու ինֆորմացիա են տեղադրել ասուլիսի մասին: