• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սարերն այստեղ երջանիկ են…

Ոմանք կցանկանան Թուրքիայի այս հատվածը կոչել Արևելյան Անատոլիա, ոմանք՝ Արևմտյան Հայաստան, բայց այնուամենայնիվ էությունը չի փոխվում: Սահմանն անցնելուց հետո հայտնվեցինք մեկ այլ տիրույթում: Ինձ համար դա նույնքան հարազատ էր և նույնքան անծանոթ: Ճանապարհին տեսնում էի սարերը, ծառերը և ակամայից ինքս ինձ հարց տվեցի. «Այստեղ կա՞ն ծառեր, որոնք ականատես են եղել…»: Հետո սկսեցի ավելի ուշադիր նայել սարերին ու բլուրներին, և աչքիս առաջ սկսեցին հայտնվել տարբեր պատկերներ. տանջահար մարդիկ, ձիավորներ,սայլեր, փախչող գյուղացիներ, սոված երեխաներ, հացի կտորներ: Ամեն ինչ հուշում էր սարսափի ներկայության մասին, բայց մի պահ պատկերները դադարեցին և մտքումս ասեցի. «Իհարկե սարերն ու բլուրները…բայց ի՜նչ գեղեցիկեն…»:  Նայում էի գույնզգույն սարերին ու հասկանում՝ գուցե նրանք էլ են տխրել, բայց այժմ երջանիկ են, այո՛. երջանիկ: Անցյալն արդեն անցյալ է, իսկ կյանքը շարունակվում է:

Նրանք հեքիաթի սարերից էին. մանուշակագույն, վարդագույն, նարնջագույն, կանաչ, ոսկեգույն: Եվ հեքիաթը պետք չէ փչացնել տալով կենսաբանական կամ քիմիական բացատրություններ, քանզի հեքիաթը շարունակվում է: Սարերն իսկապես պատված են կախարդական փոշով, իսկ տեղ-տեղ արևածաղիկների դաշտերը, չորացած տարածքները, հպարտ ծառերը, մանուշակագույն ու սպիտակ ծաղիկներ հուշում են, որ սա կործանված հեքիաթային աշխարհ է: Եվ կախարդական բանալին գտնվում է հենց իրենց սրտի մոտ: Այլ բառերով ասած` տեղի ժողովուրդն է նրա վերականգնման բանալին: Երբ Հայաստանում  հարց է բարձացվում Արևմտյան Հայաստանի մասին, ինձ թվում է շատերը չեն հասկանում, որ այս տարածքը հսկայական է, բայց ինչպես նշել եմ՝ կործանված: Փոքրիկ Հայաստանում՝  կենտրոնական սրտից՝ Երևանից, տանող ճանապարհների մեծ մասն ամայի են, էլ ինչպես կարող է  Հայաստանում գոյություն ունեցող թույլ  կախարդական փոշին լցնել  այնտեղ, որտեղ ժամանակ է անհրաժեշտ, ապագայի վառ հեռանկարներով «փերիներ»:  Սարերն արդեն համակերպվել են, հարգանքով ժպտում են ու լուռ խաղում իրար հետ: Կանաչը, որ տեղ ու տեղ վերածվում է ոսկեգույ, չորացած զանգվածի, նրանց ուրախություն է պատճառում: Նրանք հասկացել են, որ վաղ թե ուշ ամեն ինչ այլ է լինելու, իսկ հիմա ինչու իրենց գունավոր երեսը փակեն ու տխուր բառեր շշնջան, երբ տխրությունն անցողիկ է: Սարերը հպարտ են, որ հայ են, բայց չեն էլ հակադրվում, որ նրանց կոչում են թուրք կամ քուրդ: Էլ ինչո՞ւ ենք ուզում փչացնել նրանց անդորրը, ոչնչացենլ կախարդական դարպասի դռները, երբ մեզ էլ են անհրաժեշտ «փերիներ»:

Խանզրատյան Իզաբելա,Ավագ դպրոց-վարժարան