• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պետք է տարածել մեր նորարարական փորձը

Մայքրոսոֆթի "Գործընկերներ ուսման ցանցում" կայքը նորարար, ստեղծարար ու անընդհատ սովորող ուսուցչի համար անսպառ աղբյուր է: Այստեղ կարելի է ծանոթանալ աշխարհի տարբեր երկրների նորարար ուսուցիչների, դպրոցների տնօրենների, կրթության բնագավառի այլ աշխատողների առաջավոր փորձին ու տարածել սեփական փորձը:

Մեր դասավանդողների բլոգները և հատկապես Դպիրը լի են մեր մանկավարժական մոտեցումներով ու մեթոդական մշակումներով: Ցավալին այն է, որ շատ հաճախ կրթահամալիրի դասավանդողների գրած հոդվածները քիչ ընթերցողներ ունեն: Մեր կայքում երբեմն մի աննշան բան, օրինակ, բնության պատկերների ֆոտոշարք այնքան շատ կարծիքներ է ունենում, որ կարծես, թվային ֆոտոխցիկն ու նույնիսկ պատկերված բնությունը այդ ֆոտոշարքի հեղինակն է ստեղծել:Իսկ մյուս կողմից, Դպիրի հարյուրավոր հոդվածներ, որոնք մեր ստեղծածն են, մեր ամենօրյա չարչարանքի պտուղներն են, անարձագանք են մնում: Երևի դրա պատճառներից մեկն այն է, որ մեր կրթահամալիրային գործընկերոջ գործելակերպի, կիրառած մեթոդների մասին ամեն ինչ գիտենք: Այնքան շատ ենք միասնական սեմինարներ, փորձի փոխանակումներ անում: Այս գերծանոթ փակ շղթայից դուրս գալու (գոնե վիրտուալ ձևով) ժամանակը եկել է: Կարող եք պատկերացնել, որ ես մինչև հիմա աշխարհի տարբեր երկրների դասավանդողներից կարծիքներ եմ ստանում Բլոգաֆոնյան մրցույթի ժամանակ մարտ ամսին իմ գրած հոդվածների վերաբերյալ: Իմ մի հոդված` "Իդեալական դասագիրքը", նույնիսկ քննարկել են Խորվաթիայի ուսուցիչների վերապատրաստման դասընթացի ընթացքում:  Մեր կրթահամալիրը Հայաստանում դեռ արժանվույն չի գնահատվել:Դրա համար պետք է մեր փորձը տարածենք ամբողջ աշխարհում, ինչպես այսօր նշեց տիար Բլեյանը ակումբների խորհրդի նիստում: Հնարավորությունն էլ ընձեռված է: Տասնյակ հազարավոր ընթերցողներն էլ սպասում են մեր նյութերին: Այսօր օտար լեզու դասավանդողների սեմինարում սկսել ենք այդ աշխատանքը: Սեմինարի ընթացքում ավագ դպրոցի մի քանի դասավանդողների ներկայացրեցի, թե ինչպես կարելի է նյութ տեղադրել Մայքրոսոֆթի կայքում: Նյութ տեղադրելու համար մի շարք հարցերի պետք է պատասխանել: Դրանցից ամենադժվարը մեթոդական հոդվածը լուսաբանող լուսանկարների և տեսադասերի պահանջն է: Միայն լավ շարադրելը դեռ քիչ է: Հոդվածը պետք է հիմնավորել նաև մեդիայով: Ահա այստեղ է, որ մենք բացթողում ունենք: Ես հերթով նայել եմ մեր առաջին էջի և ենթակայքերի հազարավոր նկարներ և տեսանյութեր: Գրեթե բացակայում են դասապրոցեսը լուսաբանող նկարներ և տեսադասեր: Պարզվում է, որ դրանք մեթոդական հոդվածների վավերականությունն ապահովող կարևոր գործոններ են: Բոլորովին էլ պարտադիր չեն TV mskh-ի արհեստավարժ նկարահանումները: Տեսադասին ներկայացվող պահանջների մեջ գրված է, որ նկարահանումը չպետք է լինի արհեստավարժ: Դա կարող է լինել նաև հեռախոսով կամ փոքրիկ տեսախցիկով: Ամեն ինչ պետք է բնական լինի` թեկուզև սովորողների անխուսափելի սխալներով: Կարևորն այն է, որ մեթոդը երևա: