• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճամփորդի նոթերը

«Հանրակրթական կամուրջներ» նախագիծը վաղուց  փոխակերպվել է մշակութային և բարեկամական հարաբերությունների: Դրա վառ ապացույցն էր մեր քառօրյա  այցելությունը Վրաստան: Ծրագիրը չափազանց հագեցած էր՝ Թբիլիսիի ճանապարհին եղանք Վարձիայում և Ռաբաթում, անցանք Բորժոմիով և երեկոյան ուշ հասանք Թբիլիսի: Ասել, որ մեզ լավ ընդունեցին, նշանակում է չասել ոչինչ. հիանալի ընդունելություն, հարազատ դեմքեր, արդեն հարազատ դարձած քաղաք: Կիրակին զբոսանքի, քաղաքային թափառումների օր էր: Մինչ ուշ երեկո քայլեցինք Թբիլիսիով, եղանք քաղաքի գրեթե բոլոր տեսարժան վայրերում, պարեցինք և երգեցինք մեր հայրենակիցների հետ՝ Սբ. Գևորգ եկեղեցուն կից գտնվող Հայորդաց տանը, ինչպես նաև Սայաթ-Նովայի շիրիմին: Երկուշաբթի մեզ էին սպասում Գլդանի երկու դպրոցներ, որոնց ընդունելությունից չափազանց հուզված էինք. մեզ սպասում էին դպրոցի բակում երգ ու պարով, ծաղկեփնջերով: Վրաց մեր գործընկերները չափազանց հետաքրքրված են մեր ստուգատեսներով, և քանի որ այս դպրոցներից մեկը նոր է միացել «Հանրակրթական կամուրջներ» նախագծին, ապա նրանց մանրամասն ներկայացվեցին Էկոտուր-2016-ը, մայիսյան բաց հավաքը, ամառային ստուգատեսները: Նույն օրն այցելեցինք նաև Ջվարի վանք և Մցխեթ, զբոսնեցինք քաղաքով: 

P.S. Քառօրյա այս հիանալի նվերը դեռ շարունակում եմ վայելել. արդեն քանի ժամ է տանն եմ, սակայն մտքերով դեռ իմ ընկերների հետ եմ, դեռ շարունակում եմ զբոսնել Թբիլիսիով, Մցխեթի սալապատ նեղ փողոցներով, դեռ ըմբոշխնում եմ այդ  ընկերական մթնոլորտը, որը տիրեց այս չորս օրերի ընթացքում: Ինչպես նկատեց մեր իմաստուն Նունե Մովսիսյանը, տասներեք հոգիանոց այս խումբը մի ժամ անգամ չբաժանվեց իրարից՝ ամբողջ այս ընթացքում եղել ենք միասին, միախմբված և միայն հաճելի պահեր ենք վայելել: Իմ և իմ ընկերների անունից ևս մեկ անգամ շնորհաալություն եմ հայտնում բոլոր նրանց, որ աջակցեցին մեր տոնական օրերը պայծառացնելուն: Սիրով և նոր այցելությունների ակնկալիքով...