Ակումբի ծրագիրը
<<ՄխիթարՍեբաստացի>> կրթահամալիր
2012-2013 ուս. տարի
<<Ազատ Խոսքի Ամբիոն>> ակումբի ծրագիր
Արման Երանոսյան
Հայեցակարգ
<<Ազատ Խոսքի Ամբիոն>> ակումբը հարթակ է, միջավայր` երկխոսելու, վերլուծելու, սեփական տեսակետները ու համոզմունքները ներկայացնելու համար: Ակումբի կազմակերպման ձևն ու կառուցվածքային բնույթը հնարավորություն են տալիս մասնակիցների մոտ ձևավորել և զարգացնել սեփական տեսակետներն ազատ արտահայտելու, դիմացինի տեսակետները լսելու հմտություններ և կարողություններ: Ակումբը հատկապես կարևորում է բանավեճերի անցկացումը: Բանավեճը մասնակիցներին հնարավորություն է տալիս զարգացնել սեփական տեսակետները արտահայտելու, դիմացինին համոզելու, դիմացինից սովորելու, նրան քննադատելու ունակություններ, ինչպես նաև, միջավայր է հանդիսանում բազմակարծության նկատմամբ հարգանք և հանդուրժողականություն սերմանելու:
<<Ազատ Խոսքի Ամբիոնը>> նախատեսում է. ուսումնական հաստատությունների, հասարակագիտական և փորձագիտական շրջանակների, հասարակական կազմակերպությունների, ուսանողության, քաղաքացիական նախաձեռնությունների ու շահագրգիռ խմբերի, ինչպես նաև կառավարական օղակների հետ համագործակցությամբ կազմակերպել քննարկումներ, սեմինարներ, կոնֆերանսներ, հասարակական-քաղաքական բազմաբնույթ խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ:
<<Ազատ Խոսքի Ամբիոն>> բաց ակումբ է, և կարող է ծառայել հարթակ ոչ միայն կրթահամալիրի սովորողների համար:
Նպատակը և խնդիրները
Ակումբի անդամների մոտ
· ձևավորել և զարգացնել սեփական տեսակետներն ազատ արտահայտելու, դիմացինին լսելու կարողություններ, նրանից սովորելու, նրան քննադատելու ունակություններ, բազմակարծության նկատմամբ սերմանել հարգանք և հանդուրժողականություն:
· մասնակից դարձնել հասարակական գործընթացներին, ճանաչել դրանց փոխադարձ կապերն ու անել ընդհանրացումներ,
· ձևավորել կողմնորոշվելու, որոշումներ կայացնելու, սեփական կարծիքն ազատ արտահայտելու կարողություններ և հմտություններ
· զարգացնե լստեղծագործական ունակությունները, տրամաբանական մտածողությունը, նպաստել հիշողության, դիտողականության և երևակայության զարգացմանը,
· զարգացնել տեղեկատվական տարբեր աղբյուրներից օգտվելու, երևույթները ուսումնասիրելու և վերլուծելու, դրանց պատճառահետևանքային կապը բացահայտելու կարողություններ,
· զարգացնել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներից օգտվելու և դրանց միջոցով գիտելիքների ինքնուրույն ձեռքբերման կարողություններ:
Ակումբային միջավայր
Ակումբի աշխատանքները կազմակերպելու համար տարածք կարող է հանդիսանալ ցանկացած վայր որտեղ, կախված թեմայից, քննարկվող նյութից, առավել արդյունավետ է անցկացնել ակումբի աշխատանքները: Հատկապես կարևորվում է ուսումնաճանաչողական այցելությունները, փորձի փոխանակումն ու համագործակցությունը նմանատիպ այլ ակումբների հետ: Ամբիոնը նախատեսում է ակտիվ գործունեություն ծավալել համացանցում՝ տարբեր սոցիալական ցանցերում, կայքերում, բլոգերում ներգրավելով : Այստեղ հատկապես կարևորվում է www.mskh.amկայքի ընձեռած հնարավորությունները:
Ակումբի աշխատանքների առավել արդյունավետ և դյուրին կազմակերպման համար անհրաժեշտ է թեմատիկ գրականություն , համացանցին միացված համակարգիչ, անհատական նոթբուք (նեթբուք), պրոյեկտոր, թվային տեսախցիկ, ֆոտոխցիկ, էլեկտրոնային կրիչ և պարագաներ:
Գործունեության ուղղություն
<<Ազատ Խոսքի Ամբիոնը>> նախատեսում է անմիջական կապեր հաստատել հայաստանյան և ոչ հայաստանյան կրթական հաստատությունների, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ՝ տնտեսության, իրավունքի, կրթության, գիտության, գրականության, արվեստի, մշակույթի, սպորտի, տեղեկատվության և այլ ոլորտներում նոր գիտելիքների ձեռք բերման, փորձի փոխանակման և համագործակցության համար, ծավալուն նորարարական գործունեություն:
<<Ազատ Խոսքի Ամբիոնը>> կարևորում է անհատական և խմբակային բանավեճերի, ինչպես նաև սեմինարների անցկացումը՝ սովորողի նախաձեռնողական մասնակցությամբ: