• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նորարար ուսուցիչների ցանց. սեմինար, 3-րդ պարապմունք

Թեմա «Բովանդակության սպառողից` բովանդակության ստեղծող»

Ամերիկացի սեմինարավարն այս թեմային հատկացրել է ընդամենը 24 վայրկյան` տալով միայն հիմնական միտքը: Ցույց տալով իր ձեռքի նոթբուքը նա  ասում է, որ այս գործիքը հնարավորություն է տալիս սովորողին բովանդակության սպառողից դառնալ բովանդակության ստեղծող, ասել է թե` զբաղվել ստեղծարար աշխատանքով: Նա երևի նկատի ունի, որ իր հաջորդ պարապմունքներում կլուսաբանի, թե ինչպես է համակարգիչի օգնությամբ դասավանդողը կարողանում սովորողներին ներգրավել ստեղծարար աշխատանքի մեջ, բայց այնքան է արդիական այս հարցը ու մեծ է այնքան խոսելու, արտահայտվելու գայթակղությունը, որ չեմ կարող չկապել այն մեր այսօրվա իրողության հետ ու լռել, ինչպես մեր հարգարժան սեմինարավարն արեց:

Մեր կրթահամալիրում 2013-2014 ուսումնական տարին հայտարարված է նախագծային կրթության անցման տարի: Նախագծային կրթության հիմնական էությունն էլ հենց բովանդակության ստեղծումն է սովորողների կողմից: Բացի դրանից` կրթության կազմակերպման հիմնական շեշտը նախագծայինի վրա դնելով մենք ավելի ենք հեշտացնում կրթությունը կառուցողական, առաջադեմ մանկավարժական սկզբունքներով կազմակերպելու գործը: Կառուցողական կրթության սկզբունքներից մեկը երկխոսության մեջ մտնելն է. աովորող-սովորող, դասավանդող-սովորող, դասավանդող-դասավանդող: Սովորական ոչ նախագծային ուսումնական գործունեության կազմակերպման ժամանակ շատ հմուտ դասավանդողի և ուսումնատենչ սովորողի առանձնակի ջանքեր են պետք, որպեսզի կայանա ցանկալի երկխոսությունը տարբեր խմբային աշխատանքների, դերախաղերի, մտածածին իրավիճակների ստեղծման ժամանակ: Նախագծային աշխատանքներ իրականացնելու ընթացքում այդ երկխոսությունը բնական է ստացվում և հնարավոր չէ որևէ նախագիծ իրականացնել առանց երկխոսության, քանի որ ամեն ինչ արվում է աշխատանքային խմբերով:

Կառուցողական կրթության հիմնական սկզբունքներից է նաև իմաստի որոնումը: Նախագիծն էլ հենց նրանով է նախագիծ, որ կայանում է իմաստի որոնում. Սովորողներն իրենց կատարած նախագծով իմանում են այն ինչ նախկինում չեն իմացել, հետազոտական աշխատանքներով գալիս են այնպիսի եզրահանգման, որ ոչ մի աղբյուրում նշված չէ:

Առաջնային գաղափարներով աշխատելը նույնպես կառուցողական կրթության սկզբունքներից է, որը միշտ էլ առկա է նախագծային աշխատանքում: Յուրաքանչյուր նախագիծ սկսելուց առաջ աշխատանքային խումբը դասավանդողի ղեկավարությամբ որոնում և գտնում է նախագծի համար անհրաժեշտ նախնական տեղեկատվություն: Ամեն ինչ արվում է հայտնիից դեպի անհայտը սկզբունքով:

Սովորողի կարծիքը հաշվի առնելը  մի սկզբունք է, որը հնարավոր չէ անտեսել և նախագիծ իրականացնել:

Կառուցողական կրթության ամենակարևոր սկզբունքներից է իմացածի արժևորումը: Յուրաքանչյուր ուսումնական նախագիծ երկու նպատակ է հետապնդում` ուսումնական և գործնական: Եթե իր առարկան անսահման սիրող դասավանդողի համար ուսումնական նպատակը միշտ էլ առաջնայինն է, ապա սովորողի համար ավելի է արժևորվում  գործնական նպատակը տեսաֆիլմերի, ստեղծած էլեկտրոնային ուսումնական նյութերի, կարաոկեների և այլ հոգևոր ու նյութական արժեքների ձևով: Այլ կերպ ասած` սովորողն ավելի հակված է արժևորել իր ստեղծած բովանդակությունը, որը նախագծային աշխատանքի արդյունքն է:  

AttachmentSize
File w8ic-module_3-creativity.pptx2.08 MB