• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դպրոցում կա մի առարկա, և դա կյանքն է

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը: Նրա կարծիքով՝ դպրոցում պետք է դասավանդվի մեկ առարկա՝ կյանքը: Դա է ստեղծարար ուսուցչի մեկնակետը: Նա իր աշխատանքով պետք է խթանի աշակերտին՝ կյանքում անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու: Այդ աշխատանքը ուսուցիչը պիտի իրականացնի ծնողների հետ միասին:

Այսպիսին է Աշոտ Բլեյանի պատկերացումը ստեղծարար դպրոցի մասին, որը նա հակադրում է սպառողական դպրոցին, որտեղ տիրում է անգիր արած գիտելիքների, գնահատականների, քննությունների, ատեստատների ինքնանպատակ համակարգը:

Կրթությունը ղեկավարող պետական մարմինները, հաղորդման հյուրի կարծիքով, կողմնորոշված են հենց այդպիսի՝ սպառողական, դարն ապրած, ոչ արդիական դպրոցի կարիքների սպասարկման վրա: Դրան է նպաստում այդ կառույցների կողմից կիրառվող հրահանգների և արգելքների մեխանիզմը:

Դպրոցը, ըստ Աշոտ Բլեյանի, պետք է բաց լինի, և համացանցն այսօր դրա հնարավորությունը տալիս է: Ուսուցչին աշխատանքի ընդունելիս կարելի է որոնողական համակարգի միջոցով մանրամասն ծանոթանալ հավակնորդի նախորդ գործունեությանը, նախասիրություններին, մանկավարժության վերաբերյալ մոտեցումներին: Գործող ուսուցիչների դեպքում՝ նույնպես, նրանց դասավանդման ձևերը պետք է մատչելի լինեն հանրությանը, և այդ պարագայում դժվար չի լինի որոշել նրա պիտանելիությունը: Նման համակարգում ստուգումներ, ատեստավորումներ այլևս պետք չեն լինելու:

Աղբյուրը՝ factor.am