• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Մշուշից այն կողմ

Նկարագրություն: 
Աղավնավանքը կամ Անապատ Սբ Աստվածածին եկեղեցին, որը հայտնի նաև Աղնաբաթի վանք անունով, կառուցվել է 12-13-րդ դարերում: Գտնվում է Դիլիջան ազգային պարկի Աղնաբաթ անտառամասում, որն առանձնանում է այստեղ աճող և բարձր գնահատվող կարմրածառ ծառատեսակով։ Կարմրածառը բարձրահասակ մշտադալար ծառատեսակ է` սլացիկ բնով, մուգ կանաչ կոնաձև գագաթով և կարմիր հյութեղ հատապտուղներով։ Հայկական անվանումը ծագել է այս ծառի փայտի գույնից. այս փայտը բարենպաստ չէ սնկերի բազմացման համար, վանում է միջատներին և մակաբույծներին, նաև ջրադիմացկուն է։ Նման գերազանց հատկանիշների շնորհիվ այն օգտագործվել է Ք.ա. 3-րդ հազարամյակից ի վեր, երբ դրանից հիմնականում սարկոֆագներ են պատրաստել։ Կարմրածառի փայտը օգտագործվել է նաև զենք, գործիքներ, կահույք և անգամ ջրատար խողովակներ պատրաստելու համար։ Այստեղի կարմրածառերը 300-400 տարեկան են և ունեն 25 մ բարձրություն, իսկ բների շրջագծերը հասնում են մոտ 0,7-0,9 մ-ի։ Աղավնավանք գետակի աջ ափին գտնվող Ս. Աստվածածին Անապատ եկեղեցու մասին մատենագրական տեղեկություններ չկան, սակայն ըստ նրա վրայի վիմագրությունների, որոնք վերաբերում են 12-13-րդ դդ, եկեղեցին կառուցվել է 11-12-րդ դարերում: Լեգենդը պատմում է, որ այս վայրերում ապրել է մի երիտասարդ, ով բույսերից պատրաստած սպեղանիներով կարողանում էր տարբեր հիվանդություններ բուժել: Գյուղում բոլորը շատ էին սիրում երիտասարդին , նա սպասված հյուր էր յուրաքանչյուրի տանը: Շատերն էին դիմում նրա օգնությանը՝ թե՛ հասարակ գյուղացիները և թե՛ հարուստ իշխանները: Մի անգամ էլ տեղի իշխաններից մեկի դուստրը՝ գեղեցկուհի Նաբաթը, ծանր հիվանդանում է: Ոչ ոք չի կարողանում բուժել աղջկան, և իշխանին խորհուրդ են տալիս կանչել սպեղանիներ պատրաստող տղային: Երիտասարդը մի քանի օր շարունակ տարբեր դեղաբույսեր է հավաքում, թուրմ պատրաստում, որի օգնությամբ դեռատի աղջիկը շուտով ոտքի է կանգնում: Երջանիկ հայրը կարգադրում է մի պարկ ոսկի բերել երիտասարդի համար, սակայն տղան իշխանից դստեր ձեռքն է խնդրում: Տեսնելով տղայի ազնվությունն ու նվիրվածությունը՝ իշխանը համաձայնվում է: Սակայն Նաբաթը որքան գեղեցիկ , այնքան էլ փառասեր էր, մերժում է տղային ՝ ասելով, որ աղքատ բուժակը վայել չէ իրեն: Հուսահատ տղան թողնում է իր ունեցվածքը, հարազատներին, ընկերներին և օրեր շարունակ մեն -մենակ շրջում անտառներում: Սիրած աղջկա պատկերը հայտնվում էմեկ առվակի ջրերի, մեկ առավոտյան ցողի, մեկ անձրևի կաթիլների մեջ: Անցնում են օրեր ու ամիսներ... Մի անգամ, հայտնվելով ժայռի գագաթին, երիտասարդը նայում է ներքև և վազող առվակի ջրերի մեջ տեսնում գեղեցկուհի Նաբաթի ժպտացող պատկերը: Նաբաթը ձեռքերը վեր պարզած կարծես իր գիրկն է կանչում տղային: «Ա˜ խ, Նաբա ՛թ» վերջին անգամ կանչում է տղան ու ժայռից նետվում ներքև: Համաձայն լեգենդի՝ հենց այս բառերից է առաջացել Ախնաբաթ անվանումը: Ասում են նաև, որ, իմանալով տղայի մահվան մասին, գյուղացիները, որոնք անսահման սիրում էին նրան, որոշում են տղայի պատվին մի եկեղեցի կառուցել: Պատահական չէ, որ եկեղեցին էլ սիրահար տղայի նման մեկուսացված է անտառում, և այդ մենաստան-անապատ բառերից էլ առաջացել է նրա այժմյան անունը՝ ս. Աստվածածին Անապատ եկեղեցի: Հ.Գ. Վերջին նկարը՝ համացանցից:

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։

Plain text

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.