• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ողջու՛յն, տեր Եփրեմ

Չգիտեմ ինչու, բայց որոշեցի ուշացումով գրել մեր վերջին ճամփորդության մասին: Անքնությունն է պատճառը, կամ մեկ այլ պատճառ կա, թե չկա, դժվարանում եմ ասել, բայց ամեն դեպքում փորձեմ: Ճամփորդությունը բարի էր ու լի դրական էմոցիաներով: Լիցքավորվեցի մի տեսակ: Վաղուց չէի ունեցել նման ճամփորդություն: Դեռ ավտոբուս նստելիս, երբ նայեցի մասնակիցների կազմին, միանգամից հասկացա, որ զայրույթի կաթիլ անգամ չեմ ունենալու օրվա ընթացքում, չնայած տեր Եփրեմը որոշակի չափաբաժին տվեց, բայց այդ մասին հետո:

Մեր ճամփեն հարթ էր ու ուրախ: Էմանուելի թովիչ երգը և իմ ձայնի խռպոտ ելևեջնէրի համակցումը յուրօրինակ հմայք էին հաղորդում: Ինչպես և պայմանավորվել էինք, գլխավոր ճակատում լինելու էր Աիդան: Այդպես էլ եղավ: Աիդուլը (այդպես իմ ես անվանում իմ սիրելի քույրիկին) նախապատրաստվել էր լավագույնս: Աղցքում նա իր տարերքի մեջ էր: Պատկերացնում էր թե ինչպես է խնամում կուրացած Տիրանին, որտեղ կարող են լինել Տրդատի ոսկորները, մտովի նախատում էր Խոսրովին՝ Դատաբենին շատ տիրույթներ տալու համար: Մի խոսքով՝ ապրում էր վայրկյանով և դա փոխանցվում էր մյուսներին: Նույնն էր նաև Հովհաննավանքում: Մենք բոլորս կլանված լսում էինք Աիդուլին, այդ թվում՝ և տարբեր աստիճանի ու տարբեր հասակի, տարաբնույթ եկեղեցական տարազով դպիրներ ու գրագիրներ, երեցներ ու չգիտեմ... այդ աստիճանակարգությունից այնքան էլ գլուխ չեմ հանում: Երբ նա վերջացրեց, սովորողները խմբովի կատարեցին Հայրապետական օրհներգը: Ու այդ պահին, թվում էր՝ վերոնշյալ դասի այդ դրվագի ավագը պետք է որ մոտենա և շնորհակալություն հայտնի: Բայց... ի հեճուկս բոլորի, կատարվեց կորագծով հակառակը: Կապուտաչյա մի այր «իմաստուն», որին այդ կողմերում տեր Եփրեմ կկոչէին, որ բնավ կապ չունի Եփրեմ Ասորու հետ, և որը ժամանակին, սեր քարոզելով պատիվ ունեցած է Տեր կանգնելու նույն գյուղի բնակչուհի Սուսաննա Գաբրիելիանի հողակտորին, խրոխտ հարցմունք արեց. «Դու ե՞ս խմբի ղեկավարը»: Նվաստս շառագունած մոտեցավ մարդ Աստծոն, որպեսզի վերջինս իր բարեգութ սրտից մի կաթիլ Սէր ողորմա և ողողի տկարիս Հոգին միայն իրեն հասու լույսով Երկնային, բայց ավա՜ղ... Բնավ Սէր չէին ժայթքում այդ կողմերում տեր Եփրեմ կոչվող Հոր կապույտ աչերից: Խրոխտ ցասումն էր պատել անվրդով հոգին: Նզովք էին տենչում շուրթերը նորա: Դրվագի մեջ վեհ էր նա: Անհագ զայրույթին կնախանձեին հին Աստվածները բոլոր: Իսկ ցասում մենք էինք հարուցել, որ չեինք ներկայացել և գերապատիվ Տիրոջից երգելու կամ եկեղեցու մասին պատմությունից դրվագներ հիշելու թույտվություն չէինք ստացել: Բայց ինչքան ես գիտեմ, եկեղեցականները հորական տնից օժիտ չեն ստանում: Ավելին, Պապի բարեփոխումներից հետո, նրանց անձնապես չեն պատկանում նաև եկեղեցական և եկեղեցապատկան շինությունները: Մի խոսքով, ի մի բերելով իմ մեջ մնացած բարեկրթության վերջին նշյուլները, մի կերպ ստիպեցի աստվածընտրյալի հետ նախ Դուքով խոսել: Հետո փորձեցի ինչ-որ բան բացատրել: Բայց... Լավ չծանրանանք, այս երգը նվիրում եմ նրան ու կատարում մի համեստ հարցում. «Նա էլ է եկեղեցուն ծառայում, դու Է՞լ»:

Շարունակեցինք դեպի Կոշ: Ուխտի օրն էր: Նաև գյուղի տոնը: Ինչպես և լինում էր միջնադարում, տոն օրերին, տոնական վայրերում ձևավորվում էին տոնավաճառներ, որտեղ վաճառվում էին հիմնականում գյուղմթերքներ և տոնական բարիքներ, բայց ոչ երբեք Լենինականի Տեքստիլ գործարանի բիազ, չթից խալաթ, խորհրդային ժառանգության խաղալիքներ, նորից նույն Լենինականի, բայց այս անգամ Տրիկոտաժի Սամվելի արտադրամասի էլաստիկ կարով զուգագուլպաներ և այլն: Բայց գլխավոր բիզնեսն իհարկե ծավալվում էր մոմի շուրջ: Եվ յուրաքանչյուր մոտեցող, խորհրդավոր և խիստ ինտիմ տոնով շշնջում էր, որ սուրբ մոմ է, էջմիածնում է «Օրշնված»: Մի խոսքով, հասանք նպատակակետին՝ Կոշի ամրոց: Տեղավորվեցինք հին դիտակետի լուռ մնացորդ վկայարաններին ու սկսեցինք: Առաջին թեման վերաբերվում էր Արշակունիներին: Դասը վարում էր Աիդան՝ օգնում էին Հայկը և Իզան: Հա, քիչ մնաց մոռանայի: Կոշի ամրոցը բարձրանալիս ամբոխից առանձնացան և մեր խմբին սկսեցին հետևել մի խումբ պարմանիներ և նորաթուխ երիտասարդներ: Այդ միջավայրին լավ ծանոթ լինելով, ինձ համար հասկանալի էր նրանց «քաղքի աղջկա» ընկալումների ողջ զգայական դաշտը: Ուստի, ինքս իմ մեջ ժպտում էի բարի ժպիտով: Երբ հասանք տեղ, երեխաները փոքր-ինչ նեղվեցին նրանց աղմուկից, բայց չխառնվեցի. հաստատպես համոզված էր, որ երբ սկսենք դասը, գալու են միանան: Այդ իսկ պատճառով, երբ Սյուզին հարցնում էր, թե ինչ դնի տեսանյութի անունը, ասեցի որ դնի. «Երբ կրթությունը լռեցնում է»: Ու չսխալվեցի: Նրանք միացան: Երկրորդ դասն արդեն վերաբերվում էր ոչ ֆորմալ կրթության  «Սոցիալ-մշակութային մարդաբանություն» դասընթացին: Խոսեցինք կրոնի և գաղափարախոսության մասին: Առավել ակտիվ էին Հայկը, Հովհաննեսը: Ընդհանրապես թեման խիստ զգայական էր, ուստի երբեմն-երբեմն միմյանց չէինք լսում: Բայց ստացվեց: Ցրտի պատճառով ինտելեկտուալ խաղը չանցկացրեցինք, իսկ իմ գովական Լիլիթի պատճառով ես հարբուխի զոհ դարձա, որի ճիրաններում այրվում եմ մինչ պահս: Մնացածի մասին սովորողները պատմել են: Պարզապես հավելեմ, որ ցուրտը և վատ հիշողությունները ի չիք դարձան, երբ վերադարձին տեսա սովորողների միայն գոհունակություն արտահայտող դեմքերը:

Հ. Գ.

Հաջորդ արտագնա դասը կկազմակերպվի որևէ գյուղում, ավանդական օջախի շուրջ, որն հարակից կլինի մարագին: Թեման՝ «Օջախ. ընկալումներ և գործառույթներ: Ավանդույթից մոդեռնիզմ»: