Նկարագրություն:
Սեպտեմբերի 23-ին կրթահամալիրի ուսումնական գործունեության կազմակերպման այլընտրանքին ծանոթանալու էին եկել Լոռու մարզի այս անգամ Կողեսի հիմնական, Պրիվոլնոյի, Պուշկինոյի միջնակարգ դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, սովորողներ, ծնողներ: Եկել էին տեսնելու, լսելու, հասկանալու, իրենցը դարձնելու-տանելու մեծ ցանկությամբ, պատրաստակամությամբ: Կենտրոնի սեմինարների սրահում ներկայացվեց կրթահամալիրի մեդիամիջավայրը, բաց համակարգ ապահովելու համար անհրաժեշտ մեդիագործիքները, կիրառման ձևերը: Սեմինարը շարունակվեց քայլքով-շրջայցով Գեղարվեստի դպրոց-Մայր դպրոց: Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը բաց հարցադրումներով շեշտադրում արեց նախևառաջ դպրոցներում տիրող կեղծիքի հաղթահարմանը, տնօրենների՝ մանկավարժությամբ զբաղվելու, դասավանդողների, սովորողների հետ ուղիղ հարաբերվելու, համայնքի, հանրության կողմից ընդունված-վստահելի լինելու, այդ կերպ իրենց պաշտպանվածությունն ապահովելու, չստրկանալու-ազատ գործելու կարևորությանը, անհրաժեշտությանը: Տիար Բլեյանը դիմեց սովորողներին ինքնուրույն լինելու, գիտակցված ազատ ընտրություն անելու, որոշում կայացնելու, սխալվելու-սխալն ուղղելու: Կոչ արեց թումանյանական ուղիղ ճանապարհով գնալու: Լոռու գործընկերները համեմատություն արեցին ֆիննական դպրոցի հետ. տիար Բլեյանը շեշտեց, որ նմանություն՝ գուցե, բայց նմանակում՝ ոչ. կրթահամալիրը տարիների իր հեղինակային փորձն ունի: Այո, քննության դպրոց չէ, կյանքի դպրոց է: Հետաքրքրող հարցերը շատ էին, ոչ մեկ օրվա, փոխադարձ նախաձեռնություններով կարող է շարունակությունը լինել: Ի դեպ՝ Պուշկինոյի տնօրենը սիրով-հուզումով հիշեց իրենց շրջանի եկեղեցում «Սեբաստացիներ» ուսուցչական երգաչխմբի հոգևոր կատարումները, տպավորված էր. մեզ էլ՝ հաճելի: Օրը ամփոփվեց կոմիտասյան օրերի մեկնարկով երաժշտասերների այգում: Ցտեսությունը՝ բարեկամացած: