• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Փավստոս Բուզանդն ու Հայաստանի այս օրը

Պատմությունը անցյալականություն չէ: Առաջին հայացքից տարօրինակ թվացող այս ձևակերպումը հաջորդ վայրկյանին դառնում է ավելի քան հասկանալի և արդիական: Պատմությունը և ընդհանրապես գրեթե բոլոր հասարակական գիտությունները միտված են ներկան ընկալելուն: Բացառություններ այստեղ չկան, ուստի էական չէ արդյոք գրական կամ պատմական տեքստը գրվել է հինգերորդ դարում թե քսանմեկերորդ:

Հայաստանի բոլոր քաղաքացիները, որոնց թվում և մեր ուսուցիչներն ու սովորողները համացանցում, հեռուստատեսությունում, փողոցում կամ սրճարանում լսում են, տեսնում են, ոմանք քննարկում են մեր երկրում և քաղաքում կատարվող իրադարձությունները: Իհարկե, այս օրերին հատուկ ուշադրության է արժանանում նոր Սահմանադրության շուրջ կատարվող զարգացումները: Երկրի գլխավոր օրենքը ուղղակի կամ անուղղակի, կամա թե ակամա առնչվում է ՀՀ բոլոր քաղաքացիներին անխտիր: Սակայն կուզենայի խոսել ոչ թե երեկ կամ այսօր տեղի ունեցող անցուդարձերի, այլ դարերի խպորքից մեզ հասած հայ գրականության ու պատմագիտության լավագույն նմուշներից մեկի մասին: Շատերս գուցե մի պահ զարմանանք, թե ինչ կապ կարող է ունենալ հինգերորդ դարի հայ պատմիչը Սահմանադրության հետ: Սակայն այդ կապը կա, քանի որ ինչպես ասվեց պատմությունը անցյալականություն չէ: Փավստոս Բուզանդն իր երկում ներկայացնում Հայաստանի համար հերթական դժվարին ժամանակաշրջանը երբ կրկին անգամ ներքին ու արտաքին թշնամիների ազդեցությամբ երկիրը կանգնած էր կործանման եզրին: Բուզանդը ինչպես մեր մյուս պատմիչները երկրի կործանումը տեսնում էր պետականության ու անկախության կորստի մեջ: Պատմագիտական երկը ողողված է դավաճանության ու հերոսության օրինակներով: Արդյոք շատ բան է փոխվել վերջին հազար հինգ հարյուր տարվա ընթացքում: Մենք ամեն քայլափոխի լսում ենք դեպի այս կամ այն կողմ իրենց հայացքն ուղղած պետական գործիչների բանավեճերը, մեղադրանքները, Հայաստանի փրկության անթիվ անհամար ծրագրերը: Եթե մենք վերցնենք պատմիչի գործը, փոխ ենք մի շարք անուններ և սկսենք նորովի ընթերցել, ապա մեզ կթվա, որ Բուզանդը ապրում է մեր ժամանակում, մասնակցում է հանրահավաքների, հետևում Ազգային ժողովի աշխատանքներին, լսում է մեր պատգամավորներին և ապա գրում իր պատմությունը 21-րդ դարի Հայաստանի մասին:

Իհարկե, կարող է նաև հարց առաջանալ, թե ինչն է փոխվում դրանից, սակայն այդ հարցի պատասխանը շատ պարզ էՙ` հիվանդին բուժելու համար բժիշկը նախևառաջ պարզում է հիվանդության պատճառը, ժամանակը զարգացումը, ապա նոր անցնում բժշկելուն: Մեր դեպքում հիվանդը մեր երկիրն է, իսկ բժիշկը մենք բոլորս ենք՝ դասավանդողները, սովորողները, տնօրենները, բանվորները, վարորդները և այլն ու որպեսզի հասկանանք մեր երկրի հիվանդության պատճառը, պետք է հասկանանք նրա պատմությունն ու պատմագիրներին: Ուստի թերթենք Փավստոս Բուզանդին`մեր կառավարությանը, մեր Ազգային ժողովին ու մեր քաղաքացուն ավելի լավ հասկանալու ու բուժելու համար: