• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գիտե՞ք

Անցնող օրերի ընթացքում փորձում էի մարսել Արցախը` նախորդողը և հաջորդողը: Մի տեսակ, ստացվեց, թե չէ՝ ինձ չէ, որ տրված է որոշել: Ամեն դեպքում:

Ճանապարհը, որը տանում է Արցախ, հայաստանյան ճանապարհներից ինձ համար ամենասիրելին է: Չգիտեմ ինչու է այդպես դասավորվել: Երևի թե նրանից է, որ Արցախում ինձ ազատ եմ զգում: Մի տեսակ ճախրում եմ։ Վերջերս երկու քթանցքով չեմ կարողանում շնչեմ, բայց Արցախում թվում էր, թե երեքով եմ շնչում (ուրիշ բան չհասկանալ` քիթ և քթանցքեր): Հայաստանյան ճանապարհը դարձել է շաբլոն: Խոր Վիրապ՝ դասական քրիստոնեական տեռոր (ավելի ուշ մեր տեսադասերում կանդրադառնանք). մինչ այժմ հեթանոսներն ու քրիստոնյաները վիճում են տաճարի արևելյան անկյան շեղման շուրջ, իսկ շրջակայքի չարչիները` Փոքր Վեդի գյուղի բնակիչները, փոխանակ հող մշակեն, ավելի անտանելի են դարձնում այդ տարածքը: Նույնը կարելի է ասել Արենիի նշանավոր քարանձավի մասին: Աշխարհը միլիոններ է ստեղծում՝ կենդանի պեղումներով տուրիզմ զարգացնելով, իսկ այս քարանձավի մուտքի դարպասների բանալիները տվել են ինչ-որ մի Արմենակի, որին տեսնելուց հետո օտարերկյա զբոսաշրջիկը երբեք իր ընկերոջը խորհուրդ չի տա այցելել Հայաստան: Հայաստանյան ճանապարհի միակ հետաքրքությունը թերևս Արենու գինու գործարանն էր, որտեղ խաղող ճզմելուց զատ կարելի էր նաև փորձել արդեն պատրաստի արդյունքը: Զորաց քարերի մասին էլ շատ եմ պատմել` ուստի չծանրանանք:

Այլ է Արցախը։ Բայց գնալով սնանկ է դառնում արցախցին (ցավով եմ փաստում): Էն ջհանդամ, որ բարձրակարգ համարվող հյուրանոցում սուրճի համար փող են ուզում, էն էլ հեչ, որ օրը ցերեկով 3 ադրբեջանցի, ուկրաինական անձնագրերով թրև են գալիս Վանք գյուղի փողոցներով ու մանրավաճառությամբ զբաղվում: Արցախցին խորացել է շարքային թալանի մեջ, արցախցին սկսել է կեղծել իր իսկ հերոսական պատմությունը, որ բնավ դրա կարիքը չունի: Վատ է, երիցս վատ: Արցախում սոցիալական վիճակն առավել ծանր է, քան Հայաստանում: Ընդվզման բացակայությունը պատճառաբանվում է պատերազմական վիճակով, բայց իրական հեղափոխությունների հիմքում հենց պատերազմն է ընկած: Կամ զարմանալի է, թե ինչպես է արցախցին մինչև հիմա հավատում բոլշևիկյան ստին, խոսում ռուսերեն ու պաշտում ռուսաց այսօրվա ցարին, էս էլ հեչ, մի գեղատեսիլ վայր «Զոնտիկներ» է կոչում, ու հայերեն հիմնավորում փորձում տալ, է, Տնջրի ծառն էլ կոչեիք Դուբովկա, Գանձասարը` Սոկռովիշչագոռյա: Մի քիչ քաղաքականացնում ենք, բայց ոչինչ: Վերջին օրերի ազդեցությունն է: Սրա բացատրությունը պարզ է` Ստեփանակերտի հրապարակում ամբողջ քաղաքի վրա իշխում է բոլշևիկ Ստեփան Շահումյանի արձանը, իսկ տատիկ-պապիկը մինչ օրս չունեն հիմնավորված բացատրություն: Սրան զուգահեռ մեծանում է մի հրաշագեղ սերունդ, որին չպետք է թողնել, որ մխրճվի պատերազմի կեղտոտ կեղծիքի մեջ: Ասվածի վառ ապացույցն են Նարեկացի արվեստի միության հեղինակային երգի դասարանի կատարող-սովորողները, իրենց ղեկավար` տիկին Ջուլիետայի ղեկավարությամբ: Հուսամ՝ շատ շուտով նրանց կտեսնենք կրթահամալիրում:

Քիչ մնաց մոռանայի կեղծիքի մասին: Գնում ենք դեպի զոնտիկներ կոչվող վայր, իսկ ավելի կոնկրետ` Հունոտի կիրճ: Այլ զգացողություն է, երբ այն տեսնում ես վերևից` Շուշիի հատվածից: Այդ պարագայում մի այլ միտք է քեզ պատում: Մտածում ես, թե ինչու Վինչին ժամանակին չարեց իր թռչող սարքի գյուտը: Չէ՞ որ եթե աներ 4 դար շուտ, ապա այնքան կզարգանայինք, որ հիմա կկարողանայինք ճախրել ոչ միայն մեր մտքերով, այլ նաև Հունոտի կիրճով: Ինչևե, ասեմ ինչ եղավ այդ ճանապարհին: Կա մի գյուղ, անունը` Մխիթարաշեն: Երբ փորձեցինք ճշտել, թե ինչու Մխիթարաշեն, մեզ ուղեկցող արցախցի պատմաբանը բացատրեց, որ մերձակա տարածքում Մխիթար սպարապետը 1724 թվականին ջախջախել է թուրքերին: Ճանապարհին շատ աբսուրդներ էի հանդուրժել. այս մեկը չկարողացա: Փոքր խմբով արագ քայլեցինք կիրճով, վերադարձանք գյուղ և սկսեցինք հետաքրքվել անվան ծագմամբ: Պարզվեց, որ գյուղը խորհրդային կոլխոզի ժամանակներից մինչ օրս ղեկավարում է Մխիթարը, որի անունով էլ կոչվում է Մխիթարաշեն, սա շատ ավելի տրամաբանական է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Արցախում մինչ օրս կա Կոլխոզաշեն անունով գյուղ: Իսկ ինչո՞ւ եմ ես պատմում: Պատմում եմ, որովհետև մեր սովորողները դառնում են «դառմայեդ» (փոքր ժամանակ, Կումայրիում, կարծում էի, որ սա ծանր հայհոյանք է, սակայն պարզեցի, որ այն ընդամենը նշանակում է ձրիակեր): Մի քիչ շատ ենք սփռել` չպահանջելով ոչինչ: Շարունակությունն հաջորդիվ: