Նկարագրություն:
Ձմեռային ճամբարը նախագծային ուսուցման կարևոր ժամանակահատված է: Դրանում համոզվեցի՝ շրջայց կատարելով կրթահամալիրի Ավագ, Միջին և Հարավային դպրոցները: Էմանուել Ագջոյանի ջոկատի անդամները զբաղված էին իրենց հունվարյան անհատական պլանները կազմելով: Էմանուելը տեղեկացրեց, որ իրենք նաև նախապատրաստվում են մի հետաքրքիր հայտով մասնակցել Դիջիթեք 2017-ին: Նրանք մանրամասն աշխարհագրական ռելիեֆային տեղեկություններով հարստացրել են են Հայաստանի թվայնացված առցանց քարտեզը և այն դարձրել են օգտակար ուսումնական գործիք:
Գիտակների ակումբի անդամներն իրենց պարապմունք-խաղն էին անցկացնում Վահրամ Թոքմաջյանի կաբինետում: Հարց. «Ո՞ր թռչող կենդանու անունն են իրենց վերագրել Վալենսիայի ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները»: Պատասխան. «Չղչիկ»: Հարց. «Ո՞ր երկիրն է միաժամանակ գտնվում և՚ Հյուսիսային և՚ Հարավային Ամերիկայում»: Սովորողների պատասխանը մի քիչ ուշացավ և նրանց օգնության հասավ Արման Երանոսյանը. «Պանամա»: Աշխույժ ու հետաքրքիր պարապմունք էր, բայց ես պետք է շարունակեի իմ շրջայցը: Հարևան փոքրիկ ու բավականաչափ տաք դասասենյակում Ռինա Շագինյանն էր իր ջոկատով: Նրանց նախագիծն է՝ «Ընթերցում ենք Սայաթ Նովա հայերեն և վրացերեն»: Հիշում եմ, տարիներ առաջ Բաբկեն Ներսիսյանը իր մենաթատրոնով զարմացնում էր հայ ունկնդրին այդ նույն նախագծով, իսկ այժմ մեր կրթական ծրագիրը թույլ է տալիս, որ գրեթե մի ամբողջ դասարան Սայաթ Նովան ընթերցի և հայերեն և վրացերեն:
Մի այլ հետաքրքիր նախագիծ է իրականացնում անգլերենի ընտրությամբ խումբը Իրինա Ապոյանի ղեկավարությամբ: Նրանք ուսումնասիրել են դատաիրավական համակարգին վերաբերող անգլերեն բառապաշարը և արտահայտությունները և հիմա պատրաստվում են խաղարկային դատարանի մի նիստ կազմակերպել, որի աշխատանքային լեզուն անգլերենն է լինելու: Ես խոստացա, որ ներկա կլինեմ այդ նիստին:
Հաջորդ դասասենյակում Հասմիկ Ղազարյանն էր իր ձմեռային նախագիծն ընտրած սովորողներով: Նախագիծը կոչվում է «Օտարագիր սփյուռքահայ գրողներ»: Շարլ Ազնավուրի (ֆրանսերեն), Վիլյամ Սարոյանի (անգլերեն), Դովլաթովի (ռուսերեն), Հովիկ Կեոչկերյանի (իսպաներեն) մասին է լինելու նրանց նախագծի վերջնական արդյունք տեսաֆիլմը: Հարևան կաբինետում երկարաժամկետ «Ֆիլմադարան», «Գրապտույտ», «Շողակն» և «Կանթեղ» պատանեկան հանդեսների արարողներն էին Նունե Մովսիսյանի ղեկավարությամբ:
Լուսինե Բուշն էլ լեզվական խաղ էր կազմակերպել իր իր միջազգային E-twinning նախագծի մասնակիցների հետ:
Երբ մտա Հարավային դպրոցի առաջին դասարանցիների դասասենյակը, հանկարծակիի եկա երեխաների այդքան ջերմ ընդունելությունից: Նրանք ուրախ-ուրախ բերեցին ու ինձ ցույց տվեցին այն նկարները, որոնք այդ օրն էին նկարել, իսկ հետո նրանք Կարինե Բաբուջյանի ցուցումով սկսեցին ներկայացնել «Շուտասելուկներ» նախագիծը: Ժամը 13-ն էր և Հարավային դպրոցի միջանցքում սկսվեց 4-րդ և 5-րդ դասարանցիների հեծանվային մրցումները, իսկ որպեսզի երեխաները չկորեն այդ երկար միջանցքում, նրանց միացավ նաև Մենուա Հարությունյանը: